ՀՀ-ում պետք է զարկ տրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը. «Կիլիկիա» թիմն իր օրինակով ցույց տվեց, որ մարզային ֆուտբոլը զարգանում է և դեռ իր խոսքն ասելու է հայկական ֆուտբոլում Zarkerak - ՀՀ-ում պետք է զարկ տրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը. «Կիլիկիա» թիմն իր օրինակով ցույց տվեց, որ մարզային ֆուտբոլը զարգանում է և դեռ իր խոսքն ասելու է հայկական ֆուտբոլում
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում պետք է զարկ տրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը. «Կիլիկիա» թիմն իր օրինակով ցույց տվեց, որ մարզային ֆուտբոլը զարգանում է և դեռ իր խոսքն ասելու է հայկական ֆուտբոլում
ՀՀ-ում պետք է զարկ տրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը. «Կիլիկիա» թիմն իր օրինակով ցույց տվեց, որ մարզային ֆուտբոլը զարգանում է և դեռ իր խոսքն ասելու է հայկական ֆուտբոլում

ՀՀ-ում պետք է զարկ տրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը. «Կիլիկիա» թիմն իր օրինակով ցույց տվեց, որ մարզային ֆուտբոլը զարգանում է և դեռ իր խոսքն ասելու է հայկական ֆուտբոլում

«Ֆուտբոլի զարգացումը սկսվում է հենց մանկապատանեկան ֆուտբոլից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի սպորտային տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը:

Արթուր Ոսկանյան

Հայաստանում սպորտի զարգացման տեսանկյունից շատ մասնագետներ են շեշտում, որ անհատական սպորտաձևերն ավելի են զարգանում, քան՝ թիմայինները: Ֆուտբոլի զարգացման քաղաքականության մեջ, իհարկե, բացերը շատ են, բայց դրանք պետությունը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ փորձում է լուծել:

Մարզադաշտերի բացակայությունը, որակյալ և պատրաստված մարզիչներով թիմերի համալրումը, մանկապատանեկան ֆուտբոլին բավարար չափով ուշադրություն հատկացնելը՝ սրանք խնդիրներ են, որոնք բարեփոխման փուլում են:

Արթուր Ոսկանյանը մեզ հետ զրույցում փաստում է, որ, իհարկե, ներկայումս Հայաստանում այնքան էլ լավ չի զարգանում մանկապատանեկան ֆուտբոլը. «Շատ թերություններ ունենք՝ սկսած ակումբներից՝ իրենց մարզիչներով, վերջացրած երեխաների ծնողներից։ Մի բան կա, որ մեր հասարակության մեջ պետք է աշխատենք փոխել, դա պետք է անեն թե՛ ակումբները, թե՛ մարզիչները և թե՛ ծնողները։ Բոլորը մտածում են, որ ցանկացած ֆուտբոլիստ պետք է դառնա աստղ՝ Մեսսի, Ռոնալդու, բայց սա շատ դեպքերում երեխաների մոտ հուսահատություն է առաջացնում, այս հոգեբանական խնդիրները, եթե կարողանանք լուծել, ավելի օգտակար կլինենք երեխաների համար։  Այդ ամենը հենց պետք է սկսվի ակումբներից ու մարզիչներից»։

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Ոսկանյանի կարծիքով՝ առաջին քայլը պետք է լինի մարզերում ֆուտբոլի զարգացմանը զարկ տալը. «Եթե մենք վերցնում ենք վիճակագրությունը, միշտ լավագույն ֆուտբոլիստների մեծամասնությունը լինում են մարզերից, մենք պետք է սկսենք ամենաշատը ֆուտբոլը զարգացնել մարզերում, եթե ամեն մարզ կարողանա իր թիմն ունենալ, այդ ժամանակ և՛ մրցակցությունն ավելի մեծ կլինի, և՛ շատ ֆուտբոլիստներ արդեն աչքի կընկնեն։ Նախ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բարվոք վիճակում գտնվող խաղադաշտ, թիմերն ունենան նորմալ պայմաններ, ունենան մարզագույք՝ համազգեստ և մարզվելու համար անհրաժեշտ այլ պարագաներ և ամենակարևորը՝ ամեն մարզից երկու-երեք մարզիչ գա Երևանում կրթվի ու գնա շարունակի մարզում մարզել այդ երեխաներին։ Ավելի լավ է մեծ գումարներ ծախսել այստեղ, այդ ժամանակ, եթե մենք ամեն մարզում ունենանք որակով դաշտ, նորմալ մարզագույք և պրոֆեսիոնալ մարզիչ, դա արդեն շարժառիթ կլինի երեխաներին մարզելու համար։ Եթե երեխան գնում է մարզման ու նորմալ գնդակ չունի, նորմալ դաշտ չկա, համազգեստ չկա, այդ երեխան մի քանի մարզում հետո կարող է ձանձրանալ ու անգամ չշարունակել, իսկ եթե ամեն ինչ իր տեղում լինի, ապա նա ավելի կոգևորվի ու առաջ կգնա։ Սա պետք է լինի պետության ու ֆեդերացիայի խնդիրը»։

Մասնագետը կարևորում է երեխաներին դեռ փոքր հասակից կրթելու խնդիրը. «Ես շատ անգամ, երբ հավաքականներ եմ գլխավորել, միշտ հետևել եմ մարզերում տարբեր տարիքային ֆուտբոլիստների, որ ներգրավվեմ հավաքականի կազմում: Մարզերում 6-17 տարեկան լավ երեխաներ լինում են, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այսօր այնքան է զարգացել ֆուտբոլը, որ երեխային պետք է 10 տարեկանից կրթել, իսկ երեխան չգիտեմ օրինակ՝ 17 տարեկանում ինչ տաղանդ պետք է ունենա, որ առանց ֆուտբոլային կրթություն ստանալու, կարողանա առաջ գնալ, դրա համար շատ կարևոր է, որ երեխաները հենց 10 տարեկանից սկսեն այդ կրթությունը ստանալ։ Նույն խնդիրը կա նաև Երևանի թիմերում, եթե նորմալ մարզիչներ չեն լինում, չեն կրթում երեխաներին, հետո այդ երեխաները, երբ մեծանում են, արդեն դժվար է լինում նրանց մեջ ինչ-որ բան փոխել»։

Արթուր Ոսկանյանը նշում է նաև, որ ֆուտբոլում հոգեբանությունն էլ շատ կարևոր է. «Մենք կոլեկտիվ խաղի մեջ այդ որակները չենք կարողանում օգտագործել, ցանկացած անհատական սպորտում մենք ուժեղ մարզիկներ ունենք, բայց թիմային մարզաձևերում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ լինի թիմային խաղ, թիմային մտածելակերպ: Փոքր տարիքից երեխաներին պետք է սովորեցնել մտածել թիմային ոգով, Հայաստանում պետք է այսպիսի մշակույթ ձևավորվի: Ես միշտ իմ ֆուտբոլիստներին ասել եմ, ցանկացած ֆուտբոլիստ դաշտում ունի իր լավ որակները, բայց ամեն մեկը պետք է օգտագործի իր ուժեղ կողմերը դաշտում և օգտակար լինի թիմին: Մեզ մոտ կա այսպիսի մտածելակերպ՝ ով գոլ է խփում ասում են՝ նա է լավագույնը, բայց չեն մտածում, թե այդ գոլային պահն ինչպես է ստեղծվել: Մանկապատանեկան ֆուտբոլում ոչ թե պետք է շեշտը դրվի հաղթելու վրա, այլ ճիշտ ֆուտբոլ խաղալու, իհարկե հաղթանակը կարևոր է, բայց եթե ֆուտբոլիստն ի սկզբանե ճիշտ ֆուտբոլային կրթություն է ստանում, ավելի շատ հաջողությունների է հասնում»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Մեր զրուցակիցն ընդգծում է նաև մարզիչների մասնագիտական պատրաստվածության խնդրի մասին. «Ես միշտ կողմ եմ եղել մարզիչների կրթությանը և վերապատրաստումներ անցնելուն։ Այսօր ֆեդերացիան հնարավորություն տալիս է, որ մարզիչները տարբեր կարգի դասընթացների մասնակցեն։ Բայց բացի այս ամենը, ինձ համար շատ կարևոր է, որպեսզի փորձառու մարզիչները, որոնք անցած ճանապարհ ունեն, տարբեր տարիքային երեխաների հետ են աշխատել, իրենց փորձը փոխանցեն երիտասարդ մարզիչներին հենց մարզումների ժամանակ, նրանց ճիշտ ուղղություն ցույց տան։ Մենք կարող ենք կազմակերպել, որ մեր փորձառու մարզիչները մարզեր գնան և օրինակ՝ մի քանի շաբաթ մնան այնտեղ, այդ թիմերի մարզիչների հետ աշխատեն, իրենց փորձը փոխանցեն: Իհարկե, մարզիչի համար տեսական գիտելիքն էլ է կարևոր, բայց գործնականում դա կիրառելն ավելի շատ է օգնում։ Ֆուտբոլը գրքերում չի, ֆուտբոլը դաշտում է»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Zarkerak.am-ը մանկապատանեկան ֆուտբոլի ինստիտուտի և մասնավորապես մարզերում դրա զարգացման վերաբերյալ զրուցել է նաև Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի «Կիլիկա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Մակիչ Բզնունու հետ. «Կարծում եմ, որ մարզերում այդքան էլ չի զարգանում մանկապատանեկան ֆուտբոլը, հիմնականում ավելի շատ ուշադրությունը կենտրոնացված է Երևանի վրա: Իհարկե, խանգարող հանգամանքներ շատ կան, հենց առաջինը՝ մարզվելու պայմանների խնդիրն է, բարվոք մարզադաշտ չունենալու խնդիրն է: Երբ արտագնա խաղերի ենք գնում, հասկանում ենք, որ մրցակից թիմերի ունեցած պայմաններն անհամեմատելի են մեր ունեցածի հետ: Բայց ես ու տղաները չենք կոտրվում, շարունակում ենք մարզումները, խաղերը»:

Մակիչ Բզնունի

«Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը գործում է 2016 թվականից, այժմ թիմում մարզվում է 7-17 տարեկան ավելի քան 120 երեխա՝ ինչպես Մարտունի քաղաքից, այնպես էլ մոտակա գյուղերից։ 4-ամյա գործունեությունից հետո իրականացավ «Կիլիկիա»-ի ֆուտբոլիստների երազանքը. թիմն առաջին անգամ մասնակցեց Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը՝ մինչև 15 տարեկանների մրցաշարի Բ2 ենթախմբում: Հաջորդ տարի՝ 2021-22 թվակններին թիմը հանդես եկավ Մ15 տարեկանների C2 ենթախմբում և կարողացավ առաջատարի դիրքով եզրափակել մրցաշարը:

Մարզիչ Բզնունին շեշտում է, որ առաջնությանը մասնակցելը մեծ փորձ է տվել ֆուտբոլիստներին. «Տղաները դաշտում իրենց ավելի վստահ են զգում, կան ֆուտբոլիստներ, որոնք նկատելիորեն բարելավել են իրենց մասնագիտական որակները և առաջնությանը մասնակցելը՝ բնականաբար իր դերն է խաղացել այդ հարցում: Ունենք ավելի փորձառու ակումբներ, որոնք տեսնելով մեր ֆուտբոլիստների խաղը, հետաքրքրվել են, իհարկե՝ իմ ցանկությունն էլ մեծ է, որ տղաներն ավելի առաջ գնան»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

«Կիլիկիա» թիմի գլխավոր մարզիչն էլ է կարծում, որ փորձառու մասնագետները պետք է փորձեն մարզերից լավ ֆուտբոլիստներ ընտրել ու առաջ տանել. «Իսկապես, մարզերում ունենք տաղանդավոր երեխաներ, որոնց մի փոքր հնարավորություն տալու դեպքում, ինչու ոչ՝ ապագայում կարող ենք տեսնել բարձրակարգ ակումբներում: Մեզ մոտ չկա մշակույթ, որ օրինակ՝ խաղերին գան բարձրակարգ մարզիչներ, հետևեն, ինչու ոչ, եթե կարիք կա ուղղություն ցույց տան, այս ամենին պետք է ուշադրություն դարձվի: Երբ նայում ենք ՀՀ բարձրագույն առաջնությանը՝ թիմերի մեծ մասում այլ երկրներից հրավիրված ֆուտբոլիստներ են, այսինքն՝ այս խնդիրը հենց գալիս է մանկապատանեկան ֆուտբոլից, եթե երեխաներին ճիշտ ժամանակին նկատեն ու հնարավորություն տան, արդեն ապագայում հենց նույն այդ տղաները կարող են համալրել բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբների շարքերը»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Մակիչ Բզնունին ընդգծում է մարզիչների վերապատրաստման խնդրի կարևորության մասին. «Մարզիչներից էլ շատ բան է կախված, պետք է կարողանան երեխայի մեջ բացահայտել այդ տաղանդը, շատ կարևոր է մարզիչների կրթությունը, վերապատրաստումներին մասնակցելը: Օրինակ՝ ես հիմա մասնակցում եմ C կարգի արտոնագրի դասընթացին և զգում եմ, որ բավականին նոր բաներ ունեմ սովորելու ու փոխանցելու իմ ֆուտբոլիստներին: Պետք է տարեցտարի այս ամենն ավելի զարգացվի»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Կիսապաշտպան Արգամ Ալոյանը շուրջ 5 տարի է մարզվում է «Կիլիկիա» թիմում: Թե ինչ է նրան տվել թիմը, Արգամն ասում է. «Իհարկե առաջինը՝ շատ ընկերներ եմ ձեռք բերել, փորձն է ավելացել, արդեն ավելի վստահորեն եմ մասնակցում խաղերին»:

Արգամ Ալոյան

Արգամը սկզբնական փուլում ընդգրկված չի եղել թիմի մեկնարկային կազմում, բայց ժամանակի ընթացքում կարողացել է իր տեղն ամրապնդել և նույնիսկ կրել ավագի թևկապը. «Ես այդ ժամանակ մտածում էի, որ ոչ մեկին ոչինչ հեշտ չի տրվում, անընդհատ աշխատում էի իմ մասնագիտական որակները բարձրացնելու վրա, նայում էի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների խաղերը, մարզչիս տված ցուցումներն ու իմ աշխատասիրությունն իմ տեղն ամրապնդեցին թիմի հիմնական կազմում»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Խոսելով մրցակիցների և հաղթանակի կարևորության մասին՝ «Կիլիկիա» թիմի կիսպաշտպանն ասում է. «Իհարկե, ունենում ենք մրցակիցներ, որ մեզանից ուժեղ են, այդ խաղերին ավելի մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվում, փորձում եմ օգուտ տալ թիմին, չեմ սիրում անհատական խաղով տարվել: Ֆուտբոլում կարևորը թիմային խաղն է, իհարկե, լինում են պահեր, երբ անհատական որակներ ես ուզում ցույց տալ, բայց շատ դեպքերում դա բերում է խնդիրների ու պարտության: Ֆուտբոլում կարևորը նվիրվածությունն է, խաղընկերների հետ համագործակցությունը, այդ ամենը բերում է հաղթանակի»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Բարվոք պայմանների բացակայությունն Արգամին ու թիմակիցներին չի կոտրում, հակառակը՝ նրանք ապացուցելու շատ բան ունեն. «Սերն ու հավատն է ինձ օգնում չկոտրվել, շարունակել մարզվել, բոլոր լավ ֆուտբոլիստներն էլ ինչ-որ ժամանակ նույնիսկ խաղակոշիկ չեն ունեցել, որ դաշտ դուրս գան, բայց պատմությունն ու ժամանակը ցույց են տալիս, որ նրանք իրենց աշխատասիրության շնորհիվ կարողացել են պրոֆեսիոնալ ֆուտբոլում իրենց տեղը գրավել ու շատերի՝ այդ թվում նաև ինձ համար օրինակ ծառայել: Ֆուտբոլում պետք է քրտնաջան աշխատես, եթե դա չկա, առաջ գնալու ու զարգանալու հնարավորությունը նվազում է»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Խոսելով ֆուտբոլային երազանքի մասին՝ Արգամը նշում է. «Իհարկե, երազանքներ ունեմ ֆուտբոլի հետ կապված, բայց երևի երազանք բառը սխալ ասացի, ավելի շատ նպատակներ ունեմ: Փորձում եմ անել ամեն ինչ այդ նատակներին հասնելու համար, հույս ունեմ իմ մասին դեռ կլսեն (ժպտում է՝ խմբ․)»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

«Կիլիկիա»-ի դարպասապահ Վարդան Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ թիմի համար երազանք է եղել առաջնությանը մասնակցելը, իսկ, թե արդյոք մտածել են, որ առաջին հորիզոնականով կեզրափակեն մրցաշարային  աղյուսակը՝ Վարդանը նշում է, որ, իհարկե չեն պատկերացրել, որ այդպես կլինի. «Մեր երազանքն իրականացավ, մենք կարողացանք մեր քրտնաջան աշխատանքի արդյունքները տեսնել: Մեզ հնարավորություն էր տրվել խաղալու առաջնությունում, մենք արդարացրեցինք մեր մարզչի սպասելիքները»:

Վարդան Սարգսյան

Վարդանը շեշտում է, որ ֆուտբոլիստի մեջ ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր խաղի մոտենա մեծ պատասխանատվությամբ. «Յուրաքանչյուր խաղի դաշտ մտնելիս մենք հույսը միայն մեզ վրա ենք դնում, հաղթանակն էլ, պարտությունն էլ մեր խաղի արդյունքն է, պարտվելու դեպքում չենք հուսահատվում, իսկ հաղթելու դեպքում բնականաբար էմոցիաները կառավարելը դժվար է լինում»:

Լուսանկարը՝ Տիգրան Իսկանդերյանի

Վարդանը փորձում է իր երազանքներն իրականացնել ֆուտբոլի միջոցով. «Կարծում եմ՝ կարևորը համառությունն է և աշխատասիրությունը: Փորձում եմ իմ տեղը գրավել հայկական ֆուտբոլում՝ թիմիս հետ միասին»:

 

Աննա Բզնունի

01 Հունիս, 2023 16:09
Վեր