Որպեսզի երկրում հուշարձանների վանդալիզմի դեպքերը նվազեն, մի շարք անելիքների հետ մեկտեղ կարևոր է այս առումով բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը․ Հարություն Վանյան

Նման դեպքերը կանխելու համար նախ պետք է արդեն տեղի ունեցածները  խստագույնս պատժվեն օրենքի ամբողջ ուժով։ Zarkerak.am-ի՝ վանդալիզմի վերջին դեպքի հետ կապված հարցին պատասխանելով՝ ասաց ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզում գտնվող Անվերջության ժապավեն հուշարձանի վրայից  անհայտ անձիք   գողացել են պղնձաձույլ մասերը։ Նշենք, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, հուշարձանը ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։

«Այս դեպքի հետ կապված իրականացվում են   անհրաժեշտ միջոցառումներ՝ այն  բացահայտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ հուշարձանների պահպանության  գործընթացն ավելի արդյունավետ կլինի, եթե կիրառվեն տեխնիկական միջոցներ, օրինակ՝ տեսախցիկներ, կարող եմ ասել, որ   նախ տարածքում  առկա է հոսանքի խնդիր։ Մարզային իշխանության հետ քննարկվում է տարածքը հոսանքով ապահովելու հարցը։ Ինչն էլ իր հերթին  հնարավորություն կտա արդեն տեսախցիկներ տեղադրել և արդյունավետ դարձնել հուշարձանի պահպանությունը»։

«Բայց եթե ընդհանուր դիտարկենք խնդիրը, բնականաբար բոլոր հուշարձանների տարածքներում հնարավոր չէ  տեսախցիկներ տեղադրել։ Այս դեպքում անչափ կարևոր է հասարակության գիտակցությունը բարձրացնելը․ այն, որ հուշարձանները, քանդակները մեր բոլորի մշակութային ժառանգությունն են, մեր հարստությունն են, և այն վանդալիզմի ենթարկելը, գողություն անելն ուղղակի ինքնավնասում է։ Եվ առաջնահերթություն է  տեղի ունեցած դեպքերը բացահայտելը, օրենքով սահմանված կարգով պատժելը՝  այդ կերպ նաև  կանխարգելելով մնացած վատ մտադրությունները», -ընդգծեց Վանյանը։

Նրա խոսքով՝ վերջերս տարբեր ձևաչափերով քննարկումներ են անցկացնում տարբեր հարթակներում, այդ թվում՝ մասնագիտական հանրության, ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ այս դեպքերով պատժաչափերի, տուգանքների և ընդհանրապես քրեական ու վարչական պատասխանատվության միջոցների խստացման հարցով։

«Քանի որ շատ դեպքերում վերանայման կարիք ունեն այն վարչական տուգանքների չափերը կամ քրեական պատասխանատվության նորմերը, որոնք նախատեսված են հուշարձանների վնասման, ոչնչացման կամ անդառնալի խեղման համար։ Այս դեպքի հետ կապված, կարծում եմ, պետք է քրեական գործ հարուցվի։ Նշեմ, որ տարբեր ընթացակարգեր չպահպանելու ու հուշարձանների տարածքներում չթույլատրված աշխատանքներ իրականացնելու համար արդեն վարչական օրենսգրքի համապատասխան հոդվածներով տարբեր պատժաչափեր կան՝ սկսած 50․000  դրամից, որոնք բավականին ցածր են, և անհրաժեշտություն կա դրանք վերանայելու և ավելացնելու»։

Վանյանի տվյալով՝  2021 թվականին  բավականին շատ էին   վանդալիզմի դեպքերը, այդ թվում են Շուշանիկ Կուրղինյանի կիսադրու, Հայ բարերարների պուրակից գողությունները։ Ըստ նրա՝ ճիշտ է, նշվածները հուշարձանի կարգավիճակ չունեին, բայց այս դեպքում պետք չէ տարանջատել, քանի որ դրանք էլ քաղաքի համար իրենց կարևորությունը և նշանակությունն ունեին։ Ազգային ժողովի հարակից այգու տարածքից գողացան քանդակը։

 «Ցավոք, նման դեպքեր միշտ են գրանցվել»,- հավելեց նա։   

Հարություն Վանյանի խոսքով՝ հուշարձանների գողությունների դեպքերը հիմնականում  բացահայտվում են։ Իրավական դաշտի ապահովմամբ, հսկող տեխնիկական միջոցների տեղադրմամբ և նաև  առավել աչալուրջ հսկողության արդյունքում նման դեպքերը գնալով   կնվազեն, կարծում է Վանյանը։

 

 

Վարսիկ Սիմոնյան

11 Հոկտեմբեր, 2021 17:42
Վեր