«ՀՀ-ում 2022 թ-ին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ, սա ռեկորդային ցուցանիշ է»,-այս մասին վերջերս ԱԺ-ում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հիշեցնելով, որ կառավարությունը պարտավորվել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել մինչև 25%-ի։
Վարչապետ Փաշինյանն էլ տնտեսության ակտիվացման հնարավորություններին անդրադառնալուց՝ պարբերաբար խոսել է մեր երկրում ներդրողների համար բարենպաստ պայմանների ապահովման անհրաժեշտության մասին։
Ի՞նչ քայլեր են արվում պետական մակարդակով դեպի ՀՀ ներդրումներ գրավելու համար, ի՞նչ են ասում ցուցանիշները, ի՞նչ գործիքներ են կիրառվում ներդրողների մեր երկիր բերելու ուղղությամբ և արդյո՞ք գործարկվող մեխանիզմները բավարար են թիրախային նպատակներին հասնելու և ներդրումային ոլորտը ՀՀ-ում ակնկալվածի չափ աշխուժացնելու համար, Zarkerak.am-ը նշված հարցերի շուրջ զրուցել է մասնագետների հետ։
Ներդրումային ցուցանիշներ՝ արձանագրվածի և ակնկալվողի միջակայքում․ մեկնաբանում է տնտեսագետը
«1 տրլն 688 մլրդ դրամ․ ցուցանիշն, իրոք, ռեկորդային է՝ ինչպես տարվա ընթացքում արձանագրված ՀՆԱ ծավալի ցուցանիշը։ Խոսքը այստեղ ՀՆԱ ծախսային բաղադրիչ «Համախառն կուտակում» ցուցանիշի մասին է, որը նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 7.1%-ով։ Սակայն, խնդիրն այն է, որ տնտեսական աճը եղել է 12․6%, հետևաբար՝ ներդրումների կշիռը ՀՆԱ-ում նվազել է՝ կազմելով 19.4%, ինչը, իրականում, մեր ամբիցիաների և թիրախների համեմատ ցածր է։ Արագ զարգացման ամբիցիա ունեցող երկրները 30-40% ցուցանիշ պետք է ունենան»,- մեզ հետ զրույցում ասում է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյան
Մասնագետին խնդրում ենք բացատրել՝ 2022 թ-ին ներդրումների արձանագրված ցուցանիշը ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման արդյու՞նք է, թե՞ կան այլ նպաստող գործոններ ևս նման․ «Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա մեր եզրակացությունը կախված կլինի նրանից, թե ինչպես ենք դա սահմանում։ Եթե ներդրումային միջավայր ասելով հասկանանք տնտեսական ենթակառուցվածքները, ինստիտուտները, պետական կարգավորման շրջանակը և ներդրումների համար կարևոր՝ նման այլ ֆունդամենտալ գործոնները, ապա հազիվ թե միայն այս գործոնները ներդրումների նման ցուցանիշներ ապահովեն։ Տարածաշրջանը անկայուն է, ունենք անվտանգային լուրջ մարտահրավերներ, իսկ ինստիտուցիոնալ և կարգավորման շրջանակում մեկ տարում էական տեղաշարժեր ունենալ հնարավոր չէ։ Բայց մյուս կողմից, մեր տնտեսությունում միջավայրը տեսանելիորեն փոխվել է, սակայն ոչ թե մեր գործողությունների,այլ գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արդյունքում։ Ընդամենը մեկ տարում երկրում ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թիվն ավելացել է շուրջ 10 հզ․ մարդով, կամ 43%-ով, ինչը բավականին լուրջ տեղաշարժ է»,-տնտեսագետը, սակայն, ընդգծում է, որքան էլ արտաքին գործոնները դերակատարում ունենան, պետության կողմից այս ոլորտում պետք են հստակ գործողություններ՝ ունեցած իրավիճակը կայուն պահելու համար։
Նարեկ Կարապետյանին հարցնում ենք նաև, թե մասնագիտական դիտարկմամբ՝ ՀՀ-ում ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելու համար ի՞նչ պետք է արվի, ի՞նչ բացեր կան այս առումով․ «Այս առումով բավականին ամբողջական պատկեր են տալիս ՀՀ-ի բիզնես միջավայրը գնահատող զեկույցները, ինչպես օրինակ՝ Համաշխարհային մրցունակության զեկույցը և Համաշխարհային բանկի գործարարության հեշտության վերաբերյալ զեկույցը։ Սրանց ուշագրավությունն այն է, որ մեր բիզնես միջավայրը գնահատվում է միջազգային համեմատության մեջ, ինչն էլ հենց կարևոր է օտարերկրյա ներդրումների տեսակետից։ Մեր որոշ առանցքային խնդիրներ, ըստ այս զեկույցների, մեր ենթակառուցվածքներն են, այդ թվում՝ ծովային ելքի բացակայության պայմաններում թույլ ճանապարհային ենթակառուցվածքները, ֆինանսական համակարգի արժեթղթերի շուկայի հատվածի թերզարգացվածությունը, անվճարունակության կարգավորման իրավական շրջանակը և գլոբալ առումով՝ ինստիտուտները»։
Կարապետյանի կարծիքով՝ հենց նման զեկույցներն են, որ վեր են հանում, թե ինչ ուղղությունների բարելավմամբ պետք է շահագրգռված լինի պետությունը․ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերջնական ավարտում ու շահագործում, կապիտալի շուկայի զարգացման ռազմավարության իրագործում և իրավական համակարգի բարեփոխումներ․ հենց այս ուղղություններով արդյունավետ աշխատանքը, այսինքն՝ կառուցվածքային բարեփոխումներն են, որ վճռորոշ են երկարաժամկետում ներդրումային միջավայրի բարելավման և գլոբալ ու տարածաշրջանային միտումներից ավելի քիչ զգայուն ու խոցելի լինելու համար»,- ընդգծում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։
Կանչել ներդրողին Հայաստան․ ինչպե՞ս
ՀՀ ներդրումային քաղաքականության թիրախներին և ներդրումներ գրավելու գործիքներին ծանոթանալու համար Zarkerak.am-ը դիմել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ՝ «Էնթերփրայզ Արմենիա», որն էլ կառավարության կողմից ստեղծված կառույց է, որը մեկ պատուհան սկզբունքով համալիր աջակցություն է տրամադրում օտարերկրյա և տեղացի ներդրողներին՝ ՀՀ ներդրումային ծրագրերի իրականացման ողջ գործընթացում:
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Ալինա Եղիազարյանը նախ թվարկում է կենտրոնի կողմից ներդրողներին տրամադրվող ծառայությունների շրջանակը․ «Այն ներառում է ՀՀ ներդրումային միջավայրի և գործարար հնարավորությունների, պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, աջակցություն պետական մարմինների հետ աշխատանքներում ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների, անշարժ գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման ապահովում»:
Ալինա Եղիազարյան
Եղիազարյանի խոսքով՝ հանդիսանալով ներդրումների խթանման ազգային մարմին՝ «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի առաքելությունն է դեպի Հայաստան նոր օտարերկրյա ներդրումների ներգրավումը և միջազգային հարթակներում Հայաստանի՝ որպես ներդրումներ համար բարենպաստ երկրի դիրքավորումն ու առաջմղումը․ «Անշուշտ, այս գործառույթը իրականացնելու համար անհրաժեշտ է հստակ գործիքակազմ և ենթակառուցվածքներ, ներկայացնեմ դրանցից մի քանիսը՝ դիվանագիտական կորպուսի հետ համագործակցություն, «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի արտերկրյա ներկայացուցիչների ցանց, ինստիտուցիոնալ համագործակցություն արտերկրյա գործարար միությունների և համանման կառույցների հետ, և, իհարկե, միջազգային հեղինակավոր գործարար միջոցառումներին Հայաստանը, որպես ներդրումներ համար գրավիչ երկիր ներկայացնելը»:
Եղիազարյանի դիտարկմամբ՝ օտարերկրյա ներդրողներին գրավելու համար հիմնադրամը կարևորում է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ պատշաճ և արդի տեղեկատվության տրամադրումը գործարարներին․ «Այդ նպատակով, ՀՀ ԱԳՆ միջոցով դիվանագիտական կորպուսին պարբերաբար փոխանցում ենք մեր կողմից պատրաստված Հայաստանի ներդրումային դաշտը առաջմղելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկատվական նյութերն ու տեսահոլովակները, նման տեղեկատվություն փոխանցվում է նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին/ դեսպանատներին: Այս տարի արդեն նախատեսված է օտարերկրյա պետություններում իրականացնել 4-5 գործարար համաժողով, ևս 2-ն արդեն իրականացվել է»։
«Օտարերկրյա պետություններում պոտենցիալ ներդրողների շրջանում Հայաստանի ներդրումային գրավչության մասին իրազեկվածության բարձրացման համար կարևոր քայլ է նաև մեր ներկայացուցիչների ցանցի առկայությունն արտերկրում: Ներկա պահին ունենք 13 ներկայացուցիչ 9 երկրում,որոնք գործում են հասարակական հիմունքներով։Ընդ որում՝ ներկայացուցիչները տվյալ երկրում բարձր հեղինակություն և բարի համբավ ունեցող գործարարներ են»,-Եղիազարյանի խոսքով՝ ներկայացուցիչները կապող օղակ են հանդիսանում տվյալ երկրի գործարար համայնքի ներկայացուցիչների և կենտրոնի միջև։ Ներկայացուցիչներն արտերկրում զբաղվում են ՀՀ ներդրումային միջավայրը ներկայացնող տարբեր գործարար միջոցառումների կազմակերպմամբ, մեր երկրի ներդրումային միջավայրի շուրջ հետաքրքրության առաջացմամբ, նաև նախաձեռնում են գործարար պատվիրակությունների այցեր Հայաստան:
«Եվս մեկ կարևոր գործիքակազմ նշեմ, դա օտարերկրյա պետությունների գործընկեր կառույցների հետ ինստիտուցիոնալ համագործակցությունն է, ինչի շնորհիվ հասանելիություն ենք ունենում, ինչպես տվյալ կառույցների գործարարների շտեմարանին, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներին,որոնք անհրաժեշտ են տվյալ երկրում առանց հավելյալ ֆինանսական բեռի գործարար միջոցառումներ կազմակերպելու համար»,- մեր զրուցակցի խոսքով՝ ներկայումս կենտրոնը 17 երկրների 28 կառույցների հետ ունի կնքված հուշագրեր և գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ 2022 թ-ին իրականացվել է 4 գործարար միջոցառում։
Միջազգային հարթակներում Հայաստանի ներդրումային գրավչությունը առաջմղելու համար շատ կարևոր է միջազգային հեղինակավոր տնտեսական միջոցառումներին մասնակցությունը․ «Ունենք միջոցառումների մասնակցության տարբեր ձևաչափեր, օրինակ` ազգային տաղավարով մասնակցություն միջազգային հեղինակավոր տնտեսական համաժողովներին, անցյալ տարի օրինակ մասնակցել ենք Annual Investment Meeting 2022՝ «Ամենամյա ներդրումային համաժողով» ԱՄԷ-ում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով ՌԴ-ում: Այս տարի մասնակցել ենք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին, հայ-վրացական գործարար համաժողովին, հայ-ռուսական գործարար միջոցառմանը, մայիսին Երևանում կազմակերպելու ենք հայ-էմիրաթական գործարար համաժողովը, պարբերաբար ընդունում ենք օտարերկրյա գործարար պատվիրակություններ Հայաստանում»:
Annual Investment Meeting 2022
Ալինա Եղիազարյանի խոսքով՝ ներդրողների համար առանցքային նշանակություն ունի կենտրոնի կողմից տրամադրվող հետներդրումային սպասարկման և ներդրումային ծրագրերի ուղեկցման ծառայությունը․«Տվյալ գործառույթի շրջանակում, հետներդրումային սպասարկման աշխատակիցները պրոակտիվ կապ հաստատելով Հայաստանում օտարերկրյա կապիտալով գործող ընկերությունների հետ, բացահայտում և ամփոփում են առկա համակարգային խնդիրները, դրա հիման վրա համապատասխան գերատեսչություններին առաջարկներ ներկայացնում՝ գործարար միջավայրի բարելավման, պետական ընթացակարգերի պարզեցման նպատակով, որն էլ իր հերթին նպաստում է այդ ընկերությունների գործունեության ընդլայնմանը Հայաստանում: Արդյունքում, բարձրանում է ներդրողների գոհունակությունը, իսկ երջանիկ ներդրողը, վստահեցնում եմ Ձեզ, լավագույն գովազդն է դեպի Հայաստան նոր ներդրումներ ներգրավելու համար»:
Մեր զրուցակիցը ներդրումային միջավայրի զարգացման և գրավչության բարձրացման ուղղությամբ կենտրոնի գործողությունները թվային ցուցանիշներով է ներկայացնում․ «Նախորդ տարվա ընթացքում 600-ից ավելի գործարարների հետ ենք աշխատել: Հարյուրավոր ներդրումային նախաձեռնությունների շրջանակներում այս պահին ունենք 40-ից ավելի խոշոր ծրագրեր 2.4 միլիարդ ԱՄՆ դոլար ավելի ընդհանուր հայտարարված ծավալներով: Իսկ շուրջ 26 ծրագիր 350 մլն ԱՄՆ դոլար ծավալով արդեն իսկ մեկնարկել են։ Մեծ ակտիվություն և հետաքրքրություն ենք նկատում Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու մասով ԱՄՆ-ի, Եվրոպական մի շարք երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի և այլ երկրների գործարարների կողմից, աշխատում ենք նաև Ռուսաստանից հարյուրավոր ընկերությունների հետ, որոնք ընդլայնում են իրենց գործունեության աշխարհագրությունը դեպի Հայաստան»։
Օտարերկրյա ներդրողների՝ ՀՀ-ի հանդեպ հետաքրրվածության բարձրացման հարցում Եղիազարյանն ուշադրություն է հրավիրում մի քանի գործոնների, օրինակ ներդրումային դաշտը կարգավորող օրենսդրությանը, որն ապահովում է համահավասար պայմաններ բոլոր գործարարների համար․ «Այլ գործոններ ևս կան՝ բարձր որակավորում և արդյունավետություն ունեցող աշխատուժի առկայությունը, մրցունակ աշխատավարձերը, բաց և շարունակաբար բարելավվող հարկային դաշտը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից վարվող բազմավեկտոր առևտրատնտեսական հարաբերությունները, որոնց միջոցով Հայաստանը ապահովում է հեշտ հասանելիություն դեպի մեծ շուկաներ: Օտարերկրյա ներդրումների ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից վարվող նման «բաց դռների» քաղաքականության արդյունքում է նաև, որ դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրները շարունակաբար դիվերսիֆիկացվում են»:
Ոլորտի իրավասուի դիտարկմամբ՝ նպատակ ունենալով ներդրողների համար ստեղծել էլ ավելի բարենպաստ և գրավիչ պայմաններ, նախորդ տարվա ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ջանքերով մեկնարկել են աջակցության գործիքներ․ «Մասնավորապես՝ ենթակառուցվածքներ ներդրման դիմաց ծրագիրը, որի շրջանակներում Կառավարությունը տրամադրում է ենթակառուցվածք՝ իրականացվող ներդրումների մինչև 20% ծավալի չափով։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագիրը, որով նախատեսվում է օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավման դեպքում աշխատավարձի մինչև 70 տոկոս փոխհատուցում: Տնտեսության արդիականացման ծրագրով տրամադրվում է վարկային ռեսուրսների տոկոսադրույքների սուբսիդավորում նոր սարքավորումների ձեռքբերման համար և այլն»:
«Հայաստանի տնտեսության ամենահեռանկարային ոլորտներն են շարունակում մնալ տեղեկատվական տեխնոլոգիաները, խելացի գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տեքստիլն ու դեղագործությունը»,- ընդգծում է Ալինա Եղիազարյանը:
Մարիամ Մկրտչյան