Արդեն երկու նիստ է, ինչ դատարանը Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը անցկացնում է դռնփակ ռեժիմով։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում իր վկայությունը կշարունակի դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը, գրում է «Հետք»-ը։
Ըստ մեղադրանքի՝ Սևակ Աբրահամյանը, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Աբրահամյանի մեղադրանքում ասված է նաև, որ վերջինս 2020թ. սեպտեմբերի 26-ի երեկոյան խնջույք է կազմակերպել բանակի սպաների մասնակցությամբ։ Մեղադրանքում որպես ծանր հետևանք նշված է այն, որ Ադրբեջանը գրավել է Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը մասամբ է ավարտվել, բայց դատարանը ապացույցների հետազոտման կարգը իր իսկ միջնորդությամբ փոխել է և անցել վկաների հարցաքննությանը։
Հիշեցնենք, որ դատախազ Վազգեն Վարդանյանը փակ ծրարով դատարանին էր հանձնել գաղտնի 16 փաստաթուղթ։ Ռազմական գաղտնիք պարունակող այդ փաստաթղթղերը դատարանը որոշել է ուսումնասիրել դռնփակ ռեժիմով։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։