946 շարժակազմ է հարկավոր, որ համարենք Երևանում տրանսպորտային նոր ցանցի հարցը լուծված, հիմա ունենք դրա 50%-ը․ ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները․ պարզաբանում քաղաքապետարանից Zarkerak - 946 շարժակազմ է հարկավոր, որ համարենք Երևանում տրանսպորտային նոր ցանցի հարցը լուծված, հիմա ունենք դրա 50%-ը․ ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները․ պարզաբանում քաղաքապետարանից
Zarkerak Zarkerak - 946 շարժակազմ է հարկավոր, որ համարենք Երևանում տրանսպորտային նոր ցանցի հարցը լուծված, հիմա ունենք դրա 50%-ը․ ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները․ պարզաբանում քաղաքապետարանից
946 շարժակազմ է հարկավոր, որ համարենք Երևանում տրանսպորտային նոր ցանցի հարցը լուծված, հիմա ունենք դրա 50%-ը․ ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները․ պարզաբանում քաղաքապետարանից

946 շարժակազմ է հարկավոր, որ համարենք Երևանում տրանսպորտային նոր ցանցի հարցը լուծված, հիմա ունենք դրա 50%-ը․ ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները․ պարզաբանում քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են՝  մայրաքաղաքը գնում է եվրոպական չափանիշներին համապատասխան տրանսպորտային ցանցի ներդրման․ ո՞ր փուլում են բարեփոխումները, դեռ որքա՞ն սպասել

«946 շարժակազմ է հարկավոր, որ համարենք տրանսպորտային նոր ցանցի հարցը լուծված, հիմա  ունենք շարժակազմի 50 տոկոսը»,-Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն այսպես է պատասխանում  Zarkerak.am-ի հարցին, թե, ի վերջո, երբ է Երևանը ունենալու ամբողջապես բարեփոխված հասարակական տրանսպորտ։ 

Վազգեն Հարությունյան

«Տրանսպորտային ցանցի նախկինում արված բարելավման աշխատանքները չենք կարող պնդել, որ տրանսպորտի խնդիրը լուծել են օրինակ՝ 70 կամ 80 տոկոսով, միանշանակ այդպես չէ։ Այդ աշխատանքները  շարունակական բնույթ են կրում, քանի որ տարիներին զուգահեռ  նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելուց զատ, տեսնում ենք, որ արդեն ցանցում եղածն էլ փոխելու խնդիր է առաջանում»,- ասում է Վազգեն Հարությունյանը՝ ընդգծելով՝ դժվար է նախանշել կոնկրետ թվական ու ժամկետ, թե, երբ վստահաբար կպնդենք, որ Երևանը հասարակական տրանսպորտի խնդիր չունի։

Երթուղային այն ցանցը, որը Երևանում հիմա է առկա, Հարությունյանի խոսքով, մի քանի փուլերով բարեփոխումների արդյունք է․ «Հասարակական  տրանսպորտի մասով ռեֆորմը բաժանված է եղել մի քանի փուլերի․ նախկինում հայտարարվեց «գազելի» ռեֆորմի մասին, այս խնդիրն այդ մասով ամբողջությամբ կատարված է, այլևս գազելներ չկան։ Ներկայումս բարեփոխումները կենտրոնացված են նոր շարժակազմեր ձեռք բերելու և նոր երթուղային ցանցի անցնելու ուղղությամբ»։

Վազգեն Հարությունյանը մանրամասնում է, որ տրանսպորտային ցանցում բոլոր բարեփոխումները միտված են մայրաքաղաքում ԵՄ և ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան երթուղային ցանց ունենալուն։ Այս պահին ևս այդ առումով քայլեր են արվում․ «Երթուղային նոր ցանց ունենալը մի փոքր ավելի միջնաժամկետ պրոցես է, որովհետև նոր երթուղային ցանցի համար պահանջվող շարժակազմի ցանկալի թիվն այս պահին առկա չէ, որը ինչպես նշեցի պետք է լինի թվով 946։  Զգալի ռեֆորմ իրականացնելու համար պետք է սկզբից  նախ ձեռք բերել այդ շարժակազմը, այնուհետև միասնական տոմսային համակարգի ներդրման հետ զուգահեռ վերափոխել ցանցը նոր երթուղային ցանցի։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, սպասում ենք 30 նոր ավտոբուսի՝ փետրվար ամսին, նախորդ պայմանագրի շրջանակներում մատակարարի հետ բանակցելու արդյունքում 30 նոր ավտոբուս կբերվի՝ առանց հավելյալ նոր գումարի։

Ներկայումս հայտարարված է նոր մրցույթ՝  171  նոր ավտոբուս ձեռք բերելու համար, որոնք հույս ունենք արդեն օգոստոսին կլինեն Երևանում։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում ֆինանսական միջոցներ ներգրավելու մասով՝ ևս 250  8,6 մետրաանոց էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման մասով․ ժամկետները դեռ պարզ չեն, որովհետև դեռ ֆինանսական միջոցների հարցն է քննարկվում»,- նշում է Հարությունյանը և ընդգծում՝ էլեկտրական ավտոբուսներ քաղաքում ունենալը կարևոր է եվրոպական ստանդարտներին հետևելու տեսանկյունից։  

Նրա խոսքով՝ նաև միասնական տոմսային համակարգի անցնելու շրջանակում որոշ ավտոբուսներում տեղադրվել են սարքեր, սակայն հստակ չէ, երբ դրանցով կհամալրվեն բոլոր ավտոբուսները։

 

Քաղաքում դեռ կան հնամաշ ավտոբուսներ

Վազգեն Հարությունյանից հետաքրքրվում ենք՝ մի կողմից խոսում ենք ԵՄ ստանդարտներին հասնելու մասին, մյուս կողմից քաղաքի փողոցներում դեռ տեսնում ենք հին ու հնամաշ ավտոբուսներ, ե՞րբ է լուծվելու այս հարցը․ «Օրինակ՝ մանուշակագույն ավտոբուսներն առաջիկա տարիների ընթացքում պետք է փոխարինվեն նորով, որովհետև նաև տեխնիկապես արդեն մաշվածության փուլում են գտնվում»։

Կան թվեր, թե քանի մաշված երթուղի պետք է փոխվի ու երբ․ օրինակ՝ այդ ցանկում են 67 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները և, ոչ միայն դրանք․ «Թվերի վերաբերյալ դիտարկումներ ունենք, բայց այդ հարցին անդրադառնալու ենք հուլիս-օգոստոս ամիսներին։ Երբ նոր մրցույթի արդյունքում արդեն հաղթող կազմակերպության կողմից կունենանք ձեռք բերվող 171 ավտոբուսների նոր խմբաքանակը, արդեն կխոսենք նաև մաշված գծերը նորացնելու մասին, ներկայումս պահանջվող քանակը չկա։ Այդ ավտոբուսները երբ ժամանեն, արդեն որոշակի տեսանելի փոփոխություններ դրա արդյունքում կլինեն, բայց հստակ ժամկետներ կդժվարանամ նշել»։  

Վերադառնանք հնամաշ երթուղիների թեմային․ «Կոնկրետ 67 համարի երթուղին մասնավոր ընկերության կողմից սպասարկվող երթուղի է, այս պահին  տեղյակ ենք, որ ունի շարժակազմի խնդիր և չի կարողանում անգամ պատշաճ սահմանված շարժակազմը բաց թողնել գիծ և պատշաճ սպասարկում իրականացնել»։

Ստացվում է, որ մասնավոր ընկերություններրը, որոնք մրցույթում հաղթել են ու երթուղի են սպասարկում կարող են շարունակել աշխատել հին ավտոբուսներո՞վ․ «Ներկայումս հսկողություն է իրականցվում, որպեսզի մաքսիմալ շատ շարժակազմ պատշաճ վիճակում պահվի,  բայց այս խնդիրը երկարաժամկետ լինելու դեպքում, պետք է դիտարկենք, որ նման երթուղիները ևս համայնքը սպասարկի՝ ներդրված նոր ավտոբուսներով։  Հիմա երթուղիների մեծ մասը սպասարկում է համայնքային ընկերությունը՝  «Երևանի ավտոբուս»  ՓԲԸ-ն և առկա են 11  մասնավոր երթուղիներ, որոնք  սպասարկվում են մասնավոր ընկերությունների կողմից։ Մասնավոր երթուղիները  բոլորը հին շարժակազմով են։ Առաջիկայում, եթե նրանք իրենց ավտոբուսները չարդիականացնեն, և չապահովեն պատշաճ որակ, համայնքը պարտավոր է լինելու իր միջոցներով շարժակազմ գնել և պատշաճ սպասարկում իրականացնել։ Խնդիրը շատ պարզ է, եթե պայմանները չեն պահվում, համայնքն այլընտրանք չունի, քան խզել պայմանագիրը՝ անցկացնելով կամ նոր մրցույթ կամ երթուղին սպասարկել իր միջոցներով»։   

Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է՝ մասնավոր ընկերությունների հետ նման փորձ արդեն ունեն․ ««Գազելային» ռեֆորմի ժամանակ 24 մասնավոր երթուղիներն ամբողջությամբ փոխվեցին ավտոբուսային երթուղիներով և գազելները հանվեցին»։  

Ձեռքբերված տրոլեյբուսների և ծրագրվածի մասին

 «Այս տարի 15 նոր տրոլեյբուս է մտել երթուղի»,- ասում է Վազգեն Հարությունյանը։

«Դրանց հաշվին մեր  ունեցած 5  երթուղիներից  2-ը երկարացվեցին։  Այլ կերպ ասած՝ 2 երթուղում մի անգամ գալիս է հին տրոլեյբուս, հաջորդը՝ նոր տրոլեյբուս։ Թեև նոր տրոլեյբուսները դրական ազդեցություն թողեցին, բայց բավարար չեն, որպեսզի, ասենք, որ տրոլեյբուսային պարկն ամբողջությամբ համալրվել է պահանջվող  շարժակազմով։ Պարկում խնդիրներ առկա են, փորձում ենք տեղային լուծումներ իրականացնել, բայց այդ լուծումները երկրաժամկետ չեն, պարզապես կարողանում ենք գոնե՝ պահանջվող շարժակազմի թվաքանակը պահել։ Եվս 71 տրոլեյբուս է պետք քաղաքին»,- ընդգծում է Հարությունյանը։  

Վարորդները, նրանց  բարեվարքությունն ու բողոքները

Տրանսպորտային բարեփոխումները ենթադրու՞մ են վարորդների բարեվարքության չափանիշներ, հատկապես, որ քիչ չեն դեպքերը, երբ ուղևորները դժգոհություն են հայտնում վարորդներից․ «Վարորդների հետ կապված՝ վարչությունը բոլոր բողոքները ստանում է և բոլոր բողոքների մասով հետևողական ենք լինում։ Տեսնում ենք, թե որ երթուղու, որ վարորդից են բողոքում, կարող ենք ընդհուպ աշխատանքից ազատել»։  

Սակայն Հարությունյանը վստահեցնում է, որ վարորդների նկատմամբ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն բողոքներին հետևելով․ «Աշխատանքներ են տարվում վարորդների նկատմամբ վերահսկողությունն ավելացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ներկայումս  տրանսպորտային միջոցներում եղած տեսախցիկների միջոցով փորձում ենք հսկողություն իրականացնել, բայց դրանք դեռ առկա են միայն նոր ավտոբուսներում։  Մյուս տարվա ընթացքում նախատեսվում է որոշակի մոնիթորինգային կենտրոն ստեղծել, որտեղ առցանց կհավաքվեն բողոքները և ավելի ինտերակտիվ կարձագանքենք դրանց և հստակ փաստական տվյալներով գործողություններ կկատարենք․ սա միանշանակ կսթափեցնի վարորդներին։ Ոլորտն այնպիսին է, որ խնդիրները բազմաթիվ են, պետք է ներդրվեն գործիքներ, հակառակ դեպքում՝ վերահսկողության թուլացումը կբերի անկառավարելի վիճակի։ Իհարկե, մենք էլ տեղյակ ենք, որ կան մի շարք ոչ բարեխիղճ վարորդներ»։

Խցանումների խնդիրն օրակարգում

«Քաղաքի զարգացմանը զուգահեռ` միշտ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի կարողանանք կառավարել տրանսպորտային հոսքերը։  Տրանսպորտի ռեֆորմն,  իրականում, կատարվում է երկու ՝ հասարակական տրանսպորտի և երթևեկության կարգավորման ուղղություններով։ Սա ևս ամենօրյա, շարունակական աշխատանք է պահանջում,  անկախ սահմանափակումներից մի շարք փողոցներում և խաչմերուկներում երթևեկության խնդիր է առաջանում և երթևեկության կազմակերպման փոփոխության, բարելավման, լուսացույցների ռեժիմների կարգավորման անհրաժեշտություն է առաջանում», -ասում է Վազգեն Հարությունյանը։

Հարությունյանն ասում է՝ քաղաքապետարնն իր իրավասության շրջանակում խցանումների խնդիրը փորձում է ինչ-ինչ մեթոդներով մեղմել՝ գտնելով հավանական պատճառները․ «Երթևեկության կազմակերպման համար մի շարք աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես՝ տարբեր խաչմերուկներում  իրականացվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, ներկայումս նախատեսված է փուլային եղանակով խցանումների մեղմման գործողություններ։ Առաջին քայլն արդեն արվել է՝ որոշակի ժամերին սահմանափակվել է բեռնատարների մուտքը  Փոքր Կենտրոն։ Ներկայումս աշխատանքներ են տարվում  նոր վճարովի կայանատեղեր ունենալու համար, որը նույնպես կհանդիսանա նոր սահմանափակող միջոց՝ ավտոմեքենաների  շարժը դեպի Կենտրոն սահմանափակելու համար»։

Փոքր Կենտրոնում խցանումների պարագայում, ըստ Հարությունյանի, միայն սահմանափակումներ կարող են կիրառել․ «Ճանապարհային ցանցի ընդլայնման հնարավորությունը՝ մանավորապես Փոքր Կենտրոնում գրեթե անհնար է և փողոցները լայնացնել հնարավոր չէ, դրա համար միջոցներ են ձեռնարկվում՝ սահմանափակման  գործիքների  կիրառմամբ»։

Վազգեն Հարությունյանի դիտարկմամբ՝ մեկ այլ կարևոր հարց է խելացի լուսացույցների խնդիրը, որոնք ծրագրված է ներդնել հաջորդ տարի, այժմ փորձում են ֆինանսական միջոցներ հայայթել․ «Դրանք պետք է աշխատեն՝ հաշվի առնելով հոսքերը, օրվա ժամերը։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի հնարավոր կլինի որոշակի նոր մեխանիզմներ ներդնել»։

Իսկ, ընդհանուր առմամբ՝ ամբողջ քաղաքում խցանումները կարգավորելու համար Հարությունյանը մեկ հիմնական գործող լուծում է տեսնում․ « Որոշ հանգույցներում  էստակադաների կառուցումը, որը նույնպես ֆինանսական մեծ ներդրում է պահանջում։ Նոր ճանապարհների կառուցումը, ինչպես արդեն նշվել է՝ մյուս տարվա ծրագրերում նախատեսված է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհը»։

Նման խոշոր քաղաքաշինական ծրագրերի իրագործման համար,սակայն  ժամկետներ չնշվեց․ «Նախագծային որոշ աշխատանքներ կատարվում են, այդ թվում՝  ֆինանսական միջոցների հայթայթման աշխատանքներ»։  

 

Մարիամ Մկրտչյան

28 Նոյեմբեր, 2023 16:31
Վեր