Իրանցի պաշտոնյան նկատի ունի, որ հիմնական տարանցումը իր երկրից դեպի հյուսիս, հնարավոր է, որ իրականացվի հենց Հայաստանի տարածքով․ իրանագետ

Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին թվիթթերյան իր էջում գրառում էր արել, որում մասնավորապես, ասված էր «Նախարարների տեղակալներին տրված հատուկ հրամանով՝ Նորդուզից (Իրան-Հայաստան սահմանի Իրանի կողմի մաքսակետը) Հայաստան և Կովկասի միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզն ամբողջությամբ կփոխվի»։

Իրանագետ Գարիկ Միսակյանը Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ գրառմանը, նշեց«Կարելի է նաև ասել, որ սա պաշտոնական  դիրքորոշում է։ Նախ Ղասեմին նշում էր, որ հյուսիսային՝ կովկասյան միջանցքը Իրանի տարանցման համար չի փակվելու։ Իրանական Նորդուզ  և Մեղրիի անցակետերից դեպի Երևան տարանցման ուղու շինարարության ավարտից հետո արդեն Իրանի համար այդ ուղիները փոփոխության են ենթարկվելու։ Նկատի ունի, որ հիմնական տարանցումը Իրանից դեպի հյուսիս, հնարավոր է, որ իրականացվի հենց Հայաստանի տարածքով»։

Ղասեմին նշել էր նաև, որ նրանք, ովքեր խնդիրներ են ստեղծել, պետք է իմանան, որ իրենք չեն փակի Իրանի ճանապարհը, և որ «այրված կամուրջները» դժվար կլինի վերականգնել:

Իրանագետի խոսքով՝ իրականում այս հայտարարությունը հենց վերաբերում է ադրբեջանական կողմին, մասնավորապես, ադրբեջանական կողմի այն գործողություններին, որոնք նախ հանգեցրին Գորիս-Կապան ճանապարհահատվածի բնականոն աշխատանքի խափանմանը, ապա նաև  իրանցի վարորդների ձերբակալմանը։

Միսակյանը ցածր գնահատեց ներկա փուլում պատերազմական գործողությունների հավանականությունը՝ նշելով«Այս քարոզչական լարվածության ֆոնին՝ եթե որևէ կողմ սադրիչ գործողությունների չգնա Իրանի նկատմամբ, չեմ կարծում՝ իրանական կողմը ցանկություն ունենա պատերազմելու սեփական երկրի սահմաններին»,-ասաց նա։

Հարկ է նշել, որ երեկ իրանական աղբյուրները հայտնեցին, որ Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Հաղորդվում էր նաև այն մասին, որ Թուրքիայի այս որոշումը հաջորդել էր թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն։

Խոսելով Իրան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Միսակյանը նկատեց, որ Թուրքիայի սահմանի փակման հայտարարությունները պաշտոնական  բարձր մակարդակում դեռ  չեն հաստատվել, սակայն  մեդիադաշտի և նաև իրանցիների հետ  զրույցներում պարզ է դառնում, որ դժվարություններ կան Թուրքիայի հետ առևտրի մասով։

«Սա թուրք-իրանական լարվածության և քարոզչական բաղադրիչներից մեկն է, և այն կարող է դրական նպաստել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա՝ նախ այն տեսանկյունից, որ Իրանը ստիպված է լինելու արդեն ամբողջությամբ Հայաստանի տարածքով իրականացնել դեպի Սև ծով, Եվրոպա և Ռուսաստան այդ ամբողջ տարանցումը։ Սա հավելյալ եկամուտներ է Հայաստանի համար, հավելյալ աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդում  Հայաստանի  և, մասնավորապես, Սյունիքի համար»- ասաց իրանագետը։  

 

ՎԱՐՍԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

08 Հոկտեմբեր, 2021 16:00
Վեր