«Ես գտնում եմ, որ ուշացած է ՄԱԿ-ի առաքելության այցը, և ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի գործակալություններն ի վերջո կարձանագրեն, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի առաքելության տարածած հայտարարությանը՝ Խանդանյանն ասաց. «ՄԱԿ-ի հայտարարությունը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում: Էթնիկ զտումն ավերածությունների մասին չէ, այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստան, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի հետևանքով, տասը ամիս շարունակվող բլոկադայի և հումանիտար ճգնաժամի հետևանքով: Հայաստանը շարունակաբար պահանջել է և ուշադրություն է հրավիրել միջազգային հանրության, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային հումանիտար կազմակերպությունների վրա, որպեսզի իրավիճակը գնահատեն: Այսօրվա մեր կարճաժամկետ խնդիրը ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատումն է: Ես այս պահին նրանց վերադարձի հնարավորություններ չեմ տեսնում»:
Խոսելով ռուս խաղաղապահների Արցախում ներկայության մասին՝ պատգամավորն ասաց. «Ես չեմ պատկերացնում, թե ռուս խաղաղապահներն ում խաղաղությունն են ապահովելու ԼՂ-ում՝ հաշվի առնելով, որ տասը ամիս շարունակ և նաև դրանից առաջ անգործություն են ցուցաբերել ու չեն կարողացել իրենց գործառույթները պատշաճ կատարել»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի այն հայտարարությանը, որ ԼՂ առաքելություն են ուղարկելու՝ Խանդանյանը նշեց. «ԼՂ-ում հայեր չեն մնացել և բոլոր առաքելությունների ուղարկելն այդ պետությունների գործն է, մեր խնդիրն է, որպեսզի ուղարկելով առաքելությունը՝ արձանագրեն, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում»: