Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է: Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարարը։
Փոխվարչապետ Պապիկյանը ընդգծել է, որ նշված կանոնի հանրային պարզաբանումը շատ կարևոր է՝ թյուրընմբռնումներից խուսափելու համար: «Տիկին Ավանեսյան, հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա, և ինչո՞ւ պիտի նրանք ազատված լինեն: Ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման մոտավոր ցուցանիշները որպեսզի հանրությանն ավելի պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք, ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը», - ասել է փոխվարչապետը:
«Եվ նորից կրկնում եմ՝ անկախ այս փաստից էլ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները», - նշել է նախարար Ավանեսյանը : Նա ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված է քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը: Մյուս կարևոր ուղղությունը տնտեսական անվտանգության և նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ Covid-19-ը դուրս է գալիս կառավարելի շրջանակներից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի պատվաստման ցուցանիշն ավելի քան 85 տոկոս է: Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, պատվաստված չեն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ: Ակնկալվում է, որ այս ամիս, հակացուցումներով հանդերձ, պետական ապարատի պատվաստման ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, ինչով և կդրսևորվի պետական համակարգի առաջնորդությունն այս գործընթացում:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով Հայաստանի Հանրապետությունն առաջնային տեղում չէ պատվաստված քաղաքացիների թվով: «Սա խիստ մտահոգիչ է, և սրա հետևանքով մենք հայտնվում ենք տարբեր կարմիր գոտիներում, որի արդյունքում ավելի պակաս թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով Հայաստանի քաղաքացիներ են իրավունք ունենալու հեշտությամբ լինել աշխարհի տարբեր երկրներում: Իմ կոչը՝ հնարավորինս արագ պատվաստվել և զերծ պահել՝ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին, թե՛ շրջապատին վարակվելու հավանականությունից», - ընդգծել է նա: