Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Zarkerak - Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ
Zarkerak Zarkerak - Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ
Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Հայաստանում սկսել են բուռն քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։

Իրավիճակը որքան բարդ է, նույնքան էլ՝ պարզ։ Հայաստանը պետք է որոշի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնո՞ւմ է նոր պատերազմի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, թե՞ գնում է խաղաղության ճանապարհով և փորձելու է պաշտպանել անկախությունը, ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե լինեն նաև անվտանգային միջազգային երաշխիքներ։

Խաղաղության պայմանագիրը՝ թեպետ դեռ սաղմնային փուլում է, և առայժմ պարզ չէ, թե երբ կստորագրվի, կամ ստորագրվի ընդհանրապես, թե ոչ, սակայն, Հայաստանում որոշ ուժեր սկսել են սվիններով ընդունել այդ քննարկումները և Հայաստանի իշխանության դիրքորոշումը։

Հայաստանում կան ուժեր, որոնք ընդդիմանում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ չբերելով որևէ կոնկրետ հիմնավոր փաստարկ, թե ինչու են դեմ նման պայմանագրին։ Ընդդիմադիր ուժերն ամիսներ շարունակ հանրությանը փորձում են ռազմահայրենասիրական թեզերով համոզել, որ խաղաղության պայմանագիրը չի բխում Հայաստանի շահերից։ Սակայն, իրականում խաղաղության պայմանագիրը չի բխում այդ նույն ընդդիմության և նրանց հովանավոր երկրների շահերից։

Խաղաղության պայմանագիրը, բնականաբար, շատ զգայուն և նուրբ թեմա է։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք հաշվիչ չառնելն անթույլատրելի է։ Սակայն, պետք է նաև ընդունենք, որ խաղաղության պայմանագրի այլընտրանքը՝ հավերժ պատերազմն է, որը երբեմն մտնում է ակտիվ փուլ, երբեմն ընթանում է սողալով՝ խլելով բազմաթիվ կյանքեր։

Խաղաղության պայմանագրի ընդդիմախոսները փորձում են կյանքի կոչել իրենց գլխավոր սցենարը։ Հայտնի է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործում են ուժեր, որոնք առաջին հերթին սպասարկում են այլ երկրի կամ երկրների շահերը։ Այդ երկրների շահերից է բխում, որպեսզի տարածաշրջանը միշտ գտնվի կրակի վրա, որովհետեև, եթե կրակը հանգչի՝ իրենք այստեղ այլևս անելիք չեն ունենալու։ Իսկ կրակը թեժ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի խաղաղության պայմանագիրը միշտ ներկայացվի բացասական կողմով։ Այդ ուժերի համար ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանը միշտ ունենա «զորավարժարանի» կարգավիճակ, որպեսզի միշտ ակտուալ մնա «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» հայտնի թեզը, որով դարեր շարունակ կերակրել են մեր հանրությանը։

Պատերազմը հարմար դուռ կբացի նրանց համար, ովքեր օգտվելով Հայաստանի ծանր դրությունից կժամանեն փրկչի դիմակով և կխլեն Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ ճանապարհով Հայաստանն արդեն անցել է 20-րդ դարասկզբին։ Մենք այսօր պետք է որոշենք՝ ցանկանում ենք վերադառնալ անցյա՞լ, թե՞ փակում ենք անցյալի դուռը և բացում ենք նոր հնարավորությունների դուռը։  

Մկրտիչ Իսրայելյան 

25 Մայիս, 2023 15:12
Վեր