Խնապատի մեր թաղն եմ կարոտում, տունը, թաղի էրեխեքին, մեկ էլ էն պահերը, որ պապիին էի թրաշում, ինքն էլ ասում էր՝ լյոխ լավ ա․ արցախցի 13-ամյա Գոռը՝ իր երազանքների ու կարոտի մասին Zarkerak - Խնապատի մեր թաղն եմ կարոտում, տունը, թաղի էրեխեքին, մեկ էլ էն պահերը, որ պապիին էի թրաշում, ինքն էլ ասում էր՝ լյոխ լավ ա․ արցախցի 13-ամյա Գոռը՝ իր երազանքների ու կարոտի մասին
Zarkerak Zarkerak - Խնապատի մեր թաղն եմ կարոտում, տունը, թաղի էրեխեքին, մեկ էլ էն պահերը, որ պապիին էի թրաշում, ինքն էլ ասում էր՝ լյոխ լավ ա․ արցախցի 13-ամյա Գոռը՝ իր երազանքների ու կարոտի մասին
Խնապատի մեր թաղն եմ կարոտում, տունը, թաղի էրեխեքին, մեկ էլ էն պահերը, որ պապիին էի թրաշում, ինքն էլ ասում էր՝ լյոխ լավ ա․ արցախցի 13-ամյա Գոռը՝ իր երազանքների ու կարոտի մասին

Խնապատի մեր թաղն եմ կարոտում, տունը, թաղի էրեխեքին, մեկ էլ էն պահերը, որ պապիին էի թրաշում, ինքն էլ ասում էր՝ լյոխ լավ ա․ արցախցի 13-ամյա Գոռը՝ իր երազանքների ու կարոտի մասին

«Էջմիածին-Երևան ճամփան արդեն սովորական ա դարձել, ամեն օր գնում-գալիս եմ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում արցախցի՝ Ասկերանի Խնապատ գյուղից 13-ամյա Գոռ Խաչատրյանն է պատմում, իսկ այդ սովորական դարձած ճանապարհն էլ Գոռին Էջմիածնից իր երազանքի հետևից բերում է Երևան՝ այստեղ է գալիս, ինչպես ինքն է ասում՝ բարբերություն սովորելու։

Գոռ Խաչատրյան

Գոռին, հավանաբար, շատերը կհիշեն, Արցախից Հայաստան ճանապարհը բռնի տեղահանության օրերին 55 ժամում է անցել՝ Հայաստան բերելով 8 հոգանոց ընտանիքին։ Հիմա Էջմիածնում են վարձով ապրում, ինքն էլ սովորում է քաղաքի 4-րդ դպրոցի 9-րդ դասարանում․«Արդեն 3 շաբաթ կլինի, որ դպրոց եմ գնում, սկսել եմ հարմարվել, դասարանցիներից էլ շատ գոհ եմ։ Որ մտա դասարան, արդեն բոլորը գիտեին իմ մասին, թե ոնց եմ մեքենան քշելով Հայաստան էկել։ Բայց որ իմ մասին շատ են խոսում, լինում ա պահեր, որ ամաչում եմ։ Ռուսերենն եմ շատ սիրում, բայց ուշք ու միտքս բարբերությունն ա», - պատմում է Գոռը։

Ամեն օր դասերից հետո այդքան ճանապարհ կտրելուց չի՞ հոգնում․«Չէ, ես 55 ժամ մեքենա եմ քշել, էդ 30 րոպեից ո՞նց կհոգնեմ։ Հա, դե դժվարը դժվար ա, բայց համբերում եմ»։

Գոռն ընտանիքի հետ

Գոռն անկեղծանում է՝ Արցախում ապրած ժամանակ ինքը երեխա էր, հիմա տղամարդ է դարձել․ «Խնապատ գյուղում՝ ես, մաման, պապան, տատիկը, պապիկն իրար հետ էինք ապրում՝ քրոջս ու իր էրեխեքի հետ։ Քուրս մեր հետ ա ապրում, ամուսինը 44-օրյայում ա զոհվել, հոպարս էլ ա զոհվել։ Մյուս երկու քուրերս էլ ամուսնացած են, մեր էրեխեքի մեջ տան փոքրը ես էի։ Բայց պապան ասում էր՝ դու տան տղեն ես։ Պապան ա սովորացրել մեքենա քշել, ասում էր՝   տղամարդը պետք  ա քշել իմանա, կարող ա պետք գա։  Բայց ես չէի մտածում, որ սենց կլինի ու կարա նենց պատահի, որ մենք Արցախից դուրս գանք։ Հիմա ես էլ եմ իմ վրա զարմանում, թե ոնց չվախեցա, ոնց էդ 7 տեղանոց մեքենան քշեցի»։

Գոռն ասում է՝ ոչինչ-ոչինչ չհասցրեց վերցնել իր հետ, բացի երազանքից․ «Ես երկու երազանք եմ ունեցել, մեկը բարբեր դառնամ, մյուսը՝ բլոկադան վերջանա ու խաղաղություն լինի։ Ավտոն քշելուց ոչ մի բանի մասին չէի մտածում, մենակ մտածում էի՝ տնեցիքին բերեմ, տեղ հասցնեմ։ Ես հուզված էի, բայց կողմնորոշված էի։ Մենակ մտածում էի ՝ հոպարիս ու  քրոջս ամուսնու գերեզմանը ոնց թողեցինք»։  

«Հայաստան գալուց հետո մեր թաղն եմ կարոտում, տունը, թաղի էրեխեքին, մեկ էլ էն պահերը, որ պապիին էի թրաշում, ինքն էլ ասում էր՝ լյոխ լավ ա»,-ասում է Գոռը։

Ամառն Ասկերանում

«Ես հիմա Կարո Աբաչյանի աշակերտն եմ։ Ինքը լսել ա, որ ես ուզում եմ բարբեր դառնամ, ու առաջարկել ա իր մոտ գնամ։  Ես իրան էլ եմ ասել, որ իմ երազանքն ա բարբերշոփ ունենալ։ Ես չեմ ուզում հասարակ վարսավիր դառնամ, բարբեր եմ ուզում դառնամ։ Էդ իմ համար երազանք ա, բայց որ լավ մասնագետ դառնամ՝ տունն էլ կպահեմ», -ասում է Գոռը։

Գոռն իր վարպետի հետ

Գոռն անկեղծանում է՝ արդեն 3 տարի է, որ Արցախում քնում ու արթնանում էր Խնապատում բարբերշոփ բացելու երազանքով․«Ես Արցախում էլ դրա մասին էի մտածում, ուզում էի այնտեղ էլ գնայի սովորեի, ես իմ նպատակների մեջ գրանցել էի, որ ես պետք ա բարբեր դառնամ ու մեր մոտի ամենալավ բարբերշոփն ունենամ»։

«Արդեն սկսել  եմ մազեր կտրել, առաջինը   քրոջս էրեխու մազերն եմ կտրել,  հետո ընկերոջս մազերը, ինքը որ գնացել ա դպրոց, բոլորը հարցրել են՝ մազերդ ո՞վ ա կտրել, համարը տուր»,- պատմում է Գոռը։ Ասում է, որ հիմա իր նոր դասարանում էլ գիտեն՝ ինքը բարբեր է դառնալու․ «Ամեն տղամարդ պետք ա  երկու բան իմանա՝ մեկը մեքենա քշել, մյուսն էլ մասնագիտություն»,- կարծում է 13-ամյա տղան։  

Հիմա Գոռի բոլոր երազանքներն ընտանիքը ոտքի կանգնեցնելու մասին են․ մտովի շատ է  հաշվարկում, թե քանի ամիս է մնացել, որ սկսի իր սիրած մասնագիտությամբ գումար աշխատել․ «Ուզում եմ շատ շուտ լավ բարբեր դառնամ․ որ գործը սովորեմ 2-3 ամիս ա պետք, իսկ որ վարպետ դառնամ՝ 3 տարի։ Իմ վարպետն ինձ ասում ա՝ պետք ա էնքան աշխատես, որ ինձ հասնես․ պետք ա գործդ ուշադիր անես, մանրուքներին ուշադիր լինես, ամեն մազի պետք ա ուշադիր լինես, մեքենա քշելու նման ա,պետք ա ամեն ինչին ուշադիր լինես»։

Գոռն ընտանիքի հետ

Գոռը նույնքան  էլ ուշադիր է իր վարպետից նվեր ստացած աշխատանքային գործիքների հանդեպ, աչքի լույսի պես է պահում․ «Եթե քո գործին լավ տիրապետում ես, դու կարաս քո ուզածին հասնես, եթե դու մի բանը սիրում ես՝ դու դա կարողանալու ես անել»։ 

Մեր զրույցից րոպեներ անց Գոռն էլի գնալու է, նստելու է Էջմիածին-Երևան երթուղին ու վարսավիրության դասերի գալու։ Ասում է՝ ճանապարհին մեկ-մեկ հիշողությունների գիրկն է ընկնում․ «Հենց հիմա ա պետք ուժեղ լինել, հեշտ չի, բայց պետք ա, մամայիս ու պապայիս մոտ ցույց չեմ տալիս, որ տխրում եմ, Արցախում երեխա էի, հիմա էլ չէ։ Մաման ու պապան իմ հետ կապված շատ երազանքներ ունեն, իրանք էլ ուզում են ես լավ մասնագետ դառնամ, հասնեմ իր երազանքին»։  

Գոռը չգիտի, թե երբևէ ամենամեծ՝ Արցախում բարբերշոփ բացելու երազանքը կիրականանա՞, բայց մի բան շատ է ուզում․ «Ուզում եմ ինձ բոլորը ճանաչեն՝ արցախցի բարբեր Գոռ»։

 

Մարիամ Մկրտչյան

20 Նոյեմբեր, 2023 14:55
Վեր