Ուխտավորների այցը Դադիվանք դեռ արգելված է

Ավելի քան հինգ ամիս է՝ Դադիվանք ուխտավորներ չեն այցելում, և այսօր էլ որևէ բան չի փոխվել։ Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց եկեղեցում հոգևոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը։ Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական այս  վանական համալիրը  գտնվում է Քարվաճառի շրջանում, որն էլ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

 «Բազմիցս ես էլ, թեմն էլ է նշել, որ մայիսի 2-ից այս կողմ այլևս որևէ հայ ուխտավոր այստեղ մուտք չի գործել։ Սկզբնական շրջանում պատճառներ չէին ներկայացվում, պատրվակներ էին՝ ադրբեջանական կողմից։ Մի քանի ամիս է՝ ինքս էլ տեղյակ չեմ, թե ինչու թույլ չեն տալիս։ Բայց, թերևս, զուտ ցանկություն է․ ցանկություն չունեն և վերջ»։

Հայր Աթանասի խոսքով՝ մինչ այդ կիրառվում էին սահմանափակումներ․ ուխտավորների քանակը  մի քանի անգամ ավելի  շատ է եղել, իջեցրել են ընդհուպ մինչև  տասը հոգի։ Հետո մեկ թույլ էին տալիս, մեկ՝ չէ։

 «Մայիսի 2-ին վերջին անգամ են ուխտավորներն այստեղ եկել»,-ասաց նա։

Հայր Աթանասը հավելեց, որ ուդիներն են պարբերաբար լինում Դադիվանքում, վերջին անգամ՝ սեպտեմբերի 26-ին էր։ Նրանց ուխտագնացությունը միայն Դադիվանքով չի սահմանափակվել, նաև այցելել են Ծիծեռնավանք․ իրենց զոհվածների համար հոգեհանգիստ են կատարել։ Մենք իրենց արարողությանը ներկա չենք եղել, չենք ունեցել որևէ միջամտություն։   

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո որոշ խաչքարեր ու որմնանկարները հանել են, մնացած ինչը մնացել է, ներկա պահին նույնությամբ պահպանվել է, տեղեկացրեց Հայր Աթանաս Սարգսյանը։

Վարսիկ Սիմոնյան

11 Հոկտեմբեր, 2021 15:21
Վեր