Իրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ-ն Իրանի համար կմնա տարանցիկ երկիր. Սուրեն Պապիկյան

Ռուս սահմանապահներն աշխատում են Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդների ազատ արձակման ուղղությամբ, նրանք ամենայն հավանականությամբ  ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ–ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,– ասել է Պապիկյանը:

 «Հայաստանն այս ռիսկը հաշվի չի առել, բայց մյուս կողմից նաև այլ տարբերակի ընտրություն չի ունեցել։ Այդուհանդերձ, ըստ Պապիկյանի, ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։ Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը` որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,– ընդգծել է Պապիկյանը։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին՝ Պապիկյանի դիտարկմամբ՝  դրանք Ադրբեջանի գործն են, որին Հայաստանը միջամտել չի կարող։

«Ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են»,-եզրափակել է փոխվարչապետը:

16 Սեպտեմբեր, 2021 18:15
Վեր