Պետությունը մեծ աշխատանք է կատարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Հայաստանում հաստատված անձանց աշխատանքով ապահովելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստան եկող մեծ թվով հնդիկները ո՞ր ոլորտներում են ընդգրկվում աշխատանքներում՝ նա պատասխանեց՝ շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում: Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից: Ուզբեկստանից, Իրանից, Հնդկաստանից գալիս են հիմնականում ցածր որակավորում ունեցող աշխատողներ:
«Մենք մեր ջանքերն ավելի շատ ուղղում ենք նրան, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան և կարողանան մտնել տնտեսական կյանքի մեջ, որպեսզի կարողանան դառնալ տնտեսական ուժ, ոչ թե բեռ: Այդ տեսանկյունից հիմա մեծ աշխատանքներ ենք անում, որ այդ մարդկանց ապահովենք աշխատանքով»,-ասաց նախարարը: