«Ջերմուկում եղել է հուլիսին, և թե՛ այստեղ, թե՛ ՀՀ տարբեր մարզերում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության և տարածքային համաչափ զարգացման համար»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե Ջերմուկում զբոսաշրջիկների համար անվտանգ չէ։
«Այդ նպատակով, օրինակ, փառատոներ ենք անցկացնում։ Եվ ասեմ, որ միայն 2023 թ. 16 փառատոն ենք անցկացրել, հազարավոր այցելուներ են եղել ՀՀ տարբեր մարզերում»,-ընդգծեց նախարարը։ Ըստ նրա` ապահովության տեսանկյունից սա կարևոր օրենք է, որ զբոսաշրջիկները լավ ծառայություններ ստանան, չենթարկվեն խաբեությունների։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նրա խոսքով` ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որ մեր երկիրը կարողանա ապահովել երկարատև խաղաղություն։ Նախարարը նաև հայտարարեց, որ զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ–ն աշխարհի 142 երկրների մեջ 7–րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։
Բացի այդ, աշխարհի բոլոր երկրների շարքում ՀՀ-ն զբոսաշրջության ծավալով, աճի մակարդակով 6–րդն է`զիջելով Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրի։
Քերոբյանի հավաստիացմամբ` գլոբալ այն թիրախները, որոնք ՀՀ կառավարությունը դրել էր իր առջև ու նպատակ ուներ հասնելու 2026 թ., արդեն իսկ հասել է. նախատեսված էր, որ 2026 թ. մեր երկիր պետք է գա 2.5 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հասել է այդ թիրախին։
Թեմային արձագանքեց նաև ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը` ասելով, որ հենց նոր զանգել է Ջերմուկ ու տեղեկացել, որ Ամանորի համար այս պահին արդեն հյուրանոցներում ազատ տեղեր չկան։