Լուծման տարբերակը շուկաների դիվերսիֆիկացիան է. որոնք են Վերին Լարսում իրավիճակի սրացման պատճառներն ու Լարսից կախվածությունը վերացնելու ուղիները. մասնագետի դիտարկումները Zarkerak - Լուծման տարբերակը շուկաների դիվերսիֆիկացիան է. որոնք են Վերին Լարսում իրավիճակի սրացման պատճառներն ու Լարսից կախվածությունը վերացնելու ուղիները. մասնագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Լուծման տարբերակը շուկաների դիվերսիֆիկացիան է. որոնք են Վերին Լարսում իրավիճակի սրացման պատճառներն ու Լարսից կախվածությունը վերացնելու ուղիները. մասնագետի դիտարկումները
Լուծման տարբերակը շուկաների դիվերսիֆիկացիան է. որոնք են Վերին Լարսում իրավիճակի սրացման պատճառներն ու Լարսից կախվածությունը վերացնելու ուղիները. մասնագետի դիտարկումները

Լուծման տարբերակը շուկաների դիվերսիֆիկացիան է. որոնք են Վերին Լարսում իրավիճակի սրացման պատճառներն ու Լարսից կախվածությունը վերացնելու ուղիները. մասնագետի դիտարկումները

Վերին Լարսի «թնջուկը» շարունակում է չլուծված մնալ։ Ու արդեն տասնյակ տարիներ։ Թե ՀՀ-ն ինչ տնտեսական հետևանքներ է ունենում ճանապարհի  հետ կապված խնդիրների հետևանքով՝ թերևս ավելորդ է նշել։ Հիշեցնենք, որ այս պահին դա միակ ցամաքային ճանապարհն է,որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Բեռնափոխադրողների համար այս ճանապարհն արդեն տարիներ շարունակ կապված է ռիսկերի հետ. ձմռանը ճանապարհը փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով, իսկ ամռանը սելավներ են լինում։ Անցակետի ցածր թողունակության ֆոնին դա իսկական դժբախտություն է դառնում բեռնատարների վարորդների և բեռնափոխադրող ընկերությունների համար:

Վերջին շրջանում Լարսում իրավիճակը նորից բարդացել է: Եղանակի պատճառով անցակետը պարբերաբար փակվում է։ Մի քանի օր առաջ իրավիճակն ավելի թեժացավ այն պատճառով, որ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող շուրջ 1700 բեռնատարներ օրեր շարունակ մնացին հերթի մեջ, քանի որ ռուսական կողմը բեռների մի մասը հետ էր ուղարկում՝ ընդգծելով հիմնականում փաստաթղթային խնդիրները: Շահագրգիռ բոլոր կողմերից տրվեցին և տրվում են տարբեր գնահատականներ խնդրի վերաբերյալ,հնչեցին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ 

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, որն է ՀՀ անելիքը, ինչո՞ւ արտահանող ընկերություններն այլ շուկաներ չեն նախընտրում և ի վերջո՝ ո՞րն է լուծման ճանապարհը, Zarkerak.am-ը այս հարցերի շուրջ փորձեց զրուցել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

Գագիկ Մակարյան

«Պետք է թունելներ կառուցվեն, որոնք արդեն ընթացքի մեջ են, անցակետերն ավելացվեն, այս դեպքում ծառայությունների սպասարկման որակը կբարձրանա: Վերին Լարսում վերջին մեկ ու կես տարում իրավիճակի սրացումը կապված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով, քանի որ Սև ծովի ավազանը սկզբունքորեն օգտագործելի չի, հետևաբար արդեն և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը բեռներ ուղարկում են այդ ճանապարհով: Այս պատճառով խնդիր առաջացավ, սա օբյեկտիվ պատճառներից մեկն է: Այս խնդիրը լուծելի է, որովհետև երբ պատերազմը դադարի, Սև ծովն օգտագործվի, անցակետերն ավելացվեն և թունելը կառուցվի՝ իրավիճակը կլավանա»:

Մակարյանի խոսքով՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատճառներից մեկը կլիմայական պայմաններն են. «Այս խնդիրների լուծումը նորից թունելներով շրջանցելն է, այսինքն՝ բարդ ճանապարհները քչացնելն է և թունելներով ավելի կարճ դարձնելը: Հիմա առավել ևս Ռուսաստանին ձեռնտու է վրացական կողմում թունելի կառուցումը: Իհարկե, մինչև աշխատանքները սկսեցին երկար ժամանակ պահանջվեց, կարծում եմ՝ հաջորդ տարի նոր այն կավարտվի: Այս ամենից բացի կա ևս մի օբյեկտիվ պատճառ, որը նաև հաճախ սուբյեկտիվ է դառնում:

Օբյեկտիվ պատճառ կարող է լինել օրինակ՝ Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խստացումները և լրացուցիչ ստուգումները, որոնք մենք հիմա տեսնում ենք: Ռուսաստանը շատ հանգիստ ասում է, որ նամակներ գրել և զգուշացրել է, որ վերջին շրջանում նկատել են, որ հայկական բեռների մեջ սկսել են սննդի անվտանգության պահանջները չապահովվել, հիմնականում դրանք կարող են տեղի ունենալ ոչ ճիշտ վերամշակումից, կարող են լինել ոչ ճիշտ լաբորատոր ստուգումներ և այլն: Կարող է 30 տնտեսվարողի մեջ երկուսը հանկարծ անբարեխիղճ լինեն և բոլորի վրա դա ազդի, ընդ որում՝ կաթնամթերքի հետ կապված այդպիսի խնդիր եղավ: Երկիրն իր ժողովրդի անվտանգության համար կարող  է պահանջները խստացնել: Մեր Սննդի անվտանգության տեսչությունը և Էկոնոմիկայի նախարարությունը ներդաշնակ չեն համագործակցում և հաճախակի բավարար չափով իրենց ծառայությունների որակը չեն բարձրացնում: Եթե իրենք ՌԴ-ից գրությունները ստացել էին, պետք է ուշադիր լինեին, տեսնեին, թե ռուսական կողմն ինչ հարցեր է բարձրացնում, պետք է այնպես անեն, որ ՀՀ-ի հեղինակությունը չվնասվի»:

Անդրադառնալով խնդրի սուբյեկտիվ պատճառին՝ մեր զրուցակիցն ասաց. «Սուբյեկտիվ լինում է այն դեպքում, երբ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են քաղաքական կոնտեքստ տալ այդ ստուգումներին, այսինքն, եթե նույնիսկ ստուգումներ չէին էլ պլանավորել, հիմա կարող են խստացնել, կարող են փակել ժամանակավորապես: Օրինակ՝ կաթնամթերքի խումբը քանի ամիս արգելվեց, կոնյակը ստուգվեց, հետո նորից թույլ տվեցին, հիմա այստեղ: Ես չեմ բացառում, որ այս քայլը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ»:

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Վերին Լարսում տիրող իրավիճակն ունի քաղաքական ենթատեքստ՝ ասաց. «Չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»:

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան էլ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով խնդրին՝ հայտարարեց.  «Այս իրավիճակը լավ առիթ, որ բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ»:

Մակարյանի կարծիքով էլ՝ Հայաստանի կողմից լուծման տարբերակը պետք է լինի շուկաների դիվերսիֆիկացիան. «Մենք անընդհատ ոչ թե մի ուղղությամբ պետք է երթևեկենք, այլ ունենանք այլ ուղղություններ: Ինչպես տեսանք լաստանավի ծրագիրը հաջողությամբ չպսակվեց: Ես բազմիցս եմ առաջարկել, որ ավիաբեռնափոխադրումների մասին պետք է մտածել, որովհետև այդ դեպքում արդեն մենք որևէ մեկից կախված չենք լինի, մեր օդանավակայանից անմիջապես ինքնաթիռը կուղևորվի այն ուղղությամբ, որը մեզ հարկավոր է, պետությունը կարող է սուբսիդավորել, հավաքական բեռներ կդրվեն, միանգամից կարելի է 5 ֆուռի ծավալ տեղափոխվել մի քանի ժամում և այլն»:

Մեր այն հարցին, թե արդյոք ավիափոխադրումները թանկ չեն լինի ընկերությունների համար՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն ասաց. «Մինչև քովիդն ավիափոխադրումները թանկ էին, դրա մասին խոսելը բարդ էր, հիմա շատ ձեռնտու է դարձել, կարող է էլի սուբսիդավորման հարց լինի, նայած որ ուղղությունով ինքնաթիռը կգնա, ավելի լավ է թեկուզ մի քիչ թանկ, բայց որակով, որովհետև այդ ապրանքը չի փչանա և ժամանակին կհասցվի նախանշված վայրը:

Շուկան գրավում են ոչ միայն էժան գնով, այլ նաև ճիշտ մատակարարումով: Ճիշտ կլինի, որ ՀՀ-ն միջազգային կառույցների առաջ խնդիր դնի, որ Հայաստանի համար ստեղծվի արտահանման օդային լոգիստիկ կենտրոն, լինեն տարբեր չափերի ինքնաթիռներ, լինեն փաթեթավորման հնարավորություններ, և մենք կարողանանք օդային ճանապարհով գնալ, այդտեղ մենք կշահենք և շատ շուկաներ կգրավենք, հետո արդեն կսկսենք զուգահեռ մտածել նաև այլ ճանապարհների մասին: Այսօր մեր աշխարհագրական դիրքի պատճառով  մենք կպել ենք Վերին Լարսի պոչից և դուրս գալ չենք կարողանում»:

Մակարյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու է մեր տնտեսությունը շարունակում կախված մնալ հիմնականում ՌԴ-ից. «Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների շուկան պատմականորեն հեշտ է եղել Հայաստանի համար, որովհետև դեռ Սովետական Միության ժամանակներից ընկերությունները կապեր են ունեցել, այդ երկրի քաղաքները, տարածքները ճանաչել են, ռուսերեն են իմացել, մշակույթների որոշակի նմանություն կա, դրանք օգնել են, որ բիզնեսը հատկապես գնա դեպի Ռուսաստան: Օտար երկրներում այլ մշակույթ է, այնտեղ գնալու համար պահանջվում է այլ կրթություն, պետք է կարողանաս անգլերեն խոսել, ավելի շատ ծախսեր կատարել: Եվրոպական երկրներ գնալը նաև շատ խնդրահարույց է այն առումով, որ բարդացել է վիզաներ ստանալը, այսինքն՝ սահմանափակվել են բիզնեսի հնարավորությունները»:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ նա է, որ ընկերությունների մոտ կա բարոյական կաշկանդվածություն. «Ռուսական շուկայում նրանք կարողանում են լեզու գտնել, իրենք իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, բայց օտար երկրում նրանք իրենց ուղեկցող, օգնող չունեն, պետք է մենակ հաղթահարեն այդ ճանապարհը, նրանք գիտեն նաև, որ այդ երկրներում էլ ավելի խիստ են պահանջները, պետք է ապրանքներն ավելի որակյալ լինեն»:

Մակարյանը շեշտեց, որ պետությունն էլ այստեղ շատ անելիք ունի. «JSP համակարգ կա հինգ երկրների համար՝ ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա, Շվեյցարիա և Դանիա, 3500 ապրանքներ թույլատրվում է ցածր մաքսատուրքով կամ առանց մաքսատուրքի արտահանել այդ երկրներ: Օրինակ՝ ինչու հենց այս երկրներ արտահանումն ավելի շատ չենք կազմակերպում, ինչու JSP ձևակերպմամբ բրոկերների ինստիտուտ չեն զարգացնում, որ դրանք օգնեն բիզնեսներին, որ նրանք շատ հեշտ կարողանան, JSP համակարգն օգտագործելով ապրանքներ արտահանել այդ հինգ երկրներ: Նախարարությունը պետք է այս հարցերի շուրջ աշխատի»:

Անդրադառնալով այլ երկրներ ապրանք արտահանելու հետ կապված սերտիֆիկատ ունենալու խնդրին՝ Մակարյանն ասաց. «Արաբական երկրներ մսամթերք, սննդամթերք արտահանելու համար պետք է ունենալ «Հալալ» սերտիֆիկացում: Իրաք, Սիրիա, Իրան, Քաթար՝ այս երկրներում տարբեր հավատարմագրման ձևեր կան, պետք է պետությունն օգնի, որ այդ հավատարմագրումներին ընկերությունները տիրապետեն: Սերտիֆիկացնող մարմինների ներկայացուցչություն Հայաստանում չկա, ռուսական ինչ-որ ընկերություն կա, որ 4 հազար դոլար է առաջարկում մեկ տարով սերտիֆիկացում անելու համար, որը թանկ է, ամեն ընկերություն ի վիճակի չէ այդքան վճարել և մեկ տարվա համար ստանալ սերտիֆիկատ»:

Մակարյանը նշեց, որ շատ դեպքերում սերտիֆիկատ չունենալու դեպքում մեր ընկերությունները դիմում են նաև այլ ճանապարհի. «Մեր արտադրողների մի մասը ձևական թղթեր է ձեռք բերում՝ այդ թվում նաև ՌԴ-ից շատ էժան գնով, տեսչությունն էլ որ բավարար չափով չի ստուգում, չի իրազեկում, իրենք էլ մտածում են, թե կա՛մ դա պետք չի, կա՛մ արտահանելուց կարող է պետք չգալ»:

Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ այնուամենայնիվ՝ ճիշտ չէ, որ մեր տնտեսությունը կախված է միայն մեկ պետությունից. «Օրինակ՝ մեր գյուղատնտեսության կախվածությունը ՌԴ-ից շատ մեծ է, բոլոր պահածոները, հյութերը, չրերն արտահանվում են Ռուսաստան, հիմա, եթե մեր գյուղատնտեսության հաջողությունը կախված է մի պետությունից, դա կրիտիկական երևույթ է, պիտի դիվերսիֆիկացնել: Պետություն-մասնավոր համագործակցությունը պետք է աշխատի»:

 

Աննա Բզնունի

04 Դեկտեմբեր, 2023 15:44
Վեր