Համաշխարհային բանկը 2021 թվականին ՀՆԱ-ի 6,1%-ով աճ է կանխատեսում Հայաստանում

Համաշխարհային բանկը հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում տնտեսությանն առնչվող զեկույցն ու ներկայացրել ընթացիկ և հաջորդ երկու տարվա կանխատեսումները՝ կապված ՀՆԱ-ի աճի հետ:

Հայաստանի համար այս տարի Համաշխարհային բանակը կանխատեսում է ՀՆԱ-ի 6,1 տոկոս աճ, 2022 թվականին՝ 4,8 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 5,4 տոկոս:

Զեկույցում նշվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի  աճ է գրանցվել, առավել մեծ ցուցանիշներ են արձանագրվել Ադրբեջանում և Վրաստանում: Հայաստանում, ինչպես ակնկալվում է, չորրորդ եռամսյակում ուժի մեջ կմտնեն պատվաստմանն ու թեստավորմանն առնչվող պահանջները:

«Երեք տնտեսությունն էլ նշանակալի բարելավում են արձանագրել տարվա ընթացքում, մասնավորապես՝ ծառայությունների մատուցման ոլորտում: Հայաստանում տնտեսության վերականգնումը պայմանավորված է նավթի և մետաղների ներքին պահանջարկի աճով: Թեև զբոսաշրջության մակարդակը բարելավվել է 2020 թվականի համեմատ, այն շարունակում է 60 տոկոսով ավելի ցածր լինել, քան նախահամավարակային շրջանում»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը արագ զարգացում է գրանցել 2017-2019 թվականներին՝ ՀՆԱ-ի միջին տարեկան 6,8 տոկոս աճով: Սակայն 2020 թվականին համավարակով և ռազմական հակամարտությամբ պայմանավորված տնտեսությունը հետընթաց է ապրել 7,4  տոկոսով, ինչի հետևանքով կտրուկ աճել է աղքատության մակարդակը, հատկապես՝ քաղաքային համայնքներում:

06 Հոկտեմբեր, 2021 11:56
Վեր