Ներքին տեղեկատվական տեռոր՝ Հայաստանի դեմ Zarkerak - Ներքին տեղեկատվական տեռոր՝ Հայաստանի դեմ
Zarkerak Zarkerak - Ներքին տեղեկատվական տեռոր՝ Հայաստանի դեմ
Ներքին տեղեկատվական տեռոր՝ Հայաստանի դեմ

Ներքին տեղեկատվական տեռոր՝ Հայաստանի դեմ

Անդրադառնալով այսօր մամուլում տարածված լուրերին, թե իբր Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը տեղափոխվել է, GTB հոլդինգից մեկնաբանել են, որ ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ 

Գործարանի տեղափոխման մասին լուրի սկզբնաղբյուրը, ըստ տեղական լրատվամիջոցների՝ ԵՄ դիտորդական առաքելությունն էր, որը  X սոցկայքի միկրոբլոգում գրել էր, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետևելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը: «Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,- գրել էին դիտորդները: Ավելի ուշ, այս գրառումը առաքելության պաշտոնական էջից հեռացվել էր։  

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սակայն անդրադառնանք գործարանի` այսպես ասած տեղափոխման մասին լուրի կայծակնային տիրաժավորմանը, որին ձեռնամուխ էին եղել հիմնականում ընդդիմադիր ուղղվածություն ունեցող կայքերը։ Թե որն է եղել դիտորդական առաքելության սկզբնական նպատակը՝ թերևս կմեկնաբանեն իրենք՝ դիտորդները։ Չի բացառվում, որ բովանդակային վրիպակ է եղել, ինչն էլ հետագայում ուղղվել է։ Այստեղ, սակայն ուշագրավ էր տեղական լրատվամիջոցների տեղեկատվական արագ գրոհը, որի թիրախը ՀՀ իշխանություններն էին, որոնց սկսեցին մեղադրել Բաքվի հերթական պահանջները կատարելու համար։

Ադրբեջանը գործարանի կառուցման սկզբից փորձում էր խոչընդոտել աշխատանքները՝ չթաքցնելով իր պահանջները և դժգոհությունը։ Սակայն այստեղ մեկ ուշագրավ դիտարկում կարող ենք անել, եթե Հայաստանի իշխանությունը կատարում է Բաքվի պահանջը, ապա գործարանը ոչ թե կտեղափոխվեր, այլ, ընդհանրապես կդադարեցվեր դրա կառուցումը։

Փաստացի գործ ունենք հայկական ընդդիմադիր մեդիայի հերթական տեռորի հետ։ Տեռոր, որի նպատակն է ներսից ապահովել Բաքվի նպատակների և պահանջների իրագործումը։

Հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի կառուցումը լուրջ տնտեսական, ինչու չէ նաև ռազմաքաղաքական կարևորություն ունեցող ծրագիր է։ Հենց այդ կարևորությունից ելնելով է, որ երբ հայտնի դարձավ գործարանի կառուցման մասին՝ Ադրբեջանը սկսեց նյարդայնանալ և փորձում է ամեն գնով տապալել ծրագիրը։  Այս ընթացքում Ադրբեջանն ապահովում է գործարանի շուրջ ռազմական տեռորը, իսկ տեղեկատվական տեռորի պարտականությունները ստանձնել են տեղի տեղեկատվական դիվերսանտները։  

Մկրտիչ Իսրայելյան 

14 Սեպտեմբեր, 2023 14:40
Վեր