ՀՀ նախագահն ու Իվան Կորչոկը անդրադարձել են Հայաստան-Եվրամիության համագործակցության զարգացման հեռանկարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն ՍԱրգսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, մասնավորապես ասել է, որ երկու երկրների և Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները հիասքանչ պատմություն ունեն, սակայն անհրաժեշտ է խոսել ապագայի և ապագայի ծրագրերի մասին:

 

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ ցանկանում են աշխատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

 

«Սլովակիան բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար»,-ասել է նա:

 

Իվան Կորչոկն ընդգծել է տնտեսության, այդ թվում՝ գործարար կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությունը: Նա երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից կարևորել է նաև մշակութային գործընկերության ընդլայնումը:

 

Հայաստանի նախագահն ու Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը մտքեր են փոխանակել նաև պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ:

 

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

Վեր