Բաքվում ընթացող զորավարժանքին հայկական կողմը պետք է քաղաքական հակազդեցություն դրսևորի.Ստեփան Դանիելյան

Այս օրերին Ադրբեջանում ընթանում են այդ երկրի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժությունները : Ո՞րն է դրանց բուն նպատակը և որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Այս  թեմայի շուրջ Zarkerak.am-ի հարցերին պատասխանեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Նման դեպքերում նպատակները կարող են մի քանի լինել, սակայն պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում տեղի են ունենում երեք խոշոր աննախադեպ զորավարժություններ՝ արևմուտքում մոտ 200 000 զինվորականների մասնակցությամբ, արևելքում և Կովկասում, որին Հայաստանի զինծառայողներ են մասնակցում: Կարծում եմ, որ Բաքվի եռակողմ զորավարժանքը կարող է լինել Ռուսաստանի զորավարժությունների պատասխանը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Ստեփան Դանիելյանը:

Նրա դիտարկմամբ, նշյալ զորավարժությունների նպատակներից մեկն էլ այն է, որ Արցախում ռուս խաղաղապահների կարգավիճակի շուրջ լուրջ քննարկումներ են գնում: «Ադրբեջանը չի ստորագրում նրանց կարգավիճակը, հնարավոր է, որ զորավարժությունը նույնպես ճնշման միջոց է կարգավիճակի շուրջ ընթացող բանակցություններում ճնշում գործադրելու նպատակով»,-նշեց Դանիելյանը:

Թե հակազդման ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի հայկական կողմը, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ դրանք առաջին հերթին պետք է քաղաքական լինեն: «Ադրբեջանը հանդես է գալիս որպես ռազմական կոալիցիայի անդամ, Հայաստանը նույնպես պետք է փորձի ճշտել իր հնարավոր դաշնակիցների ցանկն ու ակտիվ քաղաքականություն վարել այդ ուղղությամբ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյո՞ք չափազանց խոցելի չէ մեր անվտանգությունը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Դանիելյանը նշեց հետևյալը․ «Մեր անվտանգությունն արդեն մենք չենք ապահովում: Դա պետք է գիտակցել:Պատերազմից հետո մեր սուվերենության աստիճանը կտրուկ իջել է և մենք տարածաշրջանային գործոն չենք արդեն: Դեռ երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար»,-եզրափակեց քաղաքական վերլուծաբանը:

15 Սեպտեմբեր, 2021 16:00
Վեր