Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո փոխել է կառավարության գրեթե ողջ կազմը, այդ թվում՝ արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի և ֆինանսների նախարարներին:
Արտաքին գործերի նախարարության ղեկավար է նշանակվել հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարում էր 2010 թվականի մայիսից։ Ազգային պաշտպանության նախարարությունը ղեկավարելու է գեներալ Յաշար Գյուլերը, ով զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Ներքին գործերի նախարարության ղեկավարը լինելու է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, որը Ստամբուլի նահանգապետն էր 2018 թվականից: Մեհմեթ Շիմշեքը որպես ֆինանսների նախարար հրավիրվել է զբաղվելու երկրի տնտեսության բարդ իրավիճակով։ Նա այս պաշտոնն արդեն զբաղեցրել է 2009-2015 թվականներին, իսկ նախկինում եղել է տնտեսական հարցերով պետական նախարար:
Թուրքիայում Կառավարության կազմի փոփոխության և նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավեր ուղարկելու մասին՝ Zarkerak.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
«Փոփոխություններն իմ կարծիքով վկայում են այն մասին, որ Էրդողանը մի կողմից ավելի երիտասարդացնում է իր կառավարության կազմը, երկրորդը՝ նախարարներ են դառնում այն մարդիկ, որոնք Էրդողանի վտահությունն են վայելում: Այս կառավարության մեջ, մասնավորապես՝ ֆինանսական, տնտեսական նախարարություններում այնպիսի մասնագետներ են նշանակվել, որոնք իսկապես լավ մասնագետներ են, օրինակ՝ Շիմշեքն այն նախարարն է, որը և եղել է նախորդ կառավարություններում նախարար և բավական մեծ հեղինակություն է վայելում որպես մասնագետ, այսինքն՝ Թուրքիայի այս տնտեսական ծանր վիճակը, որը կա, փորձում են այդ նախարարի գործունեության միջոցով մեղմել»,- նշեց Սաֆրաստյանը:
Մեհմեթ Շիմշեք
Անդրադառնալով Հաքան Ֆիդանի արտգործնախարար նշանակվելու փաստին՝ Սաֆրաստյանն ասաց. «Ֆիդանն ամենահետաքրքիր կերպարն է այս կառավարության մեջ՝ մի քանի հանգամանքից ելնելով, առաջինը՝ նա Էրդողանի ամենամոտ մարդկանցից է, Էրդողանը նրա մասին ասել է, որ Ֆիդանն իր և Թուրքիայի գաղտնիքների պահապանն է, երկրորդը՝ երկար տարիներ լինելով թուրքական հետախուզական ազգային ծառայության պետ, նա, ըստ էության, կատարել է Էրդողանի հենց ամենակարևոր գաղտնի հանձնարարությունները, նա ոչ միայն զուտ հետախուզական բնագավառում է եղել, այլև բազմաթիվ անգամներ մասնակցել է գաղտնի դիվանագիտական շփումների: Ֆիդանը կարևոր դեր է խաղում այն պետությունների և կազմակերպությունների հետ հարաբերություններում, որոնց հետ Թուրքիան ունի վատ հարաբերություններ, ինքը գաղտնի ձևով այդ հարաբերությունները փորձում էր վերականգնել, փորձում էր ավելի բարելավել, օրինակ՝ Եգիպտոսի, Իսրայելի հետ, այսինքն՝ նա այնպիսի մարդ է, որը ոչ միայն հետախուզական գործունեությամբ է զբաղվել, այլ նաև գաղտնի դիվանագիտությամբ, հավանաբար դա էլ իր դերը խաղացել է, որ նա նշանակվել է ԱԳ նախարար: Թուրքական մամուլը վերջերս շատ է գրում այն մասին, որ Ֆիդանը դիտարկվում է որպես Էրդողանի գործը շարունակող և չի բացառվում, որ Էրդողանը, նրան նշանակելով արդեն այսպիսի երևացող պաշտոնում, նախապատրաստում է Ֆիդանին քաղաքական առումով որպես իր ժառանգորդ»:
Հաքան Ֆիդան
Թուրքագետի խոսքով՝ այս նշանակումները չեն կարող ինչ-որ կերպ ազդել Հայաստանի հետ տարվող քաղաքականության բարելավման վրա. «Ես համոզված եմ, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, այդ քաղաքականությունը հիմնված է հարկադրման սկզբունքի վրա, և մենք տեսանք դա օրինակ՝ «Նեմեսիս» հուշարձանի բացման հետ կապված, երբ նրանք փակեցին օդային տարածքը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններում Ֆիդանի դերին, ապա կասեմ, որ նա այնպիսինն է, որը հետախուզական անցյալ ունի և չի բացառվում, որ ՀՀ-ի նկատմամբ քաղաքականությունն ավելի կոշտացվի»:
Խոսելով Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավեր ուղարկելու մասին՝ Սաֆրաստյանը նշեց. «Առանձնապես այդ քայլին ոչ մի նշանակություն չեմ տալիս, դա հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև ոչ մի բանակցություն կարևոր խնդիրների շուրջ հնարավոր չի վարել: Սա դիվանագիտական քայլ չէ, այն զուտ ձևական բնույթ էր կրում»:
Անդրադառնալով հասարակության այն քննարկումներին, որ վարչապետ Փաշինյանն արարողության ժամանակ երկրորդ շարքում էր նստած՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ դա պարզապես արարողակարգային բնույթ է կրել. «Որքան ես հասկացա, դա կապված էր այն հանգամանքի հետ, որ Փաշինյանը վարչապետ է, վարչապետներին երկրորդ շարքում են նստեցրել, Վրաստանի վարչապետն էլ էր երկրորդ շարքում»:
Աննա Բզնունի