«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ հայտնի հերոսի հայտնի խոսքերը, եթե տեղափոխենք հայ-ռուսական հարաբերությունների դաշտ և վերաձևակերպենք, ապա, այն գուցե ավելի իրատեսական հնչի՝ «Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կշրջի մեր տարածաշրջանում իր պատմության վերջին էջը»։
Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք դարեր շարունակ բարեկամական են համարվել, այսօր գտնվում են աննախադեպ լարված և սառը փուլում։ Հայաստանը, որը միշտ համարվել է Ռուսաստանի ամենանվիրված երկրներից մեկը՝ այսօր Մոսկվային ուղղված սուր հարցադրումներով է հանդես գալիս։ Ամենաբարձր մակարդակով հնչող փոխադարձ մեղադրանքները՝ գնալով ավելի կոշտ և սուր են դառնում։
Ռուսաստանը, որը համարվում է Հայստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ ոչ միայն չի ցանկանում կատարել իր պարտավորություները, այլև իր անգործությամբ ավելի խոցելի է դարձնում մեր անվտանգությունը։ Մոսկվան լուռ էր, երբ վերջին տարիներին Հայաստանը ագրեսիայի էր ենթարկվում, Մոսկվան ոչ միայն լռեց, այլև աջակցեց, որպեսզի Ադրբեջանը վերցնի Արցախը և հայաթափի այն։
Ռուսաստանն այսօր ապրում է իր ժամանակակից պատմության ամենածանր ժամանակաշրջանը՝ միջազգային մեկուսացում, Ուկրաինական պատերազմի տապալում։ Թվում էր, թե հենց այս փուլում պետք է Ռուսաստանն ամեն ինչ աներ, որպեսզի իրեն հավատարիմ երկրները չշրջվեն իրենից։ Մինչդեռ կատարվում է հակառակը։
Վերջին 10-20 տարիների ընթացքում Ռուսաստանը խնդիրներ է ստեղծել գրեթե բոլոր հարևան երկրների հետ, այն երկրների, որոնք ժամանակին եղբայրական պետություններ էին համարվում։ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Միջին ասիական երկրներն արդեն թշնամական են տրամադրված Ռուսաստանի հանդեպ։ Ավելին, Կրեմլի ղեկավարների վարած քաղաքականության շնորհիվ՝ արևմուտքը, ի դեմս ՆԱՏՕ-ի, ավելի է մոտեցել Ռուսաստանի սահմաններին։ Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված, կամ, այսպես ասած, ոչ բարեկամ երկրների ցանկին օբյեկտիվ պատճառներով միանում է նաև Հայաստանը։
Ուշագրավն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաները փոխանակ դժվարին այս փուլում փորձեն աշխատել իրենց հայ գործընկերների հետ, փորձեն երկխոսել, հասկանալ միմյանց և ելքեր գտնել կործանվող հարաբերությունները փրկելու համար, հենց իրենք են սրում իրավիճակը։ Ի դեպ, հայ-ռուսական հարաբերությունների քայքայման գործում մեծ դերակատարություն ունեն Կրեմլի քարոզիչները, այդ թվում՝ այսպես ասած հայազգի քարոզիչները։ Ռուսաստանի պետական քարոզչամեքենայի ամբողջ ներուժն օգտագործվում է հակահայկական քարոզի համար։ Հենց այս մարդկանց գործողությունների պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը ոչ թե թուլանում է, այլ ավելի է բորբոքվում։
Այս ամենի վառ օրինակներից մեկը՝ Հռոմի ստատուտի շուրջ գեներացվող աղմուկն է։ Հայաստանը բազմիցս ասել է, որ այդ փաստաթղթի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այս միջազգային անվտանգության «բարձիկը» Երևանին նախևառաջ անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ օգտագործելու համար։ Սակայն, այս փաստաթղթի վավեցման լուրից ավելի շատ խուճապ է առաջացել Ռուսաստանում, քան Ադրբեջանում։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն առաջարկել է առանձին միջպետական համաձայնագրով երաշխիքներ տալ ռուս քաղաքական գործիչներին՝ Հայաստանի տարածքում Հռոմի ստատուտով նախատեսվող պատժամիջոցներից խուսափելու համար։ Ինչով է պատասխանել և պատասխանում Մոսկվան՝ տեսնում են բոլորը․ Հայաստանի անհանգստությունները հասկանալու, ընմբռնելու փոխարեն՝ ամբողջ ուժով տեղեկատվական հարձակում են կազմակերպել Հայաստանի դեմ։
Կրեմլում պետք է ավելի ուշադիր և հանգամանալից ուսումնասիրեն հատկապես այն գործիչների գործողությունները, որոնք փորձում են ոչ թե հարթել, այլ հակառակը՝ ավելի խորացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Սա որքան կարևոր է Հայաստանի, նույնչափ կարևոր է նաև Ռուսաստանի համար։
Ռուսաստանը պետք է վերանայի մեծապետական քաղաքականությունը, որն արդեն կիրառում է բացառապես Հայաստանի նկատմամբ։ Այս քաղաքականությունը բարեկամական կապերը չի ամրապնդի, հակառակը՝ ավելի շատ խնդիրներ կառաջացնի։
Պետությունների միջև հակասություններն ու տարաձայնությունները կարող են մի օր վերանան, սակայն ժողովուրդների հարաբերություններում մխրճված թշնամական սեպը, եթե ոչ անհնար, ապա շատ դժվար կլինի հանելը։
Մկրտիչ Իսրայելյան