Ալիևը սկսում է կուրանալ Արցախում տարած իր հաղթանակով։ Նա արդեն իրեն անպարտելի է համարում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերվելիս, այլև աշխարհի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ նույնպես։ Հայ-ադրբեջանական բանակցություններում Իլհամն ամեն անգամ նոր պահանջներ է ներկայացնում և հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքելուց։ Ընդ որում, Ալիևի պահանջները ոչ միայն Հայաստանի, այլև միջնորդների, մասնավորապես արևմուտքի համար են դառնում անընդունելի։
Ալիևը հաղթել է և որպես հաղթող կողմ փորձում է ստանալ առավելագույնը և մի բան էլ ավելին։ Այս մոլուցքով տարված Ալիևը կարող է հատել թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը, որը գծված է միջազգային իրավունքի սկզբունքով։ Աշխարհի մեծերը սովորաբար չեն ներում, երբ իրենց սեղանին փորձում են այլ երկրներ տեղավորվել, առավել ևս այնպիսի երկրները, որոնց կշիռն անհամեմատ ցածր է։ Նման երկրներին սովորաբար քաղաքավարի հասկացնում են չանել բաներ, որոնք կարող են խառնել սեղանի շուրջ հավաքվածների խաղաքարտերը։
Քաղաքավարի մոտեցումը չհասկանալուց հետո սովորաբար գործի են դրվում ավելի կոշտ միջոցներ։ Օրինակները քիչ չեն։ Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին ու նրանց նման մյուսներն ինչ-որ պահից սկսեցին կարծել, որ իրենք արդեն հավասար են արևմուտքի հզորների հետ և կարող են պահանջներ ներկայացնել այս կամ այն երկրին, կարող են չկատարել միջազգային հանրության պահանջները, կարող են թքած ունենալ միջազգային կառույցների որոշումների վրա։ Նման վարքագիծն արևմուտքում սովորաբար չեն ներում։
Ալիևի մոտ սկսել է գլուխ բարձրացնել խաղաղամոլության սինդրոմը։ Կազինո մտած և պատահաբար խոշոր գումար շահած խաղամոլի նման Ալիևը փորձում է ավելի ու ավելի շատ հաղթել։ Սակայն, սովորաբար նորեկները չեն գիտակցում, որ կազինոյում չեն հաղթում, կամ հաղթում են այնքան, որքան թույլ են տալիս։ Կազինոն սովորաբար անողոք է վարվում այն հաճախորդների հետ, որոնք չեն կարողանում ժամանակին կանգ առնել։ Նման հաճախորդները հետագայում ստիպված են լինում վաճառել ամեն ինչ և խաղատունը լքել «մերկ», երանի տալով մինչև խաղատուն մտնելու ժամանակներին, երբ ունեին այն՝ ինչի մասին ժամանակին երազում էին։
Մկրտիչ Իսրայելյան