Կառավարությունը գնում է տնտեսական աճի շարունակականության ապահովանը. հիմա պատմական հնարավորություն կա փոխելու մեր տնտեսության որակը,  մեծացնելու մեր պոտենցիալը. Էդգար Աղաբեկյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ Zarkerak - Կառավարությունը գնում է տնտեսական աճի շարունակականության ապահովանը. հիմա պատմական հնարավորություն կա փոխելու մեր տնտեսության որակը, մեծացնելու մեր պոտենցիալը. Էդգար Աղաբեկյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Կառավարությունը գնում է տնտեսական աճի շարունակականության ապահովանը. հիմա պատմական հնարավորություն կա փոխելու մեր տնտեսության որակը, մեծացնելու մեր պոտենցիալը. Էդգար Աղաբեկյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ
Կառավարությունը գնում է տնտեսական աճի շարունակականության ապահովանը. հիմա պատմական հնարավորություն կա փոխելու մեր տնտեսության որակը,  մեծացնելու մեր պոտենցիալը. Էդգար Աղաբեկյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Կառավարությունը գնում է տնտեսական աճի շարունակականության ապահովանը. հիմա պատմական հնարավորություն կա փոխելու մեր տնտեսության որակը, մեծացնելու մեր պոտենցիալը. Էդգար Աղաբեկյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Այս շաբաթ ԱԺ-ում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները, պատգամավորները հանդես եկան ելույթներով, որտեղ ներկայացրին տարբեր ոլորտներում առկա ցուցանիշները և ընդհանուր առմամբ՝ 2024 թվականին նախատեսվող ծրագրերն ու հատկացվող գումարները:

ՀՊՏՀ «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադարձավ 2024 թվականի բյուջեի քննարկմանն ու ՀՀ տնտեսական զարգացմանը:

«Շեշտադրումները հետևյալն են, որ մենք երկու տարի բարձր տնտեսական աճ ունենք և Կառավարությունը գնում է նաև այդ աճի շարունակականության ապահովմանը: Կարևոր է հասկանալ, թե այդ աճը կամ դրա որակը Կառավարությունն ինչպիսինն է ուզում, որ լինի: Շեշտադրումը հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտի վրա է արված, իսկ մենք գիտենք, որ մանավանդ ծառայությունների ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա այս պահին արտաքին հոսքերով է պայմանավորված, իսկ արտաքին գործոնների վերանալուց հետո կարծում եմ՝ նույն պատկերը չենք ունենա, հետևաբար՝ Կառավարությունն իր քաղաքականությունը պետք է տանի այն ուղղությամբ, որ աշխատեն տնտեսության արտադրողականության բարձրացման վրա: Հիմա մենք ունենք փոքր տնտեսություն, և եթե մենք չաշխատենք արտահանման ուղղությամբ, արտադրողականության աճի ուղղությամբ, ապա մեզ համար դժվար է լինելու աճել մեր ներքին պոտենցիալի հաշվին»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է՝ Աղաբեկյանն ասաց. «Իրավիճակը պատմական է այն առումով, որ հնարավորություն կա ինչ-որ կերպ փոխելու մեր տնտեսության որակը, մեր պոտենցիալը մեծացնելու, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Օրինակ, երբ ՌԴ քաղաքացիները գալիս են ՀՀ, մենք պետք է հասկանանք, որ միակը չենք տարածաշրջանում և աստիճանաբար նրանք կարող են այլ երկրներ այցելել, այս առումով պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք նաև ավելի մրցակցային դառնալու համար: Հիմա, իսկապես պատմական շրջան է տնտեսությունը վերազինելու, կապիտալ արդյունավետությունը բարձրացնելու, արտադրողականությունը մեծացնելու տեսանկյունից, ինչպես նաև բուֆերներ ստեղծելու՝ ապագայում ավելի վատ ժամանակների համար ռիսկերին դիմակայելու նպատակով»:

Անդրադառնալով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ գնահատականներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մենք ունենք աճի ցուցանիշներ, ունենք ֆինանսական համակարգում կայունություն, ունենք ցածր գնաճ, ունենք նաև դրամի ամրապնդում և որոշակի կայունության դրսևորում, այս առումով բնականաբար՝ ռեյտինգ ունեցող կազմակերպությունները դրական են դիտարկում և մեր վարկանիշն են բարձրացնում: Կառավարությունը չպետք է սահմանափակվի սրանով, ճիշտ է ցուցանիշներն աճում են, բայց պետք է կարևորվի նաև դրանց որակը, արտաքին գործոնների փոփոխությունը կարող է ռիսկեր առաջացնել և այն իներցիոն վիճակը, որով մենք սպասում ենք, որ կզարգանանք՝ կարող է այլ ուղղությամբ գնալ, այս դեպքում արդեն Կառավարության խնդիրը կլինի մեր տնտեսության ներքին մրցունակությունը բարձրացնելը, արտահանման մրցունակությունը բարձրացնելը: Հիմա իսկապես պատմական շրջան է և Կառավարությունն ավելի համարձակ քայլեր պետք է անի ինչ-որ փոփոխությունների գնալու համար»:

Խոսելով 2024 թվականին տարբեր ոլորտներին հատկացվող գումարների մասին (ԿԳՄՍՆ-ին՝ 345 միլիարդ դրամ, ԱՆ-ին՝ 168 միլիարդ դրամ, ՊՆ-ին՝ 555 միլիարդ դրամ և այլն)՝ Էդգար Աղաբեկյանն ասաց. «Բնականաբար, մենք ունենք բյուջեի եկամուտների աճ և դրա հնարավորություն և Կառավարությունը ծախսերը մեծացնում է այդ ոլորտների համար, դա իհարկե պետք է այդպես լիներ, մեր ծախսերը բոլոր ուղղություններով պետք է աճեն, դա բնականոն գործընթաց է և տնտեսության բնականոն զարգացման համար է արվում: Կարևոր է ոչ միայն ցուցանիշների աճի միտումը, այլ նաև, թե դրանք ինչպիսի արդյունավետությամբ են կատարվում, թե դրանք ինչ են տալու ապագա տնտեսական աճի տեսանկյունից»:

Անդրադառնալով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի այն հայտարարությանը, որ տարվա վերջին ՀՀ-ում գնաճի ցուցանիշը թիրախից բավականին ցածր կլինի՝ «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետը նշեց. «Քանի որ մոտ ենք տարվա ավարտին, գնաճի ցուցանիշը ենթադրում եմ, որ կլինի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, որովհետև գնաճային արտաքին գործոնները թուլանում են, մեր գործընկեր երկրներում աճի միտումներն այդքան մեծ չեն, ներքին շուկայում էլ որոշակի պահանջարկի շարունակական աճ չենք տեսնում, նույնիսկ մենք տեսանք, որ Արցախից մեր հայրենակիցների գալուց հետո, սրան գումարած նաև դոլարի փոխարժեքի որոշակի բարձրացումը չբերեց մեծ գնաճի, սա նշանակում է, որ գնաճը որոշակիորեն զսպված է և ԿԲ-ն իր գործիքներով շարունակում է դրա վրա ազդել: Եթե այս գործոնները շարունակվեն, եթե ոչինչ չփոխվի, ապա, բնականաբար՝ հնարավոր կարող է լինել ԿԲ-ի գնաճի վերաբերյալ կանխատեսումը»:

Ինչ վերաբերում է ԿԲ նախագահի այն հայտարարությանը, որ 2024 թվականին շարունակվելու են առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով՝ Էդգար Աղաբեկյանը նշեց. «Մենք ունենք գործոնների միջավայր, որոնք որոշակիորեն կայուն են, քանի դեռ դրանք կայուն են, մենք շարունակելու ենք նույն տեմպերով առաջ գնալ, կարծում եմ, որ ԿԲ-ի նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումն իրատեսական է և գտնվում է այս պահին մեր ունեցած պոտենցիալի միջակայքում»:

«Ընդհանուր ցուցանիշները դրական են, միտումը դրական է, կարևոր է, որ ստեղծենք հիմքեր ավելի ամրացնելու մեր ունեցածը: Օրինակ՝ ֆինանսական կազմակերպությունները բարձր շահույթ են ապահովում և այդ բարձր շահույթն իրենց հնարավորություն է տալիս որոշակիորեն որակական այլ հատկանիշներ ձեռք բերելու, բուֆերներ ստեղծելու հետագա որոշակի տատանումների ժամանակ դիմակայելու դրանց: Նույն ուղղությամբ պետք է գնան նաև տնտեսության այլ ոլորտներ: Մեզ նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար քանակական աճ ապահովելը բարդ է, այդ առումով պետք է քայլերն այդ ուղղությամբ ձեռնարկել, իհարկե՝ որոշակի ծրագրեր արվում են Կառավարության կողմից, բայց պետք է արագացնել այս գործընթացը»,- նշեց Աղաբեկյանը:

 

Աննա Բզնունի

17 Նոյեմբեր, 2023 14:24
Վեր