Ադբեջանական կողմը վերջին օրերին ռազմատեխնիկա և զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանին: Թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի այս գործելաոճը և որքանով է այստեղ առկա Թուրքիայի ներգրավվածությունը, Zarkerak.am-ի հետ զրույցում նշված հարցերին անդրադարձավ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Փաստ է, որ և՛ հայ-ադրբեջանական, և՛ Արցախի սահմանին տեղի է ունենում ադրբեջանական և՛ ռազմատեխնիկայի, և՛ ԶՈՒ-ի կուտակում: Նրանք ասում են, որ այդ կուտակումների նպատակը զորավարժություններ են, սակայն եթե որոշում ընդունվի, այդ զորավարժությունները կարող են վերածվել լայնածավալ ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի սահմանին: Այդ հնարավորությունը կա և դա բացառել մենք չենք կարող»:
Սաֆրաստյանի խոսքով, եթե ներկայիս պայմաններում Ադրբեջանի կողմից տեղի ունենա լայնածավալ, ագրեսիվ հարձակում մեր սահմաններին, ապա թուրքական ներգրավվածությունը կլինի ավելի ակնհայտ. «Ինչու եմ ես նման բան ասում, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական ինտեգրումը հիմա ավելի բարձր մակարդակի վրա է, քան 2020 թվականին էր, շատ ինտենսիվ է այդ գործընթացն ընթանում: Թուրքիայի ԶՈՒ-ի ներկայացուցիչները, սպայակույտի ներկայացուցիչները մշտապես գտնվում են և՛ ադրբեջանական գլխավոր շտաբերում, և՛ ԶՈՒ-ում: Ադրբեջանական բանակում տեղի է ունենում մի գործընթաց, որը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ադրբեջանական բանակը թուրքական ԶՈՒ-ի հսկողության և առաջնորդության ներքո գնալով ավելի մոտենում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, այսօր Թուրքիան հենց այդ գործընթացն է իրականացնում ադրբեջանական բանակում: Բացի այս, համեմատաբար վերջերս հայտարարվեց, որ ստեղծվել է Թուրքիա-Ադրբեջան միասնական օդային տարածք, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան պարտավորություն է վերցրել պաշտպանել Ադրբեջանի օդային տարածքը: Հենց այս պատճառով, եթե հիմա Ադրբեջանը գնա Հայաստանի և Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի, ապա դա կլինի առաջին հերթին ոչ միայն համաձայնեցված, այլև մշակված Թուրքիայի հետ, և երկրորդ՝ թուրքական ԶՈՒ-ի ներկայությունն այդ ռազմական ագրեսիային կլինի շատ ավելի լայնածավալ, քան 44-օրյա պատերազմի ժամանակ էր»:
Խոսելով օրեր առաջ տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում մեր տարածաշրջանին անդրադարձի մասին՝ թուրքագետն ասաց. «Ինչպես պաշտոնապես հայտարարվեց, այլ հարցերի շրջանակում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև Հարավային Կովկասի մասին, այստեղ Հայաստանի անուն չի հնչել: Մյուս կողմից, մինչ հանդիպումը Լավրովը հայտարարություն էր արել, որը հետևյալն էր՝ Ռուսաստանը համաձայն է, որ Թուրքիան միջնորդի դեր ստանձնի Հարավային Կովկասում, այսինքն, եթե սա դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանը համաձայն է թույլ տալ, որ Թուրքիան սկսի ավելի ակտիվ լինել Հարավային Կովկասում՝ պահպանելով Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում»:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ռուսական միջնորդության դերի նվազեցմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Պետք է սառը գլխով դատողություններ անել և չտրվել էմոցիաներին: Փաստ է, որ հիմա Ռուսաստանի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, Արևմուտքի հետ սրված հարաբերություններն են, պատժամիջոցները և այլն: Ներկա փուլում Ռուսաստանը Հարավային Կովկասին այնպիսի ուշադրություն, ինչպես մինչ այդ էր, հատկացնել չի կարող: Ես համոզված եմ, որ Ռուսաստանն այսօր իր հոժար կամքով Հարավային Կովկասը չի լքի, որովհետև մեր տարածաշրջանը Ռուսաստանի անմիջական հետաքրքրությունների շրջանակում է գտնվում, պարզապես այժմ ուշադրությունն է թուլացել և դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը համաձայն է Թուրքիային ավելի մեծ հնարավորություններ տալ: Իհարկե, Հարավային Կովկասում ՌԴ-ի Թուրքիայի հետ համագործակցելու պատրաստակամությունը Հայաստանի դիրքերը թուլացնում է»:
Տեղի ունեցող գործընթացի մեջ Սաֆրաստյանը կարևորեց նաև Իրանի դերը. «Այն, որ Իրանն ի օգուտ մեզ հայտարարություններ է անում և դրանք իրական ձևով արտահայտում են Իրանի մոտեցումները, ակնհայտ է: Իրանը դեմ է մեր տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխության, դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին, դեմ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններին, Իրանի այս մոտեցումը բխում է նաև այն հանգամանքից, որ Իրանը, լինելով Թուրքիայի վաղեմի հակառակորդը, բացարձակ ոչ մի ցանկություն չունի, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր դիրքերը տարածաշրջանում ուժեղացնի: Բայց մյուս կողմից, եթե հանկարծ Արցախի և Հայաստանի դեմ սկսվեն ռազմական գործողություններ, արդյո՞ք Իրանը կմիջամտի, ես կարծում եմ՝ ոչ: Սա էլ պետք է մենք լավ հասկանանք»:
Աննա Բզնունի