Շուն և կատու պահող քաղաքացիներին նոր պահանջ քաղաքապետարանի կողմից

Երևանում ընտանի կենդանիների պահման կանոններում կատարած փոփոխությունների համաձայն, շուն և կատու պահող քաղաքացիները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը մանրամասնել է նշված որոշումը։ Ըստ այդմ, շուն կամ կատու պահող քաղաքացին պետք է իր կենդանու համար ձեռք բերի անասնաբուժական անձնագիրը, ինչպես նաև նույնականացման համարը, որը կատարվում է միկրոչիպի տեղադրմամբ կամ դաջվածքի միջոցով: Այնուհետև քաղաքացին այդ տվյալները պետք է ներկայացնի իր վարչական շրջանի համապատասխան բաժին՝ ապահովելով կենդանու հաշվառումը էլեկտրոնային շտեմարանում:

Ըստ Նազարյանի՝ պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին կտուգանվի 5 հազար դրամի չափով:

«Ասեմ, որ, իհարկե, փոփոխված կանոններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 1-ից, սակայն քաղաքացիներին կտրվի խելամիտ ժամկետ, որպեսզի հնարավորություն ունենան բոլոր գործընթացներն անցնել»,- ասաց Գևորգ Նազարյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցչի դիտարկմամբ՝  որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ, նույնականացումը կօգնի արագ գտնել փողոցում հայտնված կենդանու տիրոջը: Պատվաստման պահանջը կնպաստի հիվանդությունների տարածման ռիսկի նվազեցմանը: Վերջնական նպատակն, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է: Ընդհանուր այս գործընթացում նա կարևոր բաղադրիչ է համարեց նաև թափառող շների խնդրի լուծումը՝ ասելով, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու:

«Մենք ունենք մի իրողություն, երբ տարիներ շարունակ աշխատել ենք կենդանիների թվաքանակի նվազեցման ուղղությամբ, սակայն արդյունքներն էական չեն եղել: Կենդանիների թվաքանակը կամ ամեն տարի նույնն է մնացել, կամ ավելացել է: Այս առումով ասեմ, որ, միջազգային փորձը հաշվի առնելով, որդեգրել ենք ստերջացման ու կատաղության դեմ պատվաստման մոտեցումը:Դեռ ժամանակ է պետք արդյունքները տեսնելու համար, կենդանիների թվաքանակը միանգամից չի պակասում: Կարծում եմ, առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում նկատելի արդյունքներ կունենանք այս ոլորտում»,- ընդգծեց Գևորգ Նազարյանը:

Ակնկալել, որ մեկ օրում հրաշք տեղի կունենա և բոլոր խնդիրները կարգավորվեն,ըստ Նազարյանի,թերևս, սխալ է։ Նա կրկնեց, որ սա փուլային կարգավորման մոտեցում է, և ըստ այդմ ընթացքում կանոնները կվերանայվեն։

Նազարյանի դիտարկմամբ՝ իրականում տնային կենդանիների մասով բարեփոխումների առաջին քայլն այն էր, որ նախ ՀՀ-ում ամրագրվեց, որ տնային կենդանիների նկատմամբ պետք է դրսևորվի պատասխանատու վերաբերմունք և դաժան վերաբերմունքը պետք է իսպառ բացառվի, ինչի վերաբերյալ  քրեական օրենսգրքով նախատեսվեց նաև պատասխանատվություն։  

 

12 Հոկտեմբեր, 2021 14:32
Վեր