Որքան շատ է խոսվում Արցախի սուբյեկտայնության բարձրացման հավանականության մասին, այդքան ավելի են Հայաստանում ակտիվանում գործիչները, որոնք տարիներ շարունակ տիրապետել են այն բոլոր լծակներին որոնցով հնարավոր կլիներ որոշակի ցանկալի լուծումների հասնել, կամ, համենայնդեպս մեղմել՝ Ադրբեջանի ախորժակը, որը բերեց այսօրվա ծանր իրավիճակին։
Վերջին օրերին ակտիվացել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանը Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 1998-ի ապրիլից մինչև 2008 թ. ապրիլի 15-ը։ Նա միաժամանակ գլխավորել է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում։
Վարդան Օսկանյանի և նրա անմիջական վերադասի վարած քաղաքականության շնորհիվ՝ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Այսինքն, Վարդան Օսկանյանն ամեն ինչ արեց որպեսզի արցախցու հարցը նրանց փոխարեն լուծեն ուրիշները, արցախցու խնդիրների համար բանակցեն ուրիշները։ Իսկ, թե ոնց են Արցախի փոխարեն բանակցել Օսկանյանն ու նրա վերադասները՝ գիտեն շատերը։
Դրսում համաձայնվում էին հողերը վերադարձնել, Արցախի ճակատագիրը թողնելով անորոշության մեջ, իսկ երկրի ներսում՝ հայտարարում էին ոչ մի թիզ հող թշնամուն։
Հիշարժան է նաև դեռևս տարիներ առաջ Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ շրջափակման պայմաններում էլ 100 տարի հնարավոր է զարգանալ: Վարդան Օսկանյանը նաև ժամանակին խոսելով մեր երկրի տնտեսության զարգացան եւ այլ հարցերի մասին՝ հայտարարում էր, թե վագրաձեւ թռիչքներով ենք առաջ գնում: Իրականում, Օսկանյանի աչքի առաջ վագրաձև թռիչքով առաջ էր գնում Ադրբեջանի ռազմական բուջեն և Վարդան Օսկանյանի շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական բյուջեն։ Իսկ Հայաստանն ու Արցախը վագրաձև թռիչքով հետ էին գնում։
Ադրբեջանը զինվում էր, իսկ Օսկանյանը վերացնում էր Արցախի սուբյեկտայնությունը։ Ավելին, Հայաստանի մասով էլ գնում էին մեկ այլ արկածախնդրության՝ համաձայնելով Մեղրին փոխանակել Արցախի հետ։ Սա է եղել Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանում պահած «վագրը»։
Այսօր Վարդան Օսկանյանն ակտիվացել է, հաճախակի հոդվածներ է գրում, մեղադրում, քննադատում այսօրվա իշխանություններին։ Այլ կերպ ասած՝ Օսկանյանի երգչախումբը կրկին նույն երգն է երգում ու նույն վագրը «թռցնում»։
Մկրտիչ Իսրայելյան