Զախարովայի փաստաբանները Zarkerak - Զախարովայի փաստաբանները
Zarkerak Zarkerak - Զախարովայի փաստաբանները

Զախարովայի փաստաբանները

Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները մասնակցում էին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։ «Հայաստան» խմբակցությունը դեռևս անցած տարվա ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի օրերից քանիցս հրաժարվել է մասնակցել ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանին, նաև ԱԺ նիստերի բոյկոտը դադարեցնելուց հետո։

Ամիսներ շարունակ խուսափել են երկրի վարչապետին ուղիղ հարցեր տալուց, սակայն փողոցում և այլ հարթակներից գրեթե միշտ իշխանություններին ուղղված տարբեր հարցադրումներով ու երբեմն անհիմն պնդումներով են հանդես եկել։ Թվում էր, թե երեկ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունը կբարձրացնի երկրի համար կարևոր հարցեր, սակայն ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներից պարզվեց, որ նրանք խորհրդարան են եկել Ռուսաստանի, կամ ավելի ճիշտ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փաստաբանությամբ զբաղվելու համար։

ՌԴ ԱԳՆ-ն ներկայացնող տիկինը՝ վերջին շրջանում աչքի է ընկնում Հայաստանի, հայ ժողովրդի և իշխանությունների հասցեին ուղղված կոպիտ, երբեմն դիվանագիտական կոռեկտության սահմանները հատող խոսույթով։ Զախարովան և Ռուսաստանի այլ պաշտոնյաներ՝ մեղադրում են Հայաստանի իշխանություններին՝ այսպես ասած ինչ-որ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններ խախտելու համար։ Թեպետ՝ Հայաստանի ղեկավարը բազմիցս հայտարարել է, թե ինչ են բանակցում Ադրբեջանի հետ, ինչ պայմանավորվածություններ ու ինչ սկզբունքներ են փորձում համաձայնեցնել։ Այս ամենով հանդերձ սակայն, երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները միմյանց հերթ չտալով կրկնում էին Զախարովայի պատումները և ամեն ինչ անում էին, որպեսզի վարչապետը խոտովանի այն, ինչն իրականում չկա, կամ կա միայն Զախարովայի երևակայություններում։

Իշխանություններին կարելի է քննադատել, մեղադրել բազմաթիվ հարցերում, դա է հենց ընդդիմության գործառույթը։ Սակայն, երբ ընդդիմությունը զբաղվում է օտար երկրի պաշտոնյայի, հատկապես ցածր դասի պաշտոնյայի փաստաբանությամբ՝ դա արդեն խոսում է հենց այդ ընդդիմության ցածր կարգի մասին, եթե չասենք հակապետական կարգի մասին։

Թերևս ժամանակն է, որպեսզի «Հայաստան» խմբակցությունը վերանվանվի «Ռոսսիա» խմբակցության։ Այստեղ ռուսիո շահերն ավելի են կարևորվում, քան սեփական երկրի հեղինակությունն ու շահերը, թեպետ դեռ պետք է պարզել, որն է նրանց սեփական երկիրը։  

Մկրտիչ Իսրայելյան

14 Սեպտեմբեր, 2023 12:54
Վեր