էսքան տարի ապրես, էդքան արյուն թափես ու տանդ դուռը փակես, գնա՞ս․ հադրութցի Լիանայի, մարտակերտցի Սամվելի, ստեփանակերտցի Իննայի գաղթի ճանապարհը Zarkerak - էսքան տարի ապրես, էդքան արյուն թափես ու տանդ դուռը փակես, գնա՞ս․ հադրութցի Լիանայի, մարտակերտցի Սամվելի, ստեփանակերտցի Իննայի գաղթի ճանապարհը
Zarkerak Zarkerak - էսքան տարի ապրես, էդքան արյուն թափես ու տանդ դուռը փակես, գնա՞ս․ հադրութցի Լիանայի, մարտակերտցի Սամվելի, ստեփանակերտցի Իննայի գաղթի ճանապարհը
էսքան տարի ապրես, էդքան արյուն թափես ու տանդ դուռը փակես, գնա՞ս․ հադրութցի Լիանայի, մարտակերտցի Սամվելի, ստեփանակերտցի Իննայի գաղթի ճանապարհը

էսքան տարի ապրես, էդքան արյուն թափես ու տանդ դուռը փակես, գնա՞ս․ հադրութցի Լիանայի, մարտակերտցի Սամվելի, ստեփանակերտցի Իննայի գաղթի ճանապարհը

Սեպտեմբերի 29-ին՝  ժամը 10:00-ի դրությամբ, Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ։  Պաշտոնական թվերն էլ փաստում են, որ արդեն 6-րդ օրն է, ինչ Արցախից դեպի Հայաստան հայերի հոսքը չի դադարում, Լաչինի միջանցքը գերբեռնված է, ամիսներ շարունակ Արցախը Հայաստանի կապող կյանքի միջանցքը այսօր բաց է, բայց ունի միայն մեկ ուղղություն՝ փրկություն դեպի Հայաստան։  Հադրութցի Լիանայի, մարտակերտցի Սամվելի ու ստեփանակերտցի Իննայի հետ Zarkerak.am-ի զրույցը հայերի նորօրյա գաղթի ճանապարհի, հետևում թողածի ու կյանքն առանց Արցախի շարունակելու  մասին է։ Զրույցները պարբերաբար ընդհատվում են լռությամբ, արցունքով, հոգոցներով․․․․  

Լուսանկարը՝ Արթուր Դևրիկյանի

Լիանայի կրկնակի տեղահանությունը՝ կրկնակի կորուստներով  

«Մեր 6 հոգանոց ընտանիքի առաջին տեղահանությունը 2020-ին Հադրութից եղավ՝ Վարդաշատից, գնացինք Ստեփանակերտ, փորձեցինք ամեն ինչ սկսել 0-ից, չստացվեց․․․»,- պատմում է 4 երեխաների մայր Լիանա Էլյազյանը։

Լիանայի ընտանիքը Ստեփանակետից Հայաստան է հասել երեքշաբթի օրը, 2 օրում են անցել ճանապարհը, մինչև վերջին պահը երկմտել է, բայց գուցե մնա՞ն, գուցե ինչ-որ հրաշքով  չլքեն Արցախը․ «Սեպտեմբերի 19-ի առավոտը երեխեքին դպրոցից բերեցինք տուն,  կես ժամից սկսվեց պատերազմը։ Չէինք էլ պատկերացնում, որ էդ ձև կսկսեր, էդ ձև կռմբակոծեին, պադվալներում մնացինք 2 օր, տղաներիցս մեկը ռմբակոծության ձայնից վախից վատացավ, թուլացավ։ Վախենում էին․ իրանք Հադրութում էդ ցավն արդեն մի անգամ տեսել էին։ Ըտենց պադվալներում մնացինք մինչև ռմբակոծության ձայները լռեցին»,- պատմում է Լիանան։ Հիշում է ՝ որպես դատավճիռ հնչած արտահայտությունը՝ «թուրքը մտել ա Ստեփանակերտ»։

 

Ասում է՝ մղձավանջային օրերին ուղիղ 3 օր դիրքերում գտնվող պայմանագրային զինծառայող ամուսնուց լուր չուներ, 2020-ին պատերազմում եղբորն էր կորցրել ու հերթական կորստի վախը թևաթափ էր անում․ «Ամուսինս էկավ տուն, ասեց, որ էլ բանակ չկա, հետո վառեց զինվորական շորերը։ Ասեց՝ մենք մեր գլխի ճարը պետք ա տեսնենք։ Որ իմացանք թուրքը հասել ա արդեն Կրկժան, գիշերը ժամը 1-ին դուրս էկանք քաղաքից։ Սաղ բարեկամներով հավաքվեցինք, 30 հոգով տեղավորվեցինք մեծ ֆուռի մեջ ու դուրս եկանք, առանց ոչ մի բանի, մենակ մեր հագի շորերով, ամեն ինչ թողեցինք, մենակ թե փրկվենք։ Սոված-ծարավ 2 օր ճանապարհ էկանք, թե ինչ ձև, պատկերացնելու չի»,-ասում է նա ու շարունակում․ «Ավտոմատով մեր մեքենայի վրա են կրակել, փառք եմ տալիս Աստծուն, որ էրեխեքը պառկած վիճակում էին, թե չէ մեկնումեկին մի բան կլիներ։ Հակարիի կամրջի անցակետում էլ մեզ ստուգեցին, էլի էրեխեքը վախից վատացան»։

Լիանա Էլյազյանի երեխաները

«Ու մեզ էսքանից հետո ասում են թուրքի  հետ ապրենք,  չէ թուրքի հետ հնարավոր չի, թուրքը մոր աչքի դեմը էրեխուն ա մորթել, դրա համար աչքիս բան չէր գալիս, մենակ ասում էի՝ անցակետը անցնենք, մի բան չլինի, բայց խեղդում ա կարոտը» ։ 

«Ամբողջ ստեղծածը նորից թողեցինք, արդեն 2-րդ անգամ։ Վախտ ա  լինում, էլ  չեմ դիմանում, էսքան տարի, ապրես, ապրես, էդքան արյուն թափես ու կորցնե՞ ս, տանդ դուռը փակես ու գնա՞ս»,- ասում է նա։

«Որ հասանք Կոռնիձոր, ոնց որ փրկության ձեռքը տեսնեինք։ Մի կողմից ուրախ էինք, որ փրկվել ենք, մի կողմից էլ մտածում էինք, ո՞նց, ո՞նց սենց էղավ։ Հիմա Սևանում ենք, էսօր գնում ենք Ճամբարակ, վարձով տուն ենք գտել, չգիտենք ինչ կլինի, ոնց կլինի, անորոշ ա։ Մեզ հույս ենք տալիս, որ  կաշխատենք, կստեղծենք։ Կարանք Ռուսաստան գնանք, բայց, որ Հայաստանում եմ, ոնց Արցախին ավելի մոտիկ լինեմ․․․էնտեղ դեռ սոված ծարավ  իրանց գալու հերթին սպասող բարեկամեր ունենք․․․ հարազատների գերեզմաններ ունենք»։

«Էրեխեքս մենակ հասցրեցին իրանց բաժակները վերցնեն, ես էլ մի բուռ գերեզմանի հող․․․․բոլորին թողեցինք էկանք․․․»։  

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Զինծառայող Սամվելի ընդհատված կռիվը

«13 տարեկան, 12 տարեկան, 4 տարեկան աղջիկներ ունեմ, մեկ էլ 8 ամսական տղա՝ Հայկը, հունվարին ա ծնվել՝ բլոկադայի մեջ, ինքն Արցախից բան չհասկացավ»,- Մարտակերտի Պողոսագոմեր գյուղից 40-ամյա ժամկետային զինծառայող Սամվել Առուստամյանն է պատմում։

Սամվել Առուստամյան 

Ամբողջ կյանքն ապրել է Արցախում, բայց ստիպված եղավ դատարկ դուրս գալ, առանց ոչ մի բանի․ «Կնոջս, էրեխեքիս, կնոջս հորն ու մորը լցրեցի ֆորդիս մեջ  ու դուրս էկանք։  Բլոկադայի ժամանակ սոված-ծարավ  վիճակում էլ, մտքովս չէր անցնում, որ սենց  կլիներ, մտածում էի՝ ժամանակավոր ա, շրջափակումը կպրծնի, մի բան կլինի։ Բայց սենց էղավ։  Ոչ մի բան չվերցրեցինք, փաստաթղթերն էլ  կիսատ-պռատ հասցրեցինք վերցնել․․․»։

Սամվելն ասում է, որ Արցախում թողեց ամեն ինչ՝ հայրական տնից մինչև պահած դիրքեր․ «Ես Ապրիլյանին էլ եմ մասնակցել, 44-օրյային էլ, Փառուխի դեպքերին էլ, դե էս  վերջին դեպքերին էլ։ Կռվում էինք, բայց բոլորիս զինաթափեցին, ընկանք  շրջափակման մեջ, աջ, ձախ, հետ, առաջ գնայինք՝ թուրքն էր։ Ամսի 19-ին, 20-ին, 21-ին շատ վատ էր վիճակը, տնեցիքի հետ կապ չունեի, տեղյակ չէի ոնց են, ինչ են, մենակ գիտեի, որ մեր գյուղն էլ ռմբակոծում են, ընտանիքս ուրիշն ա հանել, Ստեփանակերտ հասցրել»։

«Մենք չքնած, լավ չկերած, բայց պատրաստ էինք կռվել, ուրիշ ճար  չունեինք, պիտի կռվեինք, գիտեինք, որ դժվար ա, բայց նահանջի տեղ էլ չկար։ Շատ ընկերներ կորցրեցի, բոլորին թողեցինք, էկանք, բա իրանց գերեզմաններն ի՞նչ կլինի։ 90-ականներին էլ թվով քիչ էինք, բա ոնց հաղթեցինք, կարող ա մե՞նք էինք վատ կռվում, չգիտեմ»։  

 «Սաղ ճամփին բոլորին հույս էի տալիս, որ հանգիստ էղեք, անցակետում ինձ բան չեն ասի, աներս զինվորական ա՝ մայոր,  առաջին պատերազմի մասնակից, իրա համար էինք շատ վախենում։  Բայց լավ ա, էկանք հասանք Հայաստան,  թե հետո ինչ կլինի՝ չգիտեմ»,- ասում է նա։  

Լ

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

«40 տարվա մեջ ամբողջ Մարտակերտը մտքիս մեջ եմ հավաքել, հիմա,  որ մի բան տաք հատ-հատ կնկարեմ՝ ճանապարհները, ամեն ինչը։ Էրեխեքը հարցեր  են տալիս, 4 տարեկանս հասկանում ա, ասում ա՝   պապա ուզում եմ գնամ տուն, էդ պահին չգիտեմ, չես կարում դիմանաս։ 9 ամիս ասել եմ՝ պետք ա դիմանանք, լավ ա լինելու, չեղավ․․․ Արցախը, որ ազատագրվեց ես 8-9 տարեկան էի, պապաս էլ ա կռվել, ամեն ինչ հիշում եմ, էսօր ասեցին Արցախ էլ չկա»։  

Թե Արցախից դուրս գալիս գոնե վերադարձի մի փոքր հույս կար, Սամվելի խոսքով, հիմա դա էլ չի մնացել․ «Հետ գնալը, Ադրբեջանի կազմի մեջ լինելը՝ բացառվում ա,  9 ամիս ինչ ասես, չտեսանք, ո՞նց էլի գնանք»։  

Ասում է՝ չգիտի կյանքը ոնց կշարունակվի, ինչ կանի, բայց ուզում է Հայաստանում մնալ։ Հիմա փորձում է Սևանա լճին ափին իրենց բաժին հասած ժամանակավոր կացարանում  համատարած մութ օրերի մեջ փոքրիկ ուրախություններ գտնել, օրինակ՝ որ էրեխեքը վերջապես քաղցրի «երես տեսան»։  

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Իննայի նոր վերքն ու Ստեփանակերտում թողածը

«Մեկ պայուսակ, մի քանի ձմեռային հագուստ և վերջ, սա  հասցրեցի դուրս գալիս վերցնել», - Ստեփանակերտից Իննա Արզումանյանն է պատմում․ «Հիփոթեքով գնած տունս ռմբակոծությունից չէր տուժել․ տունս կոկիկ էր, շատ արժեքավոր բաներ թողեցի, տանս դուռը փակեցի այն մտքով, որ սա վերջը չէ, հետ եմ գնալու։ Բայց երբ լսեցի, որ Արցախի Հանրապետությունը լուծարվում է, հասկացա, որ սա իրոք վերջն է, վերադարձի ճանապարհ չկա»։

Արցախում սեպտեմբերի 19-ին  թշնամու մասշտաբային ռմբակոծությունը Իննայի ընտանիքի համար ողբերգական հետևանքներ ունեցավ․ «Հենց առաջին օրը, երբ սկսվեց  ռմբակոծությունը, 80-անց տատիկս պադվալ գնալու  ճանապարհին սրտի կանգից մահացավ։ 4 օր չէինք կարողանում հուղարկավորել։ Նույնիսկ դագաղ չկար, երևի վերջին դագաղը մենք էինք վերցրել։ Այն վիճակն էր, որ ուղղակի զոհերին փաթաթում էին կտորի մեջ ու դնում հողը։ Մեր սուգն էլ մարդկային ձևով չսգացինք»։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

«Արցախում տատիս թարմ հողաթումբը թողեցինք ու ազատամարտիկ հորս գերեզմանը՝ պապաս զոհվել է 90-ականներին․․․։ Այս վերջին օրերն ինձ 90-ականներն էին հիշեցնում, առաջին պատերազմին 12 տարեկան էր, նույն ռմբակոծությունները, նույն պադվալներում անցկացրած օրերն ու վախը՝ դրան էլ գումարվեց մեր ուժասպառ, բլոկադայից հյուծված վիճակը»։

Իննան ասում է՝ մինչև բլոկադան  ագրոտնտես ամուսինը երբեմն մտածում էր Հայաստան գալու, ինչ-որ բանով զբաղվելու մասին․ իրենց ցորենի արտերը 2020-ի պատերազմից հետո թշնամու տիրապետության տակ էին անցել, բայց ինքը կտրուկ հրաժարվում էր․ «Ես ասում էի, որ մենք պետք է մեր հողում մնանք, ես ինքը ու մեր տղան՝ Դավիթը։ 9 ամիս բլոկադայի մեջ չհանձնվեցինք, դժվարությունների միջով անցանք, բայց համբերեցինք, որ լավ է լինելու, վերջը մեր սպասվածից էլ վատ եղավ»։

«Անտանելի հոգեվիճակում, շատ դժվար  հասանք Հայաստան, երկուշաբթի 3-ին դուրս եկանք, չորեքշաբթի լուսադեմին հասանք Տեղ գյուղ։ Անտանելի հոգնել էինք, անտանելի ճանապարհ էր, 1 մետր քշում էինք ու անորոշ ժամանակով կանգնում։  Այդ դադարների  ընթացքում մենակ մտածում էի, որ պատերազմի մասնակից ամուսնուս թողեն անցակետն անցնի, միայն այդ  մտավախությունն էր, ուրիշ բանի մասին չէի մտածում։ Չհասցրեցի էլ կարգին շուրջս նայել, հրաժեշտ տալ, նկարները մնացին մենակ, որ կարոտս առնեմ»։

Այժմ Երևանում ժամանակավոր  ապաստան գտած Իննան Ստեփանակերտից պատառիկներ է հիշում ․ «Անգամ  այդ վիճակում, Ստեփանակերտում սանմաքրման աշխատակիցները փողոցներն էին մաքրում, հրապարակի ծաղիկներով էին զբաղվում։ Մի պատկեր կա, որ մտքիցս դուրս չի գալիս․․․ երկար ժամանակ Արցախում  ծաղիկների խանութները փակ էին, Ստեփանակերտի հրապարակում ցանած ծաղիկները քանդում էին, բուկետ սարքեն, տանեն գերեզմանոց՝ ընկած տղաներին»։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

29 Սեպտեմբեր, 2023 14:43
Վեր