«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կազմակերպելու համար Փարաքար-Էջմիածին հատվածը եւ եւս մի քանի փողոցներ փակ են լինելու: Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը:
«2023 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների եւ դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչեւ Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչեւ Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (4 կմ)։
Նույն օրը, ժամը 11.00-ից մինչեւ 16.30-ը, միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթեւեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն 1 ուղղությամբ):
Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթեւեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչեւ ավարտը։
Միջոցառման մեկնարկից մինչեւ ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաեւ Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը»,- նշվում է հայտարարության մեջ: