Երբ Հայրենիքն ու պատիվը տալիս են օտարին Zarkerak - Երբ Հայրենիքն ու պատիվը տալիս են օտարին
Zarkerak Zarkerak - Երբ Հայրենիքն ու պատիվը տալիս են օտարին
Երբ Հայրենիքն ու պատիվը տալիս են օտարին

Երբ Հայրենիքն ու պատիվը տալիս են օտարին

Արցախը տեղահանվում է։ Արցախի էթնիկ բնակչությունը տեղահանվում է նույնիսկ այն բնակավայրերից, որտեղ պատմականորեն միշտ հայեր են բնակվել և ադրբեջանցիներ չեն եղել։ Արցախը տեղահանվում է նրանց շնորհիվ, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վատն էին համարում, սակայն այս տարվա սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո այդ խմբակն ու նրանց կնքահայրերը Հայաստանի թիկունքում ադրբեջացիների հետ կնքեցին խայտառակ կապիտուլիացիոն համաձայնագիր, որով Արցախը զինաթափվեց և դատակվեց։ Այդ խմբակի պարագլուխներն այսօր նույնիսկ տեղահանվող արցախցիների կողքը չեն, նրանք արել են իրենց գործը, իսկ հիմա՝ հավանաբար զբաղված են սեփական կաշիները փրկելու գործով։  

Ստեփանակերտը սկուտեղի վրա Բաքվին հանձնեցին նրանք, որոնք վերջին երկու տարիների ընթացքում մերժում էին ցանկացած երկխոսություն Ադրբեջանի հետ, երկխոսություն, որը կարող էր բերել՝ համեմատաբար ավելի բարենպաստ լուծման։ Այդ ուժերին հովանավորում էին Արցախի և Հայաստանի նախկին նախագահները։ Իշխանության զավթումից հետո՝ Ադրբեջանը Ռուսաստանի համաձայնությամբ հարձակվեց Արցախի վրա, այդ ագրեսիան շատերը համարում են Արցախի գործող իշխանությունների, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածության արդյունք, ընդ որում այդպիսի կարծիք տարածված է նաև հենց արցախցիների շրջանում։  

Արցախի պաշտպանության բանակը՝ թեպետ կարողանում էր դիմադրել ադրբեջանական մեծաքանակ զինուժի հարձակմանը, սակայն Արցախի իշխանությունը որոշեց 24 ժամ անց կանգնեցնել պատերազմը և գնալ Եվլախ՝ ադրբեջանցիների խայտառակ պայմաններն ընդունելու և կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու համար։

Արցախում իշխանափոխություն իրականացրած հայտնի ուժերը՝ Ռուսաստանի քաղաքական և քարոզչական ռեսուրսի անմիջական մասնակցությամբ փորձում են տապալել նաև Հայաստանի իշխանությունը։ Նպատակը մեկն է՝ օգտագործելով Արցախի դավաճանական հանձման հուզական պահը՝ Հայաստանում տապալել գործող իշխանություններին և կարգել ռուսական դրածոի, որն անվերապահորեն կկատարի Մոսկվայի բոլոր հրահանգները։

Երևանում զանգվածային ընդվզումների թիկունքում երևում են այն մարդկանց ականջները, որոնք Արցախը փրկելու կոչերով խլեցին իշխանությունն Արցախում և հանձնեցին Ադրբեջանին։ Այսօր այդ նույն մարդիկ, որոնք չկարողացան Արցախում փրկել Արցախը, փորձում են այն փրկել Երևանի փողոցներում։

Երևանում փողոցային ընդվզումները համակարգում են մարդիկ, որոնք տարիներ շարունակ Արցախի անունը շահարկելով թալանեցին թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։ Այդ մարդկանց մեջ՝ բնականաբար մեծ դերակատարում ունեն նախկին նախագահները և նրանց ընտանիքի անդամները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը։ Թվում էր, թե Հայաստանի և Արցախի հաշվին միլիոնավոր դոլարներ կուտակած այս ընտանիքն այսօր պետք է լիներ Սյունիքում, Գորիսում, որտեղ բազմաթիվ կամավորներ և տեղացիներ օգնում են ընդունել Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների։ Ռոբերտ Քոչարյանի որդին, եթե մի փոքր պատվախնդրություն ունենար՝ այսօր ոչ թե Երևանի փողոցներում խուլիգանությամբ կզբաղվեր, այլ կփորձեր հոր և իր միլիոնների մի մասն ուղղել անտուն հայրենակիցներին։ Սակայն պատվախնդրությունն այս ընտանիքի համար չի ասված, պատվախնդրություն ունեցող մարդը նվիրվում է սեփական հայրենիքին և ոչ թե օտար երկրի հրահանգով փորձում կործանել սեփական հայրենիքը։

Մկրտիչ Իսրայելյան

25 Սեպտեմբեր, 2023 11:37
Վեր