Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսն այլևս չի կարողանա ապրանքներ գնել առանց ՀԴՄ կտրոնների։ ՀՀ կառավարության մշակած ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ:
Գործող օրենսդրությամբ շրջանառության հարկ վճարողներն ազատված էին հաշիվ–ապրանքագրով կամ ՀԴՄ կտրոնով ապրանք ձեռք բերելու պահանջից: Դա նախատեսված էր բիզնեսի վարչական բեռը թեթևացնելու համար։ Ըստ ՊԵԿ-ի եզրակացության` դա նախ անհավասար պայմաններ էր ստեղծում ինչպես խոշոր բիզնեսի, այնպես էլ միկրոբիզնեսի համար: Բացի այդ, ապրանքների հետագծելիության վատ ապահովումը հարկերից խուսափելու կամ մաքսանենգության ռիսկեր էր ստեղծում։ Եթե անգամ պետական մարմինները հիմնավոր կասկածներ ունեին այդ մասին, բիզնեսի այս խմբի համար դե յուրե անհնար էր ստուգումներ իրականացնել:
Այժմ` օրենսդրական նոր փոփոխությամբ, շրջանառության հարկ վճարողները պետք է ընդհանուր հիմունքներով փաստաթղթավորված գնումներ կատարեն։ Բացառություն կարվի միայն ֆերմերային արտադրանքի, ինչպես նաև վերամշակվող նյութերի գնման համար: