Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հայտարարում են, որ դեմ չեն, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման համար հիմք ընդունվի 1975 թվականի քարտեզը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև 1975 թվականի քարտեզով սահմանազատում իրականացնելու հարցը, թեպետ Գրիգորյանը նաև նշել էր, որ 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելու առումով կողմերը դեռևս համաձայնության չեն հասել և բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանի ու Բաքվի միջև չկա պայմանավորվածություն 1975 թվականի կոնկրետ քարտեզով սահմանների սահմանազատման մասին։
Կողմերի հայտարարություններից պարզ է դառնում, որ եթե Հայաստանի համար ինչ-որ առումով ընդունելի է 1975 թվականի քարտեզը, ապա Ադրբեջանը չի շտապում այդ մասով համաձայնության մասին հայտարարություն անել։
Բնական է, որ 2020 թվականի պատերազմը հաղթելուց հետո Ադրբեջանը դեռ շարունակում է խոսել ուժի դիրքերից և փորձում է ուժով ստանալ այն՝ ինչը բանակցություններով կարող է չստանալ։ Եվ հենց դրանով է թերևս պայմանավորված Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Բացի այդ, կա նաև մեկ այլ հարց։ Թեպետ առաջին հայացքից կողմերը 1975 թվականի քարտեզներով ճշգրտելու են միմյանց տարածքների սահմանները, սակայն, մյուս կողմից Բաքվին գուցե անհանգստացնում է այն, որ հիմք ընդունելով 1975 թվականի քարտեզները իքնըստինքյան օրակարգ է գալու Արցախի կարգավիճակի հարցը։
1975 թվականի քարտեզով՝ Արցախը թեպետ Ադրբեջանի կազմում է եղել, սակայն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Հետևաբար, 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելուց հետո Արցախը կարող է պահանջել, որպեսզի բանակցային թեմա դառնա նաև կարգավիճակի հարցը։ Ճիշտ է, գուցե ինքնավարության մասին խոսելն այսօր շատ շրջանակների համար կարող է ռազմահայրենասիրական չհնչի, բայց հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրողություններն ու Ադրբեջանի և Հայաստանի ռազմաքաղաքական բալանսը, այս պահին ինքնավարության հարցի քննարկումը նվազագույն, բայց դրական ձեռքբերում կարող է լինել։ Սա, գուցե, այսօր այդքան էլ իրատեսական չթվա, բայց քաղաքականությունը երկարաժամկետ գործընթաց է։ Այսօրվա կատարած հետքայլերը կարող են ճանապարհ բացել հետագայի առաջխաղացման համար։
Սակայն, այստեղ ուշագրավ է Ստեփանակերտի այսօրվա դիրքավորումը։ Արցախում մինչև օրս հստակ չեն ձևակերպել իրենց ապագայի հետ կապված դիրքորոշումը։ Ճիշտ է, Արցախում տարբեր գործիչների և կառույցների կողմից հնչում են հայտարարություններ, սակայն դրանք հիմնականում բաժակաճառ են հիշեցնում և ռացիոնալ տարրեր չեն պարունակում։
Ստեփանակերտը՝ Երևանի համար բարդ բանակցային այս փուլում, հիմնականում քննադատում է Հայաստանի իշխանություններին, մեղադրում նրանց բոլոր մեղքերի համար, սակայն թե ինչ են ուզում իրենք, ինչ ճանապարհային քարտեզ ունեն իրենց ապագան կառուցելու վերաբերյալ՝ երբեք չեն ներկայացնում։
1998 թվականից հետո, Արցախը հնարավորություն է ստացել իր ապագայի հարցը միջազգայնացնելու, աշխարհին ներկայացնելու իր քաղաքական ապագան և վերջապես աշխարհին ցույց տալու, որ Արցախի հարցը տարածքային վեճ չէ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Արցախի հարցը՝ հայրենի հողում ապրելու, ապագա կառուցելու և զարգանալու անքակտելի իրավունք է։ Ժամանակն է, որպեսզի 30 տարվա պատերազմը տեղափոխվի դիվանագիտական ճակատ, որը գուցե բարդ ընթացք է ունենալու, բայց, առնվազն դադարեցնելու է թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի «արնահոսությունը»։
Մկրտիչ Իսրայելյան