Երևանյան քաղաքական խճանկար Zarkerak - Երևանյան քաղաքական խճանկար
Zarkerak Zarkerak - Երևանյան քաղաքական խճանկար
Երևանյան քաղաքական խճանկար

Երևանյան քաղաքական խճանկար

Սեպտեմբերի 17-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքով ոչ մի քաղաքական ուժ չի հավաքել  բավարար ձայներ՝ քաղաքապետ ընտրելու համար։ Երևանի ավագանու կազմում լինելու է 5 քաղաքական ուժ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ, Երևանի քաղաքապետը կընտրվի կոալիցիոն սկզբունքով, եթե, իհարկե ընտրական շեմը հաղթահարած ուժերը կարողանան միմյանց հետ համաձայնության գալ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 32․57 տոկոսը և նախնական կունենա 24 մանդատ։ Մնացած ուժերը կստանան ավելի քիչ մանդատներ։ Ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերին անհրաժեշտ է լինելու 33 մանդատ, որպեսզի իրենց ցուցակների առաջին համարներից որևէ մեկին ընտրեն քաղաքապետ։

ՔՊ-ն կունենա 32 մանդատ, եթե կարողնանա կոալիցիա կազմել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ։ 33 ավագանու մանդատ էլ կունենան ընդդիմադիր ուժերը, եթե նրանց հաջողվի համախմբվել։ Հետևաբար, ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե ընդդիմության ճամբարում դիրքավորված ուժերը համախմբվեն, ապա Երևանը կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Երևանի կառավարումը ստանձնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պակասում է մեկ ձայն։ Սակայն, ամեն ինչ հարթ չէ ընդդիմադիր ճամբարում։ Այստեղ նույնպես բավական ուշագրավ պատկեր է։ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» ուժերն արմատական ընդդիմություն են գործող իշխանությանը, սակայն այս ուժերի յուրահատկությունն այն է, որ նրանք չեն սիրում նաև միմյանց, մեղմ ասած՝ չեն սիրում։ Թեպետ սերը քաղաքական կատեգորիա չէ, սակայն, այս երեք ուժերը հանրային հարթակներում այնքան են ամենավերջին բառերով վարկաբեկել միմյանց, որ դժվար է ասել՝ արդյոք սերը կհաղթի ատելությանը։

Օրինակ՝ Հայկ Մարությանին՝ մեղմ ասած չեն ընդունում «Մայր Հայաստանում», որտեղ հիմնականում համախմբված են նախկինները, կամ Մարությանի բնորոշմամբ՝ սևերը։ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանի թիմերը ոչ մի կերպ չեն ընդունում Վարդան Ղուկասյանին (Դոգին), Դոգն էլ իր հերթին միշտ ամենակոպիտ բառապաշարով գրողի ծոցն է ուղարկել թե՛ նախկիններին, թե՛ սպիտակից սև դարձած Հայկոյին։

Թեպետ այսօր Երևանում քաղաքական կոնյուկտուրան այնպես է դասավորվել, որ եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանությունը վերցնել, ապա նրա միակ հույսը մնում է Դոգը։

Քաղաքականությունը ոմանք համարում են «արվեստ», ոմանք՝ անբարոյականություն։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ առանց արվեստի և անբարոյականության գործակցության Երևանի կառավարումը կարող է խորը ճգնաժամում հայտնվել։  

Այսքանը՝ քաղաքապետարանում հայտնված ուժերի մասին։ Ոչ պակաս ուշագրավ պատկեր է ընտրական անցողիկ շեմը չհաղթահարածների ճամբարում։ Իսկ այնտեղ հայտնվել են նաև բավական պոռոտախոս քաղաքական ուժեր։ Ռուբեն Վարդանյանի Մանե Թանդիլյանը չի հաղթահարել ընտրական շեմը, մինչդեռ ամբողջ քարոզարշավի ժամանակ Թանդիլյանն արդեն իրեն քաղաքապետ էր պատկերացնում և զբաղված էր ճոպանուղիներ կառուցելու մասին մեծ ու փոքր պատումներով։ Սա, թերևս ոչ այնքան Մանե Թանդիլյանի, կամ նրա թիմակից Մեսրոպ Առաքելյանի, այլ հենց Ռուբեն Վարդանյանի համար պետք է մեծ դաս լինի, որը ծախսելով ահռելի փողեր այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնել քաղաքական արևի տակ։

Ավագանու ընտրություններով՝ թերևս ոչ թե փակվեց, այլ բացվեց Երևանի իշխանության հարցը և ամեն ինչ դեռ նոր է սկսվելու։ Ընտրության արդյունքներն ինչ-որ առումով նաև գործող իշխանության սայթաքումն է, և որպեսզի այդ սայթաքումը կործանարար չլինի, անհրաժեշտ է արագ հետևություններ անել։

Մկրտիչ Իսրայելյան 

18 Սեպտեմբեր, 2023 12:59
Վեր