«Այն դաշնակիցները, որոնց վրա Հայաստանը հույս է դրել, մեր խոցելիությունն ի ցույց դնելու ու հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»,-այս մասին սեպտեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ ձեռնարկելու են բոլոր միջոցները Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար. «Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացել Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության գործիքները` համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»:
Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին և ՀՀ-ում ստեղծված ներկայիս իրավիճակին՝ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Հայաստանի պետականությանը սպառնում է չափազանց լուրջ վտանգ՝ պետականության վերացում: Այդ օպերացիայի մասնակցիներն են Ռուսաստանը, Թուրքիան և որպես գործիք՝ Ադրբեջանը: Մեր ղեկավարությունը՝ կարծես թե հասկանում է այս ամենը: Ես չունեմ ամբողջական ինֆորմացիա, որպեսզի կարողանամ ասել, թե կան արդյոք այլ մասնակիցներ այդ ամենում, սակայն ես կարող եմ պնդել, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն փորձում են ներգրավվել այս պլանների մեջ Իրանին, ստանալ Իրանի համաձայնությունը, որպեսզի Հայաստանի հերթական մասնատումը լինի, չգիտեմ Իրանը համաձայնելու է, թե՝ ոչ, բայց Լավրովի մոտակա այցի ժամանակ այդ փորձը հերթական անգամ լինելու է, Շոյգուն փորձեց, կարծես թե չստացվեց, հիմա Լավրովն է փորձում»:
Ստեփանյանի խոսքով՝ միանշանակ պետք է համագործակցել միջազգային գործընկերների հետ, բայց քաղաքագետը դժվարացավ նշել, թե արևմտյան երկրները մեզ երաշխիքներ կտա՞ն, թե՝ ոչ. «Վերջին ժամանակահատվածում շատ կասկածելի է ԱՄՆ-ի պահվածքը, ես ուզում եմ հիշեցնել, որ Արցախի վրա հերթական հարձակումը տեղի ունեցավ Բլինքենի և Ալիևի հեռախոսազրույցից անմիջապես հետո, դա փաստ է, մենք չենք կարող այդ փաստը շրջանցել: Մենք չենք կարող այսօր նշել, որ ԱՄՆ-ն այս բոլոր աշխարհաքաղաքական գործարքներում մեր կողմից է, այո, հայտարարություններն արվում են բոլոր կողմերից, բայց մենք տեսանք, որ այդ եղեռնը, այդ էթնիկ զտումները, որ տեղի ունեցան Արցախում, ոչ ոք չկանգնեցրեց: Այն, որ հիմա այս ամենը Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տեղափոխել Հայաստան, կոնկրետ Սյունիքի մարզ՝ ակնհայտ է: Ես հիմա չեմ կարող ասել, մենք կարող ենք դա կանգեցնել, որովհետև չունեմ ամբողջական տեղեկատվություն, շատ բան կախված է Իրանի դիրքորոշումից, եթե Իրանին կարողանան համոզել, որ Իրանը կարող է մասնակից լինել Հայաստանի մասնատման գործընթացին, մենք կարող ենք ստանալ ամենավատ սցենարը, հույս ունեմ, որ չեն համոզի»:
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը նորից օրակարգ բերելուն՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Եթե այս հարցի շուրջ եղավ միջազգային կոնսենսուս, այսինքն՝ բոլորը պետք է համաձայնվեն, որպեսզի այդ միջանցքը տրվի Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին, մենք չենք կարող սա կանգնեցնել, այդ դեպքում պատերազմական գործողություններ վարելու որևէ իմաստ չկա: Եթե եղավ միջազգային կոնսենսուս, մենք տալու ենք այդ միջանցքը զոհերով, եթե հնարավորություն կա այդ կոնսենսուսին խանգարել, կամ այդ կոնսենսուսը չլինի, ուրեմն դա տեղի չի ունենա, եթե Իրանը համաձայնեց, ԱՄՆ-ը համաձայնեց, Բրյուսելը համաձայնեց՝ զենքով պայքարելու իմաստ չկա, մենք դա չենք կարող կանգնեցնել: Սակայն հիմա ոչ մեկը չի ասում, որ այդ կոնսենսուսը կա, ես հույս ունեմ, որ չկա և Իրանը կլինի հետևողական իր դիրքորոշմանը և չի հավատա ռուս-թուրքական խոստումներին, իսկ եթե Իրանը չի համաձայնում, ապա որևէ մեկը չի կարող դա անել»:
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության մասին, որ Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը և որ Ֆրանսիան ՀՀ-ի կողքին է՝ մեր զրուցակիցն ասաց. «Հույս ունեմ, որ Մակրոնն անկեղծ է եղել և այդ խոսքերն ուղղակի հռետորաբանության համար չի հնչեցրել, եթե դա իրոք այդպես է և Ֆրանսիան իր ամբողջ գործիքակազմը կներդնի, որպեսզի «Զանգեզուրի միջանցք»-ի այդ սցենարը չիրականացվի, մենք կարող ենք փաստել, որ դա չի լինելու: Դրա համար պարտադիր պայման է միջազգային բոլոր խոշոր խաղացողների կոնսենսուսը, Ֆրանսիան այդ կոնսենսուսի մի մասն է, բայց կա դեկլարատիվ հայտարարություն և կա իրական քաղաքականություն: Դեկլարատիվ հայտարարություններով ԱՄՆ-ը հազար անգամ ասել է, որ մեր տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, բայց մենք տեսնում ենք, որ գործողություններում դա չկա»:
Քաղաքագետն անդրադարձավ նաև ՀՀ-ում տեղի ունեցող ներքին բախումներին և այն պնդումներին,թե դրանք ուղղորդվում են ՌԴ-ի կողմից . «Միանշանակ այստեղ կա ուղիղ հրահանգավորում, միանշանակ Ռուսաստանը շահագրգռված է այդ պլանի իրագործման հետևանքով նաև վերցնել Հայաստանում իշխանությունը, որպեսզի ավելի հեշտ լինի իրագործել և՛ «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը, և՛ մնացած ռուսական պլանները: Այսօր հիմքեր չկան, որպեսզի դա հաջողությամբ պսակվի, բայց իրավիճակը շատ պայթյունավտանգ է, եթե նրանք կարողանան փողոց հանել կրիտիկական զանգված և իշխանությունը չցուցաբերի այն մոտեցումը, որը պարտավոր է այդ դեպքում ցուցաբերել, ամեն ինչ էլ հնարավոր է: Հույս ունեմ, որ այդ սցենարից մենք կարող ենք խուսափել, որովհետև ես որևէ տարբերություն չեմ տեսնում թե այդ միջազգային կոնսենսուսի պայմաններում Սյունիքը և միջանցքը հանձնելու է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Եթե փոխվում է երկրի ղեկավարը, պլանները չեն փոխվում»:
Աննա Բզնունի