«Իմ ուժեղ տղայի անունն Գրիգորի ըմ տիրալ՝ ուրան դեդոյի անունով, դեդոյի գերեզմանն էլ մեր սուրբ հողում ընք թողալ եկալ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում արցախից բռնի տեղահանված 4 երեխաների մայր Անուշիկ Մովսիսյանն է պատմում։ Ցածր է խոսում, զսպված հուզմունքով․ հոկտեմբերի 1-ի գիշերը Սևանի ԲԿ-ում ծնված արցախցի ուժեղ Գրիգորին հանգիստ քնած է, մայրն ասում է՝ «երեխաս իմացալ չի մեր գլխին հինչ ա եկալ»։
Անուշիկ՝ Գրիգորիի հետ
«4-րդ բալիկս ա՝ երեք աղջիկ ունեմ՝ Մարթան, Մերին, Մարին․ մեր սպասված տղան ա։ Հիմա աղջիկներս Սևանի ափի հյուրանոցներից մեկում՝ ժամանակավոր կացարանում, ամուսնուս ու սկեսուրիս հետ մեզ են սպասում, մենակ նկարով են տեսել էրեխուն, հլը չենք հասկանում ում ա նման»,- պատմում է Գրիգորիի ծնունդով բազմազավակ մայրիկ դարձած արցախցի Անուշիկը։
Գաղթի ճանապարհ անցած 36-ամյա կինը շարունակում է կյանքի փորձություններով անցնել ։ Հիմա արդեն Հայաստանում՝ իր ու երեխայի համար ապահով անկյունում, փորձում է մտքերն ի մի բերել․«Իմ ընտանիքը կրկնակի տեղահանված ա, 2020-ի պատերազմից հետո Հադրութից՝ Թաղուտ գյուղից ստիպված դուրս էկանք, գնացինք Գորիս, հետո հետ էկանք Ստեփանակերտ, չհարմարվեցինք, գնացինք Մարտունի՝ Հերհեր գյուղ։ Մեր համար ապրում էինք, ուզում էինք էլի զրոյից մի բան սկսենք։ Էրեխեքիս հետ վերջին երեք տարին ստիպված տեղից տեղ եմ գնացել, անընդհատ տուն կորցրել, իրանք էլ ինձ հետ հավասար էդ ցավը զգացել են»։
Անուշիկի կրծքի տակ Գրիգորին էլ քիչ փորձությունների միջով չի անցել, ապրելու և լույս աշխարհ գալու համար իր բաժին կռիվն է տվել․ «Ամբողջ հղիությունս անցել ա բլոկադայի պայմաններում, շատ նյարդային եմ եղել, թույլ, բարձր ճնշումով, լիքը բանի պակասություն ենք ունեցել։ Հղիին ի՞նչ ա պետք, հանգիստ վիճակ, նորմալ ուտել, մեր մոտ էդ չկար, պահեր ա էղել շատ եմ թուլացել, բայց առաջինը հոգեպես։ Էդ ժամանակ մենակ մի բան կար, որ ուժ էր տալիս՝ աղոթքներս Աստծու հետ․ մենակ խաղաղություն էի ուզում, ասում էի տա Աստված էս ամեն ինչը վերջանա, բայց աղոթքներս տեղ չհասան․ էլ Արցախ չունենք։ Ի՞նչ անենք, որ էսպես ա ստացվել, մենք հողը ատամներով էինք պահում»։
Անուշիկի ու, կնոջ խոսքով, իր նման այլ կանանց հղիությունն էլ Ստեփանակերտում բժիշկներն էին մեծ դժվարությամբ պահում․ «Բժիշկները հղիությունս պահեցին, ցավեր ունեի, բայց հլը շուտ էր, էնպես արեցին, որ ծննդաբերությունն իրա ժամեկտում լինի, էրեխես առողջ ծնվի։ Որ սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսեց, ես Ստեփանակերտում էի, հիվանդանոցից նոր էի դուրս գրվել, քաղաքում ռմբակոծություն էր, ես էլ դրսում՝ փորս բռնած վազում էի ու Մարտունիում մնացած էրեխեքիս մասին մտածում։ 4-5 օր լուր չունեի, էդ վիճակում նորից ինձ տարան հիվանդանոց․․․ հետո իմացա, որ էրեխեքս հոր հետ պադվալում են էղել՝ վախեցած, սոված, ծարավ․․․հետո գյուղապետը հանեց ամբողջ գյուղին բերեց Ստեփանակերտ»։
«Մի ամբողջ օր տևեց մինչև հասանք Գորիս, ամբողջ ճանապարհին անհանգիստ էի, թույլ, ճնշումս բարձր, մտածում էի, մենակ թե հիմա չծնվի։ Էդքան նստած վիճակում, անշարժ մնալը շատ դժվար էր։ Դիմացա, բայց վախերս շատ էին․ հենց հասանք Սևան, ճնշումս էնքան բարձրացավ, որ արհեստական ցավեր տվեցին ու երեխաս ծնվեց։ Իմ բոլոր աղջիկները Ստեփանակերտում են ծնվել, տղան՝ Սևանում, ո՞վ կմտածեր։ Ամենամեծ երազանքս էր, որ Գրիգորին էլ Ստեփանակետում ծնվի։ Ի՞նչ իմանայի, որ սենց կստացվի, ոչ մեկիս մտքով չէր անցնի»։
Անուշիկը վստահ է, որ Գրիգորիի ծնունդն այս բարդ ու մռայլ օրերին իրենց լույս տվեց ու կյանքը ապրել շարունակելու իմաստ․ «Պետք ա կյանքը շարունակենք, բա ի՞նչ անենք։ Ամեն երեխայի ծնունդ դա ա նշանակում, որ կյանքը պետք ա շարունակենք։ Հլը չգիտենք, ոնց որտեղ, բայց պետք ա ապրենք։ Էդքան վատ վիճակում էի, բայց, որ տղաս ծնվեց սիրտ ուրախ էր, էլի աղոթում էի, որ կարողացա էդքան բանի միջով անցնելով առողջ երեխա ունենալ՝ 3,4 կիլո»,-ասում է Անուշիկը։ Անկեղծանում է, որ սիրտը գոնե հանգիստ է, որ երեխան հագուստի, նորածնին անհրաժեշտ պարագաների կարիք չունի, հիվանդանոցը և համայնքապետարանը ամեն ինչ տրամադրել են։
«Հանգիստ, խելոք երեխա ա, ուտում ու քնում ա, ես էլ եմ փորձում հանգստանամ, բայց մեկ ա շատ վատ եմ, չեմ խաղաղվում` համ ֆիզիկապես, համ հոգեպես՝ մտքիս Արցախն ա։ Բայց դե պետք ա ուժ հավաքեմ, որ մի արցախցու էլ մեծացնեմ․ Գրիգորին չտեսավ ինչ կորցրեցինք, գոնե աղջիկներս մեծանան պատմեն նրան Արցախի մասին․․․ »,- «սրտնեղում է» Անուշիկը։
ՀՀ կառավարության օրեր առաջ ներկայացրած տվյալներով՝ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված արցախցի 230 հղի։ Հայաստանի մեծ ու փոքր տարբեր քաղաքների ծննդատներում արդեն լսվում է արցախցի փոքրիկների առաջին ճիչը։
Մարիամ Մկրտչյան