«Բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, և եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը. «Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ»:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով նշված հայտարարություններին՝ նշեց. «Նախ ինչու է խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը նշվում մինչև տարվա վերջ, որովհետև այդ ժամկետը նախանշել է ամերիկյան կողմը, դա Պետքարտուղարության ուղերձն է, որքանով ինձ հայտնի է այնտեղ կա վճռականություն այս գործընթացը վերջացնել մինչև այս տարվա վերջ և դրա հիմքում ընկած են զուտ ներքաղաքական պատճառներ՝ Բայդենի վարչակազմը ցանկանում է լուծել անլուծելին, այն ինչ երեք տասնյակ տարուց ավել չի լուծվում, նրանք ուզում են լուծել, որքանով դա նրանց կհաջողվի՝ այլ հարց է, բայց այդ վճռականությունը կա: Կարծում եմ, որ Գրիգորյանի և Բայրամովի հայտարարություններն ավելի շատ ուղղված են ԱՄՆ-ին և դրանով նրանք իրենց համաձայնությունն են հայտնում այս պլանին: Մենք գիտենք, որ կոնֆլիկտի մոդերացիան այսօր իրականացնում է հիմնականում ամերիկյան կողմը, այլ մոդերացիաներ մեծ հաշվով չկան»:
Թե արդյոք հնարավոր է, որ այս կանխատեսումներն իրականանան, Ստեփանյանն ասաց. «Ես միշտ ասել եմ և հիմա էլ եմ ասում, ես այդ հարցում ավելի շատ լավատես եմ, բայց մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել: Հիմա բանակցություններն ընթանում են ավելի շատ դրական հունով և չնայած, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդ բանակցությունները տորպեդահարի, հիմա՝ տվյալ պահին, կարծես թե դա նրան չի հաջողվում, բայց նորից եմ ասում՝ մենք պետք է սպասենք ամեն ինչ, կարող է իրավիճակը շատ կտրուկ փոխվել: Ժամանակին՝ 2001 թվականին, կողմերն այնքան մոտ էին այդ փաստաթղթի ստորագրմանը, որ նույնիսկ ներկայիս դրության հետ համեմատելի չէ, բայց տվյալ պահին ամեն ինչ գնում է դեպի դրան»:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել էր, որ ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար․ դա այն է, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ: Քաղաքագետն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց. «Գրիգորյանը դա ասում է այսպես կոչված «միջանցքի» մասին, որն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, նշվում է, որ ռուսական ФСБ-ն (Անվտանգության դաշնային ծառայություն) է իրականացնելու վերահսկողությունը, հիմա Հայաստանի դիրքորոշումը մեծ հաշվով փոխվել է և դրա մասին արդեն բացահայտ ասվում է: Հիմա հայկական կողմն ընդունում է միայն մեկ բան, որ կարող է լինել ռուսական վերահսկողություն հետևյալ կերպ՝ ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ շրջեն և տեսնեն՝ պայմանավորվածությունները կատարվում են, թե՝ ոչ: Պարզ է, որ Ռուսաստանը որպես հակաարգումենտ պետք է բերի այն, որ դա նշվում է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց այստեղ հայկական կողմն ունի տասնյակ հակաարգումենտներ, որովհետև այդ հայտարարության որևէ կետ չի իրականացվում»:
Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն իրենց միջնորդությամբ. «Նորից եմ ասում, ՌԴ-ն ինքը չի կատարում այդ հայտարարության պարտավորությունները, եթե ինքն այդ թղթի դրույթները չի կատարում, եթե Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է լինի 100 տոկոսով ռուսական, բայց այնտեղ այսօր վերահսկողությունը 100 տոկոսով ադրբեջանական է, էլ ինչի մասին է խոսքը: Հայաստանն այդ երեք կողմերից միակն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներն իրականացրել է: Պարզ է, որ այստեղ գնում է աշխարհաքաղաքական հակամարտություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև և Ռուսաստանը փորձում է ինչ-որ հայտարարությունների տեսքով ցույց տալ, որ նա դեռ այստեղ է, ամեն ինչ անում է, որպեսզի այստեղ մնա»:
Խոսելով վերջին շրջանում ակտիվացած բանակցային գործընթացի մասին՝ Ստեփանյանը նշեց. «Բանակցությունները շատ են ինտենսիվացել, վերջին տարիներին այսպիսի ինտենսիվացում չի եղել, սա հիմնականում ամերիկյան կողմի հանձնառության համաձայն է տեղի ունենում, որովհետև նրանք են շահագրգռված ամեն կերպ, որպեսզի այստեղ խնդիրներ չլինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այո, սա ուղղված է Ռուսաստանի դեմ, նա այս ամենը տեսնում է և փորձում է հակադարձել այս ամենին, այլ հարց է՝ որքան են նրա հնարավորությունները դա թույլ տալիս»:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող հանդիպումներին և դրանցից ակնկալվող արդյունքներին՝ քաղաքագետն ասաց. «Ինչ սպասել հետագա բանակցություններից։ Կարծում եմ՝ սպասել հիմնականում դրական մեսիջներ, շատ դանդաղ, քայլ առ քայլ գործընթացն ընթանալու է առաջ՝ այն, ինչ մենք տեսել ենք մինչ այսօր: Նորից եմ ասում, եթե իրավիճակը չփոխվի, եթե ամեն ինչ շարունակվի այն տրամաբանության ներքո, որը կա այսօր՝ պետք է, որ մենք սպասենք պայմանագրի ստորագրմանը, բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ իրավիճակը չի փոխվի, Ռուսաստանն այդքան հեշտ այստեղից չի գնալու, խաղաղության պայմանագրի կնքումը, վերջնական հարցի փակումը և ՌԴ-ի այստեղից հեռանալը հոմանիշներ են և ՌԴ-ում դա շատ լավ հասկանում են: Ռուսաստանը հիմա մեծ հաշվով լուռ է, եթե նա քայլեր չձեռնարկի՝ դա կլինի»:
Աննա Բզնունի