Գնել Սանոսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է  ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել  դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։

Դեսպանն հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող ծրագրերին։

Գնել Սանոսյանը  կարևորել է հնդկական կողմի հետ ակտիվ աշխատանքն ու հայ-հնդկական համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել և քննարկել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

 

09 Հոկտեմբեր, 2021 16:41
Վեր