ՀՀ-ում դրամական փոխանցումները նվազել են, արտահանման աճի տեմպերը՝ դանդաղել. պատճառների և հետևանքների մասին տնտեսագետի դիտարկումները Zarkerak - ՀՀ-ում դրամական փոխանցումները նվազել են, արտահանման աճի տեմպերը՝ դանդաղել. պատճառների և հետևանքների մասին տնտեսագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում դրամական փոխանցումները նվազել են, արտահանման աճի տեմպերը՝ դանդաղել. պատճառների և հետևանքների մասին տնտեսագետի դիտարկումները
ՀՀ-ում դրամական փոխանցումները նվազել են, արտահանման աճի տեմպերը՝ դանդաղել. պատճառների և հետևանքների մասին տնտեսագետի դիտարկումները

ՀՀ-ում դրամական փոխանցումները նվազել են, արտահանման աճի տեմպերը՝ դանդաղել. պատճառների և հետևանքների մասին տնտեսագետի դիտարկումները

Նոյեմբերի 27-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը նշեց, որ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23.1%-ով նվազել են:

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց, որ դրամական փոխանցումների նվազումը պայմանավորված է նախորդ տարվա  բարձր բազայով. «Անցյալ տարի ունեցել ենք բարձր բազա, ամեն ամիս բանկային համակարգով  միայն ֆիզիկական անձանց հաշվին կես միլիարդ դոլար գումար է մտել Հայաստանի Հանրապետություն: Ներկայումս դա որոշակիորեն իջել է դեպի 4 հարյուր միլիարդ, այսպիսի գործընթաց է նկատվում, ընդ որում՝ այդ նվազում ասվածն էլ ավելի շատ ոչ թե ներհոսքի նվազում է, այլ արտահոսքի ավելացում է, ըստ էության՝ ավելի են մեծացել այն գործառնությունները, որոնք իրենց մեջ պարունակում են  ներհոսք-արտահոսքի տարրեր: Այսպես ասած՝ ՀՀ-ի ֆինանսական հոսքերն ավելի են մեծացել և դրա արդյունքում է, որ արտահոսքի մեծացման ազդեցությամբ նախորդ տարվա համեմատ որոշակի տեմպերով նվազել են այդ ծախսերը»:

Նարեկ Կարապետյան

Կարապետյանը նշեց, թե ինչ ազդեցություն կլիներ, եթե դրամական փոխանցումների բարձր ներհոսք ունենայինք. «Դրամական փոխանցումների բարձր ներհոսքը պահանջարկի ազդեցություն է ունենում, և դա հանգեցնում է առաջին հերթին ծառայությունների ոլորտի, առևտրի ոլորտի ու ընդհանուր առմամբ՝ սպառման ավելի բարձր աճերի, ինչը տնտեսության համար շատ կարևոր է»:

Անդրադառնալով Ֆինանսների փոխնախարարի այն հայտարարությանը, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճի դանդաղում է նկատվում ՝ տնտեսագետն ասաց. «Փոխարժեքի արժևորումն արտահանման վրա բացասական ազդեցություն է ունենում և խթանում է ներմուծումը, այդ առումով նման արդյունք սպասելի էր: Դա շուկայական տնտեսությանը բնորոշ վարքագիծ է, երբ տնտեսությունն ունենում է դրամական ներհոսք, դրամական հոսքերը մեծանում են, դա հանգեցնում է փոխարժեքի արժևորման և վերջինս էլ իր հերթին նվազեցնում է արտահանումը և մեծացնում է ներմուծումը, որը վերաբալանսավորում է տնտեսությունը: Եթե ցանկանում են, որ տնտեսությունում լրացուցիչ պահանջարկը պահպանվի, տնտեսությունը շարունակի աճել  և շարունակի գերտաքացումը, ապա թույլ չեն տալիս փոխարժեքի արժևորումը, բայց այդ դեպքում էլ վճարում են ավելի բարձր գնաճով, ասինքն՝ ընտրությունը դա է՝ կա՛մ պետք է վճարել բարձր գնաճով, կա՛մ պետք է թույլ տալ, որպեսզի տնտեսությունը վերաբալանսավորի իրեն, հիմա այդ վերաբալանսավորման գործընթացն է, իհարկե այստեղ կարող են ցավալի դրսևորումներ լինել՝ արտահանման շուկաների կորստի հետ կապված, այստեղ է, որ պետք է ճիշտ բալանսները գտնել, այսինքն՝ այնպիսի վերաբալանսավորում թույլ տալ, որը չի վնասի տնտեսական պոտենցիալը»:

ՀՀ վիճակագրական կոմիտեն նոյեմբերի 27-ին հրապարակեց տվյալներ, ըստ որի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 9.2%-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5%-ով: Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4%-ով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2022-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3%: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.1%-ով:

Նարեկ Կարապետյանը 9.2% ցուցանիշը դրական գնահատեց. «Աճել են շինարարությունը, ծառայությունները, առևտուրը, իսկ արդյունաբերությունը նվազել է: Փոփոխություններն էլ ուրիշ ուղղությամբ են գնում, այսինքն՝ ծառայությունների ազդեցությունն աստիճանաբար իջնում է՝ բազային էֆեկտի հետ կապված և վերջին հրապարակված ցուցանիշով արդյունաբերությունը որոշակի վերականգնման նշույլներ է ցույց տալիս»:

Խոսելով գնաճի ցուցանիշի մասին, որը հունվար-հոկտեմբերին կազմել է 2.8%՝ մեր զրուցակիցն ասաց. «Երկու խոշոր գործոն կա՝ մեկը նա է, որ համաշխարհային շուկայից գնաճի ճնշումները մարել են, այսինքն՝ քովիդից և ռուս-ուկրաինական պատերազմից հետո եղավ մեծ գնաճի ալիք, որը հետո մարեց: Եթե զարգացած երկրներում գնաճերն արդեն մինչև 10%-ի էին մոտեցել, այսօր արդեն 3-4% են, մյուս  կողմից միջազգային ապրանքային շուկաներում գներն էլ էականորեն նվազել են, բնականաբար՝ դա նաև չի շրջանցում մեր տնտեսությունը, մենք դրսից ստանում ենք գնանկումային ճնշում: Մյուս կողմից մենք ունենք փոխարժեքի 15%-ի չափ արժևորում և դա էլ իր հերթին գների նվազման է հանգեցնում: Իհարկե, մեզ մոտ կա նաև դեռևս պահպանվող որոշակի ներքին գնաճային ճնշում, որովհետև մեր տնտեսությունում 50-100 հազար նոր գնողունակ պահանջարկ ներկայացնող անձինք են հայտնվել, ովքեր ապրանքների պահանջարկի ծառայություն են ներկայացնում և նաև իրենց մուլտիպլիկատիվ ազդեցությունը տարածվում է տնտեսությունում և պահանջարկը բարձրացնում է, բայց, ամեն դեպքում՝ առաջին նշածս երկու գործոնները դեռևս նշանակալի են: Առաջին երկու գնանկումային գործոնները փոխհատուցվում են ներքին տնտեսությունից եկող գնաճային գործոնով և դրա արդյունքում այս պահին գնաճը զրոյական է»:

Խոսելով նաև տարեվերջին Կառավարության նախանշած 7% տնտեսական աճի ցուցանիշի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց. «Միանշանակ թիրախավորած ցուցանիշին կհասնեն: Հունվար-սեպտեմբերին 9%-ը գերազանցող ցուցանիշ ունենք, իսկ այն ցուցանիշը, որը երեկ հրապարակվեց՝ ամսական զարգացումներով 6% էր, եթե այդպիսին լինեն նաև նոյեմբերի և դեկտեմբերի ցուցանիշները, ապա 7%-ը գերազանցող ցուցանիշ կունենանք»:

 

Աննա Բզնունի

29 Նոյեմբեր, 2023 14:49
Վեր