Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նախկին պաշտոնյային ձերբակալել են երեկ։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատին, չի բացառվում, որ Պողոսյանն առաջիկայում արտահանձնվի Հայաստանին։
Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։
2019թ.- ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ․- ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել: