Այս օրերին Արցախում անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ը ստացել է առնվազն 100 ահազանգ․ Զառա Ամատունի Zarkerak - Այս օրերին Արցախում անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ը ստացել է առնվազն 100 ահազանգ․ Զառա Ամատունի
Zarkerak Zarkerak - Այս օրերին Արցախում անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ը ստացել է առնվազն 100 ահազանգ․ Զառա Ամատունի
Այս օրերին Արցախում անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ը ստացել է առնվազն 100 ահազանգ․ Զառա Ամատունի

Այս օրերին Արցախում անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ը ստացել է առնվազն 100 ահազանգ․ Զառա Ամատունի

«Այս օրերի ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախում անհետ կորածների վերաբերյալ ստացել ենք առնվազն հարյուր զանգ և մարդիկ դեռ շարունակում են մեզ դիմել»,-անդրադառնալով Արցախում անհետ կորածների խնդրին  այս  մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ կանխարգելման և հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։   

Ամատունու խոսքով՝  ահազանգերն առավելապես ստացվում են Ասկերանի շրջանում բենզինի պայթյունի վայրում եղածների վերաբերյալ․ «Ահազանգերը ստանալով տեղում փորձում ենք որոշակի հարցեր ճշտել»։

Ամատունին նշեց նաև, որ վերոնշյալ տվյալները խիստ փոփոխական են․ «Ինչ-որ մի պահից սկսած մենք սովորաբար տալիս ենք մոտավոր ինֆորմացիա, թե քանի հոգու հետ ենք այս ընթացքում խոսել, ստացել տվյալներ և քանի հոգի է մեզ դիմել։ Բայց հիմա առկա ինֆորմացիան շատ փոփոխվող է, հնարավոր է մարդիկ իրար գտնեն, դրա համար հստակ առանձնացնում ենք այն դեպքերը, երբ մարդիկ անհետ կորել են»։

«Մենք օգնում ենք նաև մարմիններ բերել Հայաստան, այդ մարմինների նույնականացման արդյունքում ևս  անհետ կորածների  վերաբերյալ նոր տվյալներ կլինեն։ Վերջին օրերին որոնողական  աշխատանքների  ընթացքում հայտնաբերած 33 աճյուն է տեղափոխել Հայաստան»,- հայտնեց Ամատունին և հավելեց, որ այսօր աճյունների տեղափոխում չի իրականացվել։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի օգնական Մերի Ասատրյանն էլ Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում անհետ կորածների հարցին, նշեց․ «ԱՀ ՄԻՊ-ը ևս ստանում է ահազանգեր  անհետ կորածների վերաբերյալ՝ և նամակներ, և՛ զանգեր։ Մեր աշխատակազմի մի մասը Գորիսում է գտնվում և անհետ կորածների վերաբերյալ փորձում է տվյալներ հավաքագրել՝ կապի մեջ գտնվելով նրանց հարազատների հետ։  Թե զինծառայողների, թե քաղաքացիական անձանց, այդ թվում պայթյունի վայրում անհետ կորածների թվի հետ կապված հիմա տվյալներ տրամադրել չեմ կարող, սպասում ենք, որ որոնողափրկարարական  աշխատանքներն ավարտվեն, տվյալներն ամփոփվեն։ Խուսափում ենք տվյալներ  տրամադրելուց, քանի որ եղել են  դեպքեր, որ անձինք իրականում անհետ կորած չեն եղել, պարզապես հարազատների հետ չեն կարողացել կապի դուրս գալ»։

Նա նշեց նաև․ «Տեղյակ չեմ թե անհետ կորածների որոնման աշխատանքները որ փուլում են, բայց գիտեմ, որ աշխատանքները շարունակվում են։ Թե դեռ որքան  որոնողափրկարարական  խմբերն Արցախում կմնան, չգիտեմ, դեռ գտնում են աճյուններ՝ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինծառայողների»։

Թե քաղաքացիական անձանց և զինծառայողների շրջանում քանի զոհ կա այս պահի դրությամբ, Մերի Ասատրյանը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով սպասել ամփոփված տվյալներին․ «Այս պահին  չեմ կարող տվյալներ տրամադրել։ Ավելի լավ է թվեր չասենք, որ հետագայում սխալ չլինի, պետք է վերանայենք անպայման։ Օրինակ՝ երկու օր առաջ և՛ զինածառայողի դի են գտել, և քաղաքացիական անձի, այսինքն՝ թվերը վերանայման կարիք ունեն»։

Արցախի ՄԻՊ-ի օգնականին հարցրեցինք նաև, թե արդյո՞ք տեղեկություններ  կան սեպտեմբերյան ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց մասին՝ թե քաղաքացիականների, թե զինծառայողների․ համացանցում  պարբերաբար շրջանառվում էր նման տեղեկատվություն։ Չհերքելով տարածվող լուրերը, նա նշեց․ «Տվյալներ ունենք, որ գերեվարվել են և՛ քաղաքացիական անձինք, և՛ զինծառայողներ, տվյալներ դեռ չենք կարող տրամադրել։ Անձանց նույնականացման խնդիր կա, պրոցեսը գնում է, պետք է նույնականացնենք, հասկանանք, թե ինչ վիճակում են, ինչ է լինելու միջազգային իրավունքի տեսանկյունից․ որևէ տվյալ չեմ կարող հայտնել։ Հիմա Ադրբեջանը գերեվարած անձանց կներկայացնի ոչ թե որպես գերի, այլ որպես իր քաղաքացի, որին ինքը տեր է կանգնում ու ամեն ձևով ցույց է տալու, որ հոգ է տանում նրանց մասին, ուստի մեծ աշխատանք պետք է տանել, մեզ համար դժվար է լինելու արդեն ապացուցել, որ այդ մարդկանց Ադրբեջանում ինչ-որ վտանգ է սպառնում»։

 

Մարիամ Մկրտչյան

03 Հոկտեմբեր, 2023 15:10
Վեր