Ադրբեջանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ին հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց: Ադրբեջանական կողմն ընդգծել էր, որ վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ Երևանի հետ բանակցություններում:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանական կողմի այս քայլի մասին՝ նշեց. «Սա Ադրբեջանի բռնած գծի տրամաբանական շարունակությունն է, իրենք մի անգամ հրաժարվել են Գրանադայից, Բրյուսելից, հիմա էլ Վաշինգտոնից են հրաժարվում: Սա խոսում է այն մասին, որ երեք հիմնական սկզբունքների հիման վրա Ադրբեջանը հրաժարվում է գնալ բանակցությունների և հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը ցանկանում է ստանալ ավելին, ցանկանում է Հայաստանից տարածքներ ստանալ, ցանկանում է էքստերիտորիալ միջանցք ստանալ և ցանկանում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով: Այս բոլոր դրույթներն Ադրբեջանն առաջ է քաշել և հրաժարվում է արևմտյան հարթակներում գնալ բանակցությունների, որովհետև արևմտյան հարթակներում նրան այլ բան չեն խոստանում, խոստանում են միայն այն, ինչ արդեն կա, իսկ դա Բաքվին ձեռնտու չէ»:
Անդրադառնալով տեղի ունեցողին Վաշինգտոնի արձագանքին՝ քաղաքագետն ասաց. «Վաշինգտոնյան կողմից արդեն մի արձագանք եղել է՝ 907-երորդ ակտն այս անգամ չեն շրջանցել՝ կապված Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հետ, հաջորդ տարի օգնություն չի տրամադրվելու, ես կարծում եմ՝ արձագանքներ էլի են լինելու, գնալով ուժեղացնելու են ճնշումները: Ադրբեջանի վրա ճնշում կա նաև ԵՄ-ի կողմից, ես կարծում եմ՝ փորձ է արվելու նոր բանակցային հարթակ ձևավորել՝ նորից արևմտյան: Իհարկե, Մոսկվան էլ է փորձեր անելու նորից բանակցությունները տանել Մոսկվա, բայց, եթե Հայաստանը գնաց Մոսկվայում բանակցությունների, մենք կարող ենք ի սկզբանե ֆիքսել, որ այդ բանակցությունները տանուլ ենք տալու, որովհետև Մոսկվայում մենք ունենալու ենք ոչ թե մեկ միջնորդ և երկու բանակցող, այլ երկու բանակցող մեկ կողմից՝ Ռուսաստան և Ադրբեջան, և մեկ բանակցող մյուս կողմից՝ Հայաստան, մենք ունենալու ենք երկու հակառակորդ, սա մեզ համար որևէ պարագայում ընդունելի չէ»:
Բաքուն դժգոհել էր նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններից:
Ստեփանյանի խոսքով՝ Բաքուն պարզապես բանակցությունները տապալելու հերթական պատճառն է հորինել. «Ադրբեջանն ուղղակի հերթական պատճառն է բերում Վաշինգտոն չգնալու համար, այսինքն՝ ոչ թե Ադրբեջանը Վաշինգտոն չի գնացել, դրա համար է ԱՄՆ-ի հռետորաբանությունը խստացվել, այլ ի սկզբանե Վաշինգտոնում սպասում էին, որ Ադրբեջանը չի գալու, դրա համար կոշտացրել են հռետորաբանությունը և Օ՛Բրայենի բոլոր հայտարարությունների հիմքում ընկած է դա՝ Ադրբեջանին ստիպել, Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որ Ադրբեջանն իրեն պահի ավելի կառուցողական, հիմա Ալիևը փորձում է իր գլխից վեր թռչել: Եթե ԱՄՆ-ն և մեր միջազգային գործընկերները կարողացան զսպել Ադրբեջանին, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հերթական անգամ չհարձակվի, այս պարագայում կատարվողը միայն և միայն մեր օգտին է լինելու, որովհետև Ադրբեջանն ինքը կրակում է իր ոտքին և հիմա փչացնում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ՝ առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, Ալիևն այն ղեկավարը չէ, որը կարող է իրեն այսպիսի ճոխություն թույլ տալ, նա ո՛չ Պուտինն է, ո՛չ Ռայիսին, նա այդ ռեսուրսները չունի, որ փչացնի հարաբերություններն Արևմուտքի հետ և այս ամենից հետո կարողանա ջրից չոր դուրս գալ»:
Մեր այն հարցին, թե Ադրբեջանն ինչու է հրաժարվում նաև բրյուսելյան հարթակից, սակայն հետո հայտարարում, թե բրյուսելյան հարթակում բանակցություններն իր համար ընդունելի են՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Ալիևը ոչ միայն ասում է, որ բրյուսելյան ձևաչափն է ընդունելի, նա ասում է, որ բոլոր ձևաչափերն ընդունելի են, որովհետև նա այդ քաշը չունի, որ ասի՝ ընդունելի չեն, նա ասում է այո, ընդունելի է և վերջին պահին պատճառներ է փնտրում՝ կասեցնելու այդ գնալը, ամեն անգամ մի պատճառ է բերում՝ մեկ Մակրոնն է պատճառը, Բրյուսելի դեպքում՝ ժամանակ չունի, հիմա Օ՛Բրայենի հայտարարությունները դուրը չեն եկել, նա ժամանակ է ձգում: Ալիևն այն քաղաքական ֆիգուրը չէ, որ գնա և Բրյուսելում ասի, որ Բրյուսելն ինձ համար ընդունելի չէ, ես չեմ գալիս, նա ուղղակի այդ ռեսուրսը չունի»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և այն հայտարարությանը, որ Հայաստանն անվանելով «Արևմտյան Ադրբեջան» Բաքուն հող է նախապատրաստում նոր ռազմական գործողության համար՝ մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջներից մեկը, որ այսօր դրված է բանակցային սեղանին՝ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, ինչու են նրանք ՀՀ-ն կոչում «Արևմտյան Ադրբեջան», միտքը դա է, որ նրանք վերաբնակեցվեն այստեղ, պահանջեն խաղաղապահներ ռուսների կամ թուրքերի տեսքով և այլն, Ալիևի պլանը սա է: Այնպես չի, որ նրանք ձևական են ասում, սա իրական պահանջ է, ուզում են Հայաստանում ական դնել, որը մի քանի տասնյակ տարի հետո կպայթեցվի, ես այդ վտանգն իրական եմ գնահատում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ալիևը հանգստանա և սրա հիմնական միջոցը բանակի վերազինումն է, բանակի վերակառուցումը և միջազգային գործընկերությունը, միայն այդպես մենք կարող ենք Ալիևին հանգստացնել»:
Խոսելով ադրբեջանական կողմի այն դժգոհության մասին, որ ՀՀ-ն դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի իրենց ուղարկած առաջարկներին՝ քաղաքագետը նշեց. «Հայկական կողմը ժամանակ է ձգում, որպեսզի Ալիևին տանի Վաշինգտոն, Բրյուսել կամ Գրանադա, եթե Ալիևն այնտեղ ստորագրի այդ շրջանակային պլանը, այդ ճանապարհային քարտեզը, ապա իր բոլոր պահանջները պետք է գցի աղբարկղը: ՀՀ-ն ուզում է այնպես անել, որ այն պահանջները, որոնք Ալիևը դնում է հիմա՝ չեղարկվի: Որքանով ինձ հայտնի է այդ պահանջներից մեկը հետևյալն է՝ Ալիևն ուզում է, որ Փաշինյանը գնա և բանակցի Արևմտյան ադրբեջանական համայնքի հետ, սա խաղաղության պայմանագրում պայմաններից մեկն է, Փաշինյանը պետք է գնա ինչ-որ ադրբեջանցիների հետ նստի ու բանակցի՝ այսպիսով նաև ճանաչելով նրանց Հայաստան վերադառնալու իրավունքը»:
Իսկ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ 2024 թվականը լինելու է խաղաղության տարի, իրատեսական կլինի՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «2024 թվականին կարող ենք խաղաղություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե Արևմուտքը կոնսոլիդացված ճնշում գործադրի Ալիևի վրա, և Ալիևը հասկանա, որ այդ ճնշմանը դիմադրելն իր վրա ավելի թանկ է նստելու, քան խաղաղության ճանապարհով գնալը: Հետագայում մենք այլ տարբերակներ ունենք, մենք կարող ենք մեր բանակը վերազինել, հասնել ռազմական բալանսի, կարող ենք ունենալ պայմանագրեր Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և այլ երկրների հետ և այդքանով հարցը լուծել, սա երկրորդ տարբերակն է, բայց սա ավելի ժամանակատար է»:
Աննա Բզնունի