Եթե ջրի գինը բարձրանա, հանրությունը չի լռի. տնտեսագետը՝ «Վեոլիա ջրի» հայտի մասին

Հայտնի է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել խմելու ջրի գինը հունվարից 43.7 դրամով թանկացնելու վերաբերյալ: Որքանո՞վ է սա ողջամիտ, հատկապես որ սպառողները լուրջ դժգոհություններ ունեն այդ ընկերության աշխատանքի որակից, և ի՞նչ ակնկալել պատկան հանձնաժողովից: Թեմայի վերաբերյալ Zarkerak.am-ի հետ զրույցում  դիտարկումներ է արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ինչ վերաբերում է ջրային օպերատորի ներկայացրած հայտի հիմնավորումներին, տնտեսագետը նշեց հետևյալը. «Հիմնավոր կարելի է համարել, եթե լինեն գնագոյացման հստակ հիմնավորումներ, և հաշվարկները ցույց տան, որ ընկերությունը աշխատում է և դա բերում է նրան, որ գոնե նվազագույն  շահույթները չեն կարող ապահովվել, ինչն այս պարագայում կարծում եմ այդպես չէ: Ավելին, երբ  «Վեոլիա ջուր»-ը պայմանագրով ստանձնեց օպերատորի՝ իր պարտականությունները՝ արդիականցման, նորոգման, անխափան ջրամատակարման և այլնի մասով, հայտնի չէ, թե այս պարտավորություններն ինչ չափով են կատարվել»:

Մեզ հետ զրույցում Մանասերյանն ընդգծեց,որ այդ ընկերության ընդհանուր աշխատանքից դժգոհությունները հանրապետությունում համատարած բնույթ են կրում: «Այս դեպքում, կարծում եմ, պետք է հասարակությունը պահանջի, որպեսզի ներկայացվի մանրակրկիտ հաշվետվություն, թե ինչ  է արվել այն շահույթից, որոնք պետք է ներդրումներ դառնային, որքանով են դրանք իրականացվել: Հատկապես որ կան փորձագիտական գնահատականներ, որ Վեոլիան ոչ միայն շահույթ, այլև գերշահույթ է ստանում, որը, բազմիցս նշել եմ, պետք է լրացուցիչ հարկման ենթակա լինի»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ, հաշվետվություն ներկայացնելուց առաջ, սակայն, «Վեոլիա ջուր» ընկերությունը պետք է էապես բարելավի իր ծառայությունների որակը, որպեսզի հանրությունը կասկածներ չունենա բերված այս կամ այն փաստարկների վերաբերյալ: Մեր այն հարցին, արդյո՞ք պատկան հանձնաժողովը կբավարարի «Վեոլիա»-ի հայտը, Թաթուլ Մանասերյանը հույս հայտնեց, որ կամայական որոշման դեպքում հասարակական դժգոհության մեծ ալիք կբարձրանա, պատկերավոր ասած՝ սպառողի համբերության բաժակը կլցվի:

«Եթե դա տեղի ունեցավ (ջրի գինը բարձրանա-խմբ,), կարծում եմ՝ սպառողները չեն լռի: Ցանկալի է, որ ամեն ինչ չհասնի նման լարվածության, հատկապես որ Հայաստանում բազմաթիվ այլ խնդիրներ կան»,-շեշտեց տնտեսագետը: Նրա կարծիքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խոհեմ կգտնվի և կհրավիրի լսումներ՝ քննարկումների ավելի լայն շրջանակով, որտեղ կներկայացվեն նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, որպեսզի ստեղծվի շահերի այսպես կոչված եռանկյունի՝ ընկերության, հանձնաժողովի և հանրության ներառմամբ: Ի վերջո, այդկերպ կբացառվեն նաև կոռուպցիոն ռիսկերը:

 

Արա Ալոյան

16 Սեպտեմբեր, 2021 11:32
Վեր