Խորհրդային շնչով ռուսական որակ Zarkerak - Խորհրդային շնչով ռուսական որակ
Zarkerak Zarkerak - Խորհրդային շնչով ռուսական որակ
Խորհրդային շնչով ռուսական որակ

Խորհրդային շնչով ռուսական որակ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստան են տեղափոխվել ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։ Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական գործակցությունն աշխարհում սվիններով են ընդունել երկու պետություն՝ Ադրբեջանը և Ռուսաստանը։ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ թշնամի երկրում չեն ցանկանում, որպեսզի Հայաստանը վերականգնի իր մարտունակությունը, և, հետևաբար Հայաստանի կողմից ցանկացած տիպի սպառազինության ձեռքբերում Բաքուն իր համար համարում է սպառնալիք։ Իսկ Ռուսաստանի՝ այսպես ասած չուզողությունը ուղղակի խանդի դրսևորում է։

Տասնամյակներ շարունակ Հայաստանի սպառազինության միակ մատակարարը եղել է Ռուսաստանը։ Ընդ որում, հաճախ Հայաստանին մատակարարվել են կամ օգտագործված, կամ հին զինատեսակներ։ Թե ինչ համբավ ունի ռուսական սպառազինությունը՝ աշխարհում լավ գիտեն, ընդ որում ռուսական սպառազինության որակի մասին գիտեն նաև Ռուսաստանում, գիտեն, բայց լռում են, կամ լռեցնում են նրանց ովքեր խոսում են։  

Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ներկայացող տիկինը համարել է ոչ պիտանի։

Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանում հիմնականում արտադրվել են խորհրդային միության ժամանակների սպառազինություն, կամ այնպիսի սպառազինություն, որոնք նախագծվել են խորհրդային ժամանակաշրջանում, սակայն սկսել են արտադրվել արդեն հետխորհրդային Ռուսաստանում․ բոլոր դեպքերում ռուսական սպառազինությունը, կամ դրանց այն մասը, որը Մոսկվան վաճառել է Հայաստանին՝ հիմնականում նախորդ դարի 80-ականների են։ Ի դեպ, այս փաստն արձանագրել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Հայաստանը կռվում է 80 ականների զենքով։

Ռուսական զենքի հորինված առասպելները շատ անգամներ են փլուզվել, ընդհուպ նույնիսկ հենց Ռուսաստանում անցկացվող բազմաթիվ ռազմական շքերթների կամ փորձարկումների, զորավարժությունների ժամանակ։ Արցախի 44-օրյա պատերազմը նույնպես կարելի է ասել ռուսական սպառազինության պարտությունն էր։ Սա ռուսական սպառազինության՝ այսպես ասած տեխնիկական մասով։ Սակայն կա նաև բարոյական մասը։ Ռուսաստանը, ինչպես հայտնի է՝ Հայաստանին չի մատակարարել այն սպառազինությունը, որի համար Երևանն արդեն վճարել էր։ Այլ կերպ ասած՝ փողը վերցրել են՝ ապրանքը չեն տվել։ Նման վարվելակերպը ժողովրդի շրջանում բավական վատ բառերով է բնութագրվում։

Ընդհանրապես, Հայաստանը 30 տարիների ընթացքում թաղվել է ռուսական՝ ռազմական, տնտեսական և էներգետիկ ճահճում, ինչը որևէ կերպ չի նպաստել Հայաստանի զարգացմանը։ Աշխարհում 21-րդ դարն է, իսկ ռուսական փողերով սնվող հայկական էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում նախորդ դարի 70 ականներն են։ Օրինակները շատ են։ Վերցնենք նույն երկաթգիծը, որի կառավարումը տարիներ առաջ հանձվեց Ռուսաստանին։ Գնացքների շարժակազմի հիմնական մասը 70-80 ականների են, աշխարհն արդեն անցել է 100, 200, 300 կմ ժամ արագություն զարգացնող գնացքների, Հայաստանում ռուսական «կրիաները» շարժվում են առավելագույնը 30-40 կմ ժամ արագությամբ։ Հայաստանի էլեկտրական ցանցերը պատկանում են Ռուսաստանին՝ էլեկտրաէներգիայի որակի, ենթակառուցվածքների հաճախակի խափանումների և մյուս թերությունների ու խայտառակությունների մասին գիտենք բոլորս։

Այս օրինակները կարելի է շատ երկար թվարկել։ 21-րդ դարում Ռուսաստանը մնացել է 20-րդ դարի 70-ականների միջակայքում։ Անշուշտ՝ սա կարող էր մեզ չանհանգստացնել, եթե այդ նույն խորհրդային ժամանակաշրջանի պահեստներից դուրս չեկած Ռուսաստանը շղթայած չպահեր նաև Հայաստանին։

Հայաստանը պետք է դուրս գա ռուսական պահեստներից։ Բնականաբար, խոսքը չի գնում ռուսական տեխնոլոգիաներից ու սպառազինությունից կտրուկ հրաժարվելու մասին։ Սակայն Հայաստանը պետք է սկսի դիվերսիֆիկացնել այն ոլորտները, որտեղ ռուսական մենաշնորհներ են։ Հակառակ դեպքում՝ տնտեսության զարգացման և անվտանգային նոր համակարգի մասին կարող ենք երկար ժամանակ մոռանալ։ Բնականաբար, բարդ է լինելու, բայց ոչ անհնար։

Մկրտիչ Իսրայելյան

24 Նոյեմբեր, 2023 14:25
Վեր