«Սամակատներից» մինչև «Հայաքվե»՝ կեղծ հայրենասիրական տապալված զբոսանք Zarkerak - «Սամակատներից» մինչև «Հայաքվե»՝ կեղծ հայրենասիրական տապալված զբոսանք
Zarkerak Zarkerak - «Սամակատներից» մինչև «Հայաքվե»՝ կեղծ հայրենասիրական տապալված զբոսանք
«Սամակատներից» մինչև «Հայաքվե»՝ կեղծ հայրենասիրական տապալված զբոսանք

«Սամակատներից» մինչև «Հայաքվե»՝ կեղծ հայրենասիրական տապալված զբոսանք

Այս տարվա ամռանը մի խումբ քաղաքացիներ առաջարկեցին  քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաք անցկացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում էին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նախաձեռնությանը միացել էին նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, այսօրվա խոհրդարանական ընդդիմությունը, նրանց հարող ուժերն ու անհատները։

«Հայաքվե» նախաձեռնությունը մոտ երկու ամսվա ընթացքում հավաքեց օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի ստորագրություն։ Օրենսդրական նախաձեռնությունը շտապեցին ողջունել նաև Արցախի ԱԺ խմբակցությունները, որոնց, դեռևս հուլիս ամսին, տարածած հայտարարությունում նշված էր․ «Հայաստանի և Արցախի կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում․․․»

Ստորագրահավաքն ավարտվեց օոգոստոսի 19-ին, սակայն դրանից հետո Արցախի շուրջ իրավիճակը կտրուկ փոխվեց և փոխվեց հիմնականում այն ուժերի մեղքով, որոնց սատարում և ծափահարում էին «Հայաքվե» նախաձեռնության իրական հովանավորները՝ Հայաստանի նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչները և խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը։

«Հայաքվե» ստորագրահավաքից մոտ երկու շաբաթ անց, հայտնի ուժերի ճնշմամբ Ստեփանակերտում իշխանությունը փոխվեց, և Արցախի կառավարումը ստանձնեցին այն ուժերը, որոնց անվերապահ աջակցություն էին հայտնում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, ՀՀ նախկին նախագահնները, նրանց աջակցող գործիչներն ու քաղաքական ուժերը։

Սեպտեմբերին, Արցախում մի խումբ արկածախնդիրների աջակցությամբ Արցախի իշխանական աթոռներին բազմածները՝ «Հայաքվե» ստորագրահավաքի ավարտից ուղիղ մեկ ամիս անց վերջակետ դրեցին Արցախի Հանրապետությանը։ Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում կանխել պատրաստվող ուժերն ու անհատները ադրբեջանական Եվլախում ստորագրեցին Արցախն հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը։  

Ուշագրավ է, որ այս ընթացքում «Հայաքվե» նախաձեռնությանն ու ստորագրահավաքին միացածները, որևէ թթու խոսք չեն ասել այն անձանց հասցեին, որոնք վերջ դրեցին Արցախին և ստորագրեցին այնպիսի փաստաթուղթ, որը վտանգի տակ դրեց նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության համար ստորագրողները՝ փոխանակ պարզաբանումներ ստանային նաև Արցախն Արդբեջանին հանձնելու օպերացիայի գլխավոր հովանավոր Ռուսաստանից՝ հակառակը դիմել էին Ռուսաստանին՝ Հայաստանում իշխանությունը զավթելու աջակցություն ստանալու խնդրանքով, որի մասին վերջերս բարձրաձայնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Այսօր Հայաստանի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվում էր «Հայաքվե» նախաձեռնության օրենսդրական առաջարկը: Զուգահեռ, նախագիծն ընդունելու պահանջով, ԱԺ շենքի մոտ ակցիա էր նախաձեռնվել, որին ներկա էին «Հայաքվե» ստորագրահավաքին մասնակցած ավելի քան 50 հազար քաղաքացիներից ընդամենը մի քանի տասնյակը։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր հայտարարել է, որ եթե իրենց նախագիծը չընդունվի, խնդիրը պետք է լինի այս կառավարությունից ազատվելը։ Չալաբյանն իրականում նոր բացահայտում չի արել։ Նա, ընդամենը հերթական անգամ բարձրաձայնել է «Հայաքվե» նախաձեռնության իրական նպատակը։ Արցախի և Հայաստանի փրկության անվան տակ իրականում քողարկված է եղել նախկին իշխանությունների ռևանշի գաղափարը,  հանուն Արցախի լոզունգով իշխանության գալու նպատակը։ Հակառակ պարագայում՝ «Հայաքվեն» սեպտեմբերի 20-ին և դրանից հետո պետք է օր ու արև չտար այն անձանց, որոնց առջև բացվեցին դեպի Եվլախ տանող շրջափակված Արցախի դարպասները։ Մինչդեռ, այդ մարդիկ Արցախի հանձնումից հետո ապահով տեղափոխվեցին Հայաստան։

Թերևս, այսպես է ստացվում, երբ մարդիկ 30 տարի ռեալ շանս ունեին Արցախը փրկելու համար, սակայն այդ շանսն օգտագործեցին ոչ թե Արցախը, այլ սեփական իշխանությունը պահելու համար, իսկ, երբ արդեն իշխանությունը կորցրեցին՝ սկսեցին Արցախի փրկությունը փնտրել Երևանի կենտրոնում «սամակատներ» վարելով, հետո պատերին Արցախի փոքր դրոշներ փակցնելով և վերջում «Հայաքվե»-ով։

Մկրտիչ Իսրայելյան   

04 Դեկտեմբեր, 2023 14:02
Վեր