ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության գործուղումը հայ-ադրբեջանական սահման՝ ծանրակշիռ հանգամանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը ցուցաբերում է իր ամբողջական անարդյունավետությունը։
2021 թվականից մինչև 2022 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը մի քանի հարձակում է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ մասը։ 2021 թվականից սկսած Հայաստանն օգնության խնդրանքով բազմից դիմել է թե՛ Ռուսաստանին և թե՛ ՀԱՊԿ-ին։ Երևանն օբյեկտիվորեն պահանջել է, որպեսզի դաշնակից երկրներն ու կառույցներն իրականացնեն իրենց պարտավորությունները, սակայն «դաշնակիցները» այս ամբողջ ընթացքում ոչ միայն փորձում էին իրենց չհասկացողի տեղ դնել, այլև Ալիևին՝ 24 ժամյա ռեժիմով սեր էին խոստովանում։
Ադրբեջանի ագրեսիվ ախորժակը որոշակի առումով զսպվեց միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունը Հայաստանի խնդրանքով դիտորդական առաքելություն տեղակայեց Հայաստանի սահմանին։
ԵՄ առաքելության անարդյունավետության մասին խոսում է մեկը, որի երկրի՝ այսպես ասած խաղապահ ուժերի «արդյունավետությունը» տեսել է ամբողջ աշխարհը։ ԵՄ առաքելության անարդյունավետությունից է խոսում մեկը, որի պետության խաղաղապահ ուժերի քթի տակ հայաթափվեց ամբողջ Արցախը, օկուպացվեց դաշնակից պետության տարածքի մի մասը։ Այսքանից հետո Զախարովային ու նրա նմաններին թվում է, թե Հայաստանը եկեղեցում ամուսնական երդում է տվել Ռուսաստանին և պարտավոր է այն երբեք չխախտել, նույնիսկ, երբ բացահայտ դավաճանվում է։
Զախարովայի շուրթերով Մոսկվան արդեն տևական ժամանակ ամեն կերպ փորձում է քողարկել Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների չկատարումն ու Ադրբեջանի հետ սիրավեպը, հավատալով, որ այդպիսով կարող է պահպանել Հայաստանի հավատարմությունը։ Այս ամենն այնքան տեսանելի ու պարզ է, որ պարզապես անհնար է դա թաքցնել՝ նույնիսկ Զախարովայի արդեն տաղտկալի դարձած խոսքերի ու ձևակերպումների հետևում։
Մկրտիչ Իսրայելյան