Հայաստանի «ռուսական ռուլետկան» Zarkerak - Հայաստանի «ռուսական ռուլետկան»
Zarkerak Zarkerak - Հայաստանի «ռուսական ռուլետկան»
Հայաստանի «ռուսական ռուլետկան»

Հայաստանի «ռուսական ռուլետկան»

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին։ Ավելի վաղ, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը հրաժարվել էր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։ Ռուսաստանի հովանու ներքո գործող կառույցների Հայաստանի հետ հարաբերությունները սառեցին, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ։

Հայաստանում շատերը քննադատում են իշխանությունների գործողությունները և նշում, որ դա կարող է ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում գտնվում են պատմական մինիմումի վրա։ Զուգահեռ Հայաստանն ավելի է ակտիվացրել շփումներն արևմուտքի հետ։

Միևնույն ժամանակ՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման և արևմուտքի հետ ջերմացման այս աննախադեպ փուլում, պաշտոնական Երևանն առայժմ խուսափում է գնալ քաղաքական վեկտորի փոփոխության կտրուկ քայլերի և առայժմ փորձում է պահպանել զուսպ հավասարակշռությունը, կամ քայլել անդունդի եզրով։

Ռուսաստանը չի կարողանում դուրս գալ ուկրաինական ճահճից, իսկ մեկուսացման օղակը Ռուսաստանի շուրջ ավելի է սեղմվում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում, կամ գուցե չի ցանկանում իր ձեռքում պահել Հայաստանի անվտանգային հովհանոցը։ Եվ այս իրավիճակում մեղադրել Հայաստանին անվտանգային այլ հովանոց փնտրելու համար՝ առնվազն բարոյական չէ։

2020 թվականից հետո Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ, իսկ մեր ռազմավարական դաշնակիցը ոչ միայն չի փորձում ձեռք մեկնել Հայստանին, այլև  Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքերով ավելի է սեղմում աքցանը։ Սակայն Ռուսաստանին մեկ այլ հանգամանք է նաև նյարդայնացնում։ Հայաստանը սկսել է համեմատաբար ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։ Իսկ դա Մոսկվայի համար անընդունելի է։ Կրեմլում տասնամյակներ շարունակ համոզված են եղել, որ Երևանում մարդիկ պետք է շարժվեն միայն իրենց թելադրանքով, պետք է ղեկավարվեն և ոչ թե ղեկավարեն, պետք է միայն տան և ոչինչ չպահանջեն։ Այսօր պատկերն այլ է։ Բնականաբար՝ ոչ լավ օրից, սակայն Հայաստանը սկսել է ավելի անկաշկանդ և ինքնուրույն քայլեր կատարել արտաքին քաղաքականության և պաշտպանական ոլորտներում։

Բնականաբար՝ իրավիճակը չափազանց պայթունավտանգ է Հայաստանի համար, եթե հաշվի առնենք, թե Մոսկվան որքան ագրեսիվ է վերաբերվում այն պետություններին, որոնք փորձում են դուրս գալ իր «թաթի» տակից։ Հայաստանի պարագայում իրավիճակն ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք, որ նախկին իշխանությունները Ռուսաստանին են հանձնել գրեթե ամեն ինչ՝ էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, անվտանգության գրեթե ամբողջ համակարգը և այլն։ Եթե նույնիսկ Հայաստանը շարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել և կտրուկ փոփոխությունների չգնա՝ միևնույնն է խանդի տեսարաններ սիրող Մոսկվան դա չի ների Երևանին։ Մոսկվայի ագրեսիվ հարձակումներն առայժմ քարոզչական դաշտում են իրականացվում, սակայն ռուսական խանդից բխող ագրեսիան կարող է ընդգրկել նաև այլ ոլորտներ։

Ստեղծված իրավիճակում գործուն քայլերի հերթն արևմուտքին է, եթե, իհարկե Բրյուսելում, կամ Վաշինգտոնում ցանկանում են Հարավային Կովկասում ունենալ վստահելի գործընկեր։ Հայաստանին միայնակ թողնել ռուսական արջի և թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ՝ առնվազն բարոյական չէ և կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Հետևաբար, արևմուտքը չպետք է խուսափի երաշխիքներ տալուց և պատասխանատվություն ստանձնելուց։

Մկրտիչ Իսրայելյան

15 Նոյեմբեր, 2023 13:01
Վեր