Զեղչեր, եռուզեռ, հերթեր, նաև խցանումներ․ այսպես է «Սև ուրբաթ»-ի օրերին։ Քաղաքացիները թողած ամեն գործ շտապում են խանութներ՝ որոնք գովազդել են օրվա աննախադեպ ակցիաների, մինչև նույնիսկ 100 տոկոս զեղչեր մասին՝ շտապում են ու շատ դեպքերում հիասթափվում․ զեղչերն իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանում տարիներ շարունակ «Սև ուրբաթ»-ին նախորդող օրերին և հետո խոսել են այդ օրը անբարեխիղճ տնտեսվարողների գործունեության, սպառողին մոլորեցնելու համար կիրառվող տարբեր գործիքների մասին, մտահոգվել են, լուծումներ առաջարկել, իրավասուներն էլ փորձել են վերահսկողական որոշ մեխանիզմներ կիրառել, սակայն «Սև ուրբաթ»-ի սև հետևանքներից այդպես էլ հնարավոր չի եղել լիարժեք խուսափել։ Խնդրի լուծմանն ուղղված 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը, որն արդեն կանխարգելող հնարավորություն է ընձեռում։
2022թ-ին սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել էր 80 տնտեսվարողի գործունեություն և դրանցից 35-ի նկատմամբ վարույթ էր հարուցել` տուգանելով ընդհանուր 100 մլն դրամով:
Այս տարի «Սև ուրբաթ»-ին ընդառաջ` հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը հայտարարեց, որ ակցիաների ժամանակ դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու են սպառողներից ստացվող ազդակները:
Նշենք, որ «Սև ուրբաթ»-ը կմեկնարկի նոյեմբերի 24-ին:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ «Սև ուրբաթ»-ին եռուզեռ միշտ է լինում. «Ինչու է եռուզեռ լինում, որովհետև մարդիկ մտածում են, որ պետք է լինեն զեղչեր, և շատ դեպքերում այդ եռուզեռից հետո ունենում են հիասթափություններ, որովհետև տեղեկանում են օրինակ, որ պայմանական Ա խանութը պլանավորում է կազմակերպել «Սև ուրբաթ», սպասվում է մինչև 50% զեղչ, գնում են խանութ, հերթում ժամերով սպասելուց հետո տեսնում են, որ իրականում ոչ մի 50% զեղչ էլ չկա: Դրա համար ես ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այս տարին այս իմաստով արդեն առանձնանալու է: Տարիներ շարունակ մենք խոսում էինք այն մասին, որ անհրաժեշտ է, որպեսզի բիզնեսը հասկանա, որ կա վերահսկողություն: Ես միշտ ասել եմ, որ մենք պարտադիր պետք է իրավական ձևակերպում տանք այս զեղչին, այսինքն՝ մենք զեղչ ունենք միայն հարկային օրենսգրքով, բիզնեսն առանց խախտում անելու կարող էր 10 հազար դրամը դարձնել 20 հազար դրամ, հետո 20 հազար դրամը 40% զեղչեր, 10 հազարը կդառնար 12 հազար և ասեր, որ 40% զեղչել են, առանց մեծ չարչարանքի կարող էին սպառողներին մոլորեցնել»:
Բաբկեն Պիպոյան
Պիպոյանն անդրադառնալով տնտեսվարողների կողմից կիրառվող մախինացիաներին՝ ասաց. «Օրինակ՝ ապրանքի վրա երկար ժամանակ գրվում է զեղչ, եթե մի ապրանք տարին 12 ամիս վաճառվում է 50% զեղչով, դա նշանակում է, որ ոչ թե այդ ապրանքը զեղչված է, այլ այդ ապրանքի գինը դա է: Շատ են դեպքերը, երբ նշվում է մինչև 50% զեղչ, երբ մտնում ես խանութ՝ տեսնում ես, որ ընդամենը մեկ ապրանք է 50% զեղչվում, բայց դա էլ չվաճառվող է, ինչ-որ անկյունում դրված, շատ են հանդիպում նաև, երբ այդ օրերին ապրանքի գինն արհեստականորեն բարձրացնում են, հետո զեղչի անվան տակ իջեցնում»:
Իսկ, թե մարդիկ, որքանով են ընկնում այդ մոլորության մեջ՝ Բաբկեն Պիպոյանը նշեց. «Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ տեղեկացված են, զգուշանում են, բոլոր նրանք, ովքեր անտեղյակ են, բնականաբար՝ նրանց դեպքում այդ ծուղակներն աշխատում են, համապատասխան մասնագետներն ամեն ինչ անում են սպառողին իրենց ծուղակը գցելու համար և դա այդպես է ամբողջ աշխարհում»:
Մեր զրուցակից Սյուզի Սիրեյանը նույնպես հանդիպել է վերը նշված մոլորություններին. «Նախորդ տարի վերարկու պետք է գնեի, գինը 40 հազար դրամ էր, սպասեցի «Սև ուրբաթ»-ին՝ մտածելով, որ մի փոքր գինը կիջնի, բայց այդ օրը, գնալով խանութ, տեսա, որ տվյալ վերարկուի գինը բարձրացրել են 50 հազար դրամ և դրել են զեղչ ու իջեցրել 40 հազար, այսինքն՝ այդ ձևով փորձում էին գայթակղել գնորդին, այն մարդն ով ծանոթ չէր լինի դրա նախնական արժեքին, կարծում եմ՝ մտածելով, որ զեղչն իրական է՝ կգներ դա: Ընկերներս էլ նման դեպքերի հաճախ են առնչվել «Սև ուրբաթ»-ի օրերին: Նրանցից մեկը, ով աշխատում է հագուստի խանութում, պատմում է, որ այժմ իրենց մոտ նշել են, որ «Սև ուրբաթ»-ին գործելու է 10-70% զեղչ, մարդիկ պետք է գան խանութ, ընտրեն իրենց ցանկալի ապրանքը և տուփից վերցնեն զեղչի կտրոնը, սակայն այդ կտրոններից ոչ մեկի վրա չկա գրված 50-60-70% զեղչ, այլ գրեթե բոլորի վրա գրված է 10-30%, այսինքն՝ այս պարագայում էլ մոլորության մեջ են գցում գնորդներին»:
Սյուզի Սիրեյան
Սյուզին, սակայն ընդգծեց, որ իրական զեղչերի էլ է հանդիպել. «Շատ քիչ խանութներից եմ օգտվում, հիմնականում այն տեղերից, որտեղ նախորդ տարիներին նկատել եմ, որ զեղչերն իրական են եղել: Դրանք հիմնականում աշխարհում հայտնի բրենդերն են, որոնք ՀՀ-ում էլ ունեն մասնաճյուղեր, այստեղ ինչքան նկատել եմ զեղչերն իրական են եղել, դա էլ կարծում եմ՝ կապված է նրա հետ, որ նշված բրենդերն ամբողջ աշխարհում են կիրառում այդ զեղչերը»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն էլ նշեց, որ իրական զեղչեր լինում են. «Իրական զեղչեր էլ են լինում, այսինքն՝ մարդը գիտի, որ նախորդ «Սև ուրբաթ»-ին գնացել է և 40 հազար դրամանոց ապրանքը գնել է 12 հազար դրամով, հիմա այս նույն մարդն այս տարի էլ է գնալու նույն ակնկալիքով և այդ մեծ հերթերը, որ տեսնում ենք մոլերում՝ դրա մասին են վկայում և ցույց են տալիս, որ կան նաև իրական զեղչեր: Բոլոր չարաշահումները հնարավոր է իրականացնել, որովհետև շատ մարդիկ տեսել են այդ իրական զեղչերը, դրա համար էլ հավատում են»:
Zarkerak.am-ը փորձեց ավելի շատ կարծիքներ ներկայացնել ՀՀ-ում զեղչերի իրական և կեղծ լինելու վերաբերյալ: Ստորև մի քանի տեսակետ ևս.
Փորձել ենք նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցներից կարծիքներ լսել այնտեղ անցկացվող «Սև ուրբաթ»-ի մասին: Շվեդիայի Էրեբրու քաղաքում բնակվող Թերեզա Վարդանյանը նշեց, որ Շվեդիայում սպասում են «Սև ուրբաթ»-ին, բայց ոչ այնպես, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Անգլիայում. «Այդ օրերին մարդիկ մեծածավալ գնումներ են կատարում: Այստեղ էլ բավականին զեղչեր են լինում, գրեթե բոլոր խանութներն էլ միանում են զեղչերին, զեղչերն էլ բավականին մեծ տոկոսներով են լինում, նույնիսկ ավելի շատ, քան՝ Ամանորին»:
Թերեզա Վարդանյան
Թերեզան էլ է նշում, որ Շվեդիայում էլ լինում է, երբ ապրանքի գինն արհեստականորեն բարձրացնեն, հետո՝ իջեցնեն. «Լինում են դեպքեր, երբ օրինակ՝ նկատել եմ՝ տվյալ ապրանքն էժան է եղել, այդ օրերին թանկացրել են գինը, հետո զեղչով նորից հին գնով են վաճառել, մարդկանց հոգեբանության վրա ազդում են և մարդիկ գայթակղվում են: Չնայած նման դեպքեր լինում են, բայց քիչ են՝ զեղչերն հիմնականում իրական են: Այս տարի էլ բավականին զեղչեր են նախատեսվում, ես էլ սպասում եմ, որ գնամ գնումների, զեղչերն այստեղ մոտ երկու շաբաթ տևում են: Ես Անգլիայում էլ եմ մասնակցել «Սև ուրբաթ»-ին․ այնտեղ ավելի համատարած էր և հիվանդագին, այնքան շատ էին մարդիկ, որ հանդերձարանները փակում էին, ձեռքդ չէր հասնում, որ ինչ-որ շոր վերցնեիր, այնտեղ այդ օրերին շատ տարված են լինում գնումներով»:
Մեր զրուցակիցներից Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում բնակվող Անի Մկրտչյանն էլ նշեց, որ Գերմանիայում էլ «Սև ուրբաթ»-ն անցնում է բավականին ակտիվ. «Մեզ մոտ գերակշռում են՝ հատկապես օնլայն գնումները, ես ինքս այս օրերին կատարում եմ գնումներ ու նկատում եմ, թե ինչպես են ապրանքները րոպեների ընթացքում սպառվում: Այստեղ զեղչերն իրական են, բայց, ըստ իս՝ դրանք էականորեն չեն տարբերվում սեզոնային զեղչերից, զեղչային տոկոսները շատ դեպքերում ավելի քիչ են, քան սեզոնային զեղչերի ժամանակ: Մեզ մոտ «Սև ուրբաթ»-ին շատերն են սպասում, քանի որ առջևում Սուրբ Ծննդյան տոներն են, սա՝ երևի թե հիմնական խթանն է գնումներ կատարելու համար, գրեթե բոլոր խանութները միանում են զեղչերին՝ առաջարկելով մինչև 70% գների իջեցում: «Սև ուրբաթ»-ը շարունակվում է մոտ մեկ շաբաթ, այստեղ դա կոչվում է Black week»:
Անի Մկրտչյան
Վերադառնալով հայաստանյան «Սև ուրբաթ»-ին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք համապատասխան օրենքը կզսպի տնտեսվարողներին. «Նախորդ տարի «Սև ուրբաթ»-ի ժամանակ արդեն գործում էր օրենքը, որն ընդունվել էր և այդ փոփոխությունը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարվել էր: Նախորդ տարի պետական վերահսկողն առաջին անգամ արեց մոնիթորինգ, այդ իրավակարգավորումները նախ փորձեց կյանքի կոչել և երկրորդը՝ սկսեց իրազեկել: Նախորդ տարվա «Սև ուրբաթ»-ից հետո ևս մի շարք աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել, այս իմաստով սա առաջին «Սև ուրբաթ»-ն է, երբ բիզնեսը գիտի օրենքի մասին, ունենք օրենք, որը ոլորտը կարգավորում է, այսինքն՝ բիզնեսը չի կարող ասել մինչև 50% զեղչ ունենք, բայց իր ապրանքների 20%-ն այդ 50%-ի մեջ չլինի: Զեղչի գինը հաշվարկվում է ոչ թե ինչպես բիզնեսն ուզում է, այլ նախորդ ամսվա վաճառքի միջին գնից, հիմա բիզնեսն արդեն սրա մասին գիտի, պետական մարմինն արձագանքել է և արել է կանխարգելող հայտարարություններ, նպատակն այն է, որ բիզնեսը խախտում չանի, տուգանք էլ չլինի, բայց, երբ պետական կառույցն ասում է, որ հսկելու է՝ բիզնեսի զգոնությունը բարձրանում է»:
Անդրադառնալով տնտեսավարողների վարքագծին և չարաշահումներին՝ սպառողների շահերի պաշտպանն ասաց. «Եթե նույնիսկ ամենախիստ պատիժն է սահմանվում, դա դեռևս չի բացառում այդ խախտումը: Այս դեպքում ես չեմ կարող պնդել, ավելին՝ համոզված եմ, որ որոշ չարաշահումներ կլինեն, չեմ էլ կարող պնդել կամ համարել, որ բոլոր խախտումները ՄՊՀ-ն կհայտնաբերի, ամենօրյա, ամենժամյա վերահսկողություն դժվար կլինի իրականացնել՝ մարդկային ռեսուրսի տեսանկյունից էլ: Հարկավոր է, որպեսզի ՄՊՆ-ն խոշոր առևտրային ցանցերում իրականացնի վերահսկողություն, բայց մյուս կողմից էլ մեր քաղաքացիները պետք է լինեն ակտիվ և երբ ունեն փաստական ապացույցներով հիմնավորված դեպքեր, երբ զեղչն իրական չի եղել, այս գործընթացը հանրայնացնեն սոցիալական ցանցի էջերում կամ ուղիղ դիմելով ՄՊՀ, որպեսզի պետական մարմինն արձագանքի նաև քաղաքացիների ահազանգին: Պետք է միևնույն ժամանակ գործի երկու վերահսկողություն՝ պետական և հանրային․ պետական վերահսկողը չպետք է ասի՝ դե մարդիկ խնդիր կտեսնեն ես կգնամ կստուգեմ, ինքնուրույն էլ պետք է գնա, բայց մարդիկ էլ չպետք է մտածեն, որ պետությունը կարող է ամեն տեղ ամեն ինչ տեսնել, իրենք էլ պետք է այդ խնդիրը նկատելու դեպքում ուղղորդեն պետական կառույցին ու պետական կառույցը մարդու կողմից նկատած խնդրին պետք է վերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում է ինքն իր նկատած խնդրին: Եթե այս մեխանիզմը սկսեց առողջ աշխատել, հավաստիացնում եմ՝ շատ կարճ ժամանակ հետո նման խախտումներ կա՛մ չենք ունենա, կա՛մ կունենանք 1-2 բացառիկ դեպքեր, եթե այս մեխանիզմը չաշխատեց, մենք կունենանք ինչ-որ բացահայտված դեպքեր, բայց այդուհանդերձ մասշտաբային էֆեկտը կշարունակի մնալ»:
Պիպոյանն ասաց. «Այս «Սև ուրբաթ»-ն էականորեն կտարբերվի: Մենք արդեն իսկ ունենք օրենք և այդ օրենքը ոչ թե նորույթ է, այլ այդ օրենքն արդեն մեկ տարի է շրջանառվում է և տնտեսվարողների գերակշռող մեծամասնությունն փաստաթղթին ծանոթ է և նաև տնտեսվարողներն առնվազն հայտարարությունների մակարդակով ու նաև նախորդ տարվա ընթացքում հարուցված վարույթներով գիտեն, որ կարող է կիրառվել սանկցիա: Նախորդ տարի ոչ մի տնտեսվարող չուներ այդ փորձը, որ գալու են իր մոտ ստուգման, այս տարի առաջին անգամ այդ փորձը կա: Մեզ մոտ արդեն քիչ-քիչ այս մշակույթը ձևավորվում է, տարիներ հետո մենք գուցե կարողանանք համեմատվել այլ երկրների հետ»:
Աննա Բզնունի