«Հայաստանի Հանրապետությունը ներկայումս իր անվտանգային համակարգի տրանսֆորմացիայի փուլում է գտնվում: Ինչպես վարչապետը վերջին իր ուղերձում նշեց՝ անվտանգային համակարգը, որը եղել է ՀՀ-ի շուրջ ավելի քան 30 տարի, ցույց տվեց իր անարդյունավետ բնույթը և, հետևաբար, այսօր առաջացել է ինչ-որ առումով անվտանգային վակուում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանի խոսքով՝ անվտանգային ոլորտում գործող միջազգային պայմանագրերը չեն գործում. «Նախ և առաջ հայ-ռուսական պայմանագրային բազան փաստացի չի գործում և ավելին՝ Ռուսաստանը գնալով ավելի ոչ բարեկամական կեցվածք է ցույց տալիս Հայաստանի հանդեպ, անհրաժեշտություն կա, ընդհանուր առմամբ, վերատեսության ենթարկել գործող անվտանգային համաձայնագրերը, կառուցակարգերը և լրացնել առկա գործիքակազմը նոր, ավելի արդյունավետ միջոցներով: Այս համատեքստում Հռոմի ստատուտն իր ուրույն տեղն ունի, քանի որ նախատեսվում է միջազգային հանցագործությունների համար, ինչպիսիք են՝ ագրեսիվ պատերազմը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ցեղասպանությունը և այլն: Ստատուտի վավերացմամբ՝ միջազգային հանցագործությունների կազմակերպիչների և կատարողների համար նախատեսված է անհատական քրեական պատասխանատվություն: Այն պետությունները, որոնց ռազմաքաղաքական պոտենցիալը մեծ չէ, նման միջազգային իրավական գործիքակազմերը խիստ կարևոր են, որովհետև հնարավորություն են տալիս միջազգային հանրությանը՝ հատկապես արևմտյան պետություններին, օգնության հասնել այն ժամանակ, երբ իրենք ենթարկվում են ագրեսիայի, վերը նշված միջազգային հանցագործությունների, ինչպիսին տվյալ դեպքում Հայաստանն է՝ հաշվի առնելով Ադրբեջանի էթնիկ զտումն Արցախում, ագրեսիվ ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք, մեր զինվորականների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքը և այլն»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հնարավորություն կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը՝ իրավագետն ասաց. «Այս առումով՝ Հռոմի ստատուտը թույլ կտա Հայաստանին նախ քայլ կատարել դեպի Արևմուտք, երկրորդը՝ նոր իրավական կառուցակարգ ստեղծել, որով Արևմուտքը կամրապնդի իր ներկայությունը Հայաստանում: Ուկրաինայում, երբ ընդունվել է Հռոմի ստատուտի իրավազորությունը, Հաագայի քրեական դատարանի մի մեծ ներկայացուցչություն դաշնային առաքելություն է բացել Ուկրաինայում, որը տեղում հետևում և արձանագրում է պատերազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի կողմից կատարվող հանցագործությունները: Նման մի ներկայացուցչության բացում չի բացառվում նաև Հայաստանում և այս առումով միջազգային հանրության մոնիտորինգը հայ-ադրբեջանական սահմանին կատարվող գործողությունների հանդեպ կմեծանա: Մի բան էլ պետք է հաշվի առնել, որ Հռոմի ստատուտը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում կարող է լիարժեք գործել, եթե Ադրբեջանը ևս վավերացնի այն: Ամեն դեպքերում մեր փոխգործակցությունը միջազգային քրեական դատարանի հետ թույլ կտա առնվազն ապահովել միջազգային քրեական դատարանի ինֆորմացվածությունը տեղի ունեցողի վերաբերյալ և միջազգային քրեական դատարանի դատախազը կարող է շատ կարևոր դեր խաղալ անգամ ԱԽ-ում հարցի հնարավոր քննարկման պարագայում»:
Խոսելով հնչող այն մեղադրանքների մասին, որ այս քայլով ՀՀ-ը դուրս է գալիս ՌԴ-ի դեմ՝ Արտաշես Խալաթյանը նշեց. «Ըստ էության, Հռոմի ստատուտի վավերացումը հետևանք է հենց նրա, որ մեր դաշնակցային կառուցակարգերը չեն գործում և, ըստ էության, անվտանգության վակուումն առաջացել է հենց Ռուսաստանի անգործության արդյունքում: Այստեղ մեղքը դնել Հայաստանի վրա, որը փորձում է պաշտպանել իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ պարզապես ազնիվ չէ: Այս պարագայում Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ որևէ պետության դեմ, բացի Հայաստանի հանդեպ հանցավոր գործողություններ ծրագրող և իրականացնող պետություններից, ինչպիսին տվյալ դեպքում հանդիսանում է Ադրբեջանը: Սա որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանին ինչ-որ բանի մեջ մեղադրելու: Հռոմի ստատուտի վավերացումը բացառապես դիտարկվում է Հայաստանին օգնելու, այլ ոչ թե Հայաստանի վրա նոր անհամաչափ պարտավորություն դնելու համատեքստում: Այստեղ Ռուսաստանը պարզապես չի ցանկանում, որ իր կրտսեր դաշնակից Ալիևն ընկնի դժվար կացության մեջ և, միաժամանակ սա նաև խանդի տեսարան է, քանի որ Ռուսաստանը տեսնում է, որ ՀՀ-ը փորձում է ՌԴ-ի ոչ բարեկամական կեցվածքի պայմաններում նոր արտաքին քաղաքական վեկտոր որդեգրել»:
Թե, որքանով ՀՀ-ի կողմից ստատուտի վավերացումը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ մեր զրուցակիցն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները հատել են վատացման կրիտիկական կետը և առնվազն քաղաքական մակարդակում գտնվում են Հայաստանի երրորդ պատմության ընթացքում ամենացածր կետի վրա: Ես կարծում եմ, որ Հայաստանը հետդարձի ճանապարհ չունի՝ գոնե ՌԴ-ի այս իշխանությունների պայմաններում»:
Խալաթյանն ընդգծեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա փաստագրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և իրավաբանորեն վավերացնել դրանք. «Հաագայի քրեական դատարանն այսուհետ հնարավարություն է ունենալու ինստիտուցիոնալ համագործակցել Հայաստանի հետ և ևս մի ձայն է լինելու միջազգային հանրության մեջ, որը բարձրաձայնելու է Ադրբեջանի հանցագործությունների մասին»:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը:
Աննա Բզնունի