Արցախում ադրբեջանցիներն իբր սխալմամբ կրակել և սպանել են 6 ռուս խաղաղապահի, ևս մեկին էլ վիրավորել են։ Այս միջադեպից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է սպանության փաստը և ընդամենը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից և նշել, որ պատրաստ է դրամական փոխհատուցում տալ զոհվածների ընտանիքներին։
Թվում էր, թե սեփական զինվորների սպանության փաստին Ռուսաստանը և այդ երկրի քարոզչամեքենան պիտի ավելի կոշտ արձագանքներ, սակայն Ռուսաստանում որոշել են սեփական զինվորների արյունը լվանալ ադրբեջանական փողերով։
Ավելին, ռուսական պրոպագանդան այս ողբերգական դեպքը թողած ընկել է Հայաստանի փողոցները, որովհետև իրենց զինվորների կյանքը գրոշի արժեք չունի, իրենց համար կարևորը Հայաստանում արյուն թափելն է, ինչին ամբողջ ուժով ձեռնամուխ են եղել Մոսկվայի պաշտոնյաները, Կրեմլում ծվարած հայի ազգանունով սազանդարները, Ռուսաստանի պատվերով Երևանի փողոցներում Արցախը փրկող նրանց հաճախորդները։
Ավելին, ռուսական քարոզչամեքենան ամբողջ թափով հարձակվել է Հայաստանի վրա և ամեն ինչ անում է Երևանի փողոցները արյունով ծածկելու համար։ Մոսկվայի գլխավոր հեռուստալիքների մշտական հաճախորդների բանակը շարունակում է թիրախավորել հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին, փոխարենը ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց գլխավոր ռազմավարական գործընկերն է։ Սիրո նման խոստովանություններ են անում թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, թե՛ հայի ազգանունով Կրեմլի գլխավոր սազանդար Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովն ու մյուս ռուպրները։ Գործին ներգրավվել է նաև Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին, որն ավելի խորն է գնացել և հայտարարել է, որ Ռուսաստանի համար Ալիևի նման գործընկեր չկա ամբողջ հետխորհրդային տարածքում, նրան կարող է հավասարվել՝ թերևս միայն Լուկաշենկոն։ Եվ, սա այն բանից հետո, երբ իրենց սիրելի Ալիևը գնդակահարում է ռուս զինվորներին, իսկ վիրավոր ռուս խաղաղապահի բուժման հարցով զբաղվում են Հայաստանում և ոչ թե Ռուսաստանի սիրելի Ադրբեջանում։
Սա է՝ մեր այսպես ասած ռազմավարական դաշնակցի, «դարավոր բարեկամի», սակայն իրականում ոխերիմ բարեկամի իրական դեմքը։ Սա այն ոխերիմ բարեկամն է, որը փոխանակ զբաղվի իր դաշնակցի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերով, զբաղված է Հայաստանը ցնցելով, զբաղված է Ադրբեջանի ձեռքերով Արցախի խաղաղ բնակչությանը պատանդ պահելով։ Սա այն ոխերիմ բարեկամն է, որը սեփական զինվորների կյանքը գնահատում է Ալիևի դրամապանակի չափով։
Չնայած ռուսները միշտ են թքած ունեցել իրենց զինվորների վրա։ Հիշենք՝ թեկուզ 44-օրյա պատերազմի վերջին օրը, երբ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից խոցվեց ռուսական ուղղաթիռը, այդ ժամանակ նույնպես Ռուսաստանն ընդամենը ժպտաց Ալիևին և բացարձակապես ոչ մի ծպտուն չհանեց, որովհետև Ռուսաստանը բարեկամի դիմակով սկսում էր Արցախի և Հայաստանի օկուպացիան, որն այսօր ցանկանում է ավարտին հասցնել։
Մկրտիչ Իսրայելյան