Գիտեինք, որ պետք ենք արցախցիներին, էլ ո՞վ, եթե ոչ մենք․ գորիսեցի կամավորներ 17-ամյա Վահագնի և բժշկուհի Աիդա Հարությունյանի փոքրիկ օրագրերի չավարտվող պատմությունը․ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է Zarkerak - Գիտեինք, որ պետք ենք արցախցիներին, էլ ո՞վ, եթե ոչ մենք․ գորիսեցի կամավորներ 17-ամյա Վահագնի և բժշկուհի Աիդա Հարությունյանի փոքրիկ օրագրերի չավարտվող պատմությունը․ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է
Zarkerak Zarkerak - Գիտեինք, որ պետք ենք արցախցիներին, էլ ո՞վ, եթե ոչ մենք․ գորիսեցի կամավորներ 17-ամյա Վահագնի և բժշկուհի Աիդա Հարությունյանի փոքրիկ օրագրերի չավարտվող պատմությունը․ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է
Գիտեինք, որ պետք ենք արցախցիներին, էլ ո՞վ, եթե ոչ մենք․ գորիսեցի կամավորներ 17-ամյա Վահագնի և բժշկուհի Աիդա Հարությունյանի փոքրիկ օրագրերի չավարտվող պատմությունը․ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է

Գիտեինք, որ պետք ենք արցախցիներին, էլ ո՞վ, եթե ոչ մենք․ գորիսեցի կամավորներ 17-ամյա Վահագնի և բժշկուհի Աիդա Հարությունյանի փոքրիկ օրագրերի չավարտվող պատմությունը․ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է

Աջակցել ու օգնել անշահախնդիր, ձեռք մեկնել օգնության կարիքն ունեցողին՝ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է։  

Ավելի քան երկու ամիս առաջ Կոռնիձորի սահմանային անցակետում, Գորիսի հրապարակում, թատրոնում, փողոցներում  Արցախից բռնի տեղահանվածներին գիշեր ու ցերեկ  դիմավորելիս, օգնելիս, աշխատանքային ժամերից դուրս  մասնագիտական պարտքը կատարելիս, ցանկացած մեծ ու փոքր հարցում աջակցելիս կամավորներ Հայկական կարմիր խաչի 17-ամյա կամավոր Վահագն Պողոսյանը ու «Գորիսի բժշկական կենտրոնի» Շտապօգնության բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Աիդա Հարությունյանը և նրանց նման շատ-շատերն անգամ ժամանակ չեն ունեցել մտածելու իրենց աշխատանքի ծանրության ու հոգնածության մասին։

Zarkerak.am-ն օրվա շրջանակում զրուցել է բժշկուհի Հարությունյանի  և Վահագնի հետ՝ կամավորական աշխատանքի  կարևորության, ապրումների ու չմոռացվողի մասին։  

Արցախցիների «դոկտոր» Աիդան՝  հասցնել լինել ամեն տեղ ու ամեն պահի

«Ապրես աղջիկ ջան։ Էս ի՜նչ սիրուն աղջիկ է, է՜ս ինչ ուժեղ տղա է, իսկական արցախցի ծնվեց»,- «Գորիսի բժշկական կենտրոնի» Շտապօգնության բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ 63-ամյա բժշկուհի Աիդա Հարությունյանն արցախցիների բռնի տեղահանության օրերին մի կողմ էր դրել իր աշխատանքային ֆիքսված ժամերն ու պարտականությունները, աշխատում էր դրանցից դուրս։ Լավ գիտեր՝ պետք է հայրենիքի մի մասից մյուս մաս եկող հայրենակիցներին ու հատկապես այն կանանց, ովքեր հենց այդ օրերին էին ծննդաբերում։

«Մեր առաջին ծննդկանը Գայանեն էր, Արփինեին էլ եմ հիշում, Սևադային էլ եմ հիշում։  Գորիսում բռնի տեղահանության այդ ծանր օրերին 5-6 ծնունդ ենք ունեցել»,- պատմում է բժշկուհի Հարությունյանը։  

Աիդա Հարությունյան

1989թ-ից «Գորիսի բժշկական կենտրոնում» աշխատող Հարությունյանն իր աշխատանքային կենսագրության մեջ և՛ Արցախյան առաջին պատերազմն է տեսել, և՛ 44-օրյա պատերազմը, բայց բռնի տեղահանության օրերն աշխատանքի ծավալներով շատ ծանր էին․ «Օգնության էինք հասնում բոլորին՝ գիշեր-ցերեկ։ Եվ Կոռնիձորում էինք լինում, և Գորիսի հրապարակում, և բոլոր այն տեղերում որտեղից շտապօգնությունը կանչ էր ստանում։ Օր կար, որ Կոռնիձորից  65-70 կանչ ենք ստացել։ Գորիսի թատրոնի դիմաց էլ նույն վիճակն էր՝ հոգնած, հյուծված մարդիկ, ովքեր բժշկի կարիք ունեն, նրանց մեջ տարբեր առողջական խնդիրներով ծերեր կային, ջերմությամբ ու անգինայով երեխաներ»։

Բժշկուհի Հարությունյանի համար ֆիզիկական դժվարությունները հաղթահարելի էին՝ թե՛ բաժանմունքում երբեմն մենակ աշխատելը, թե օրական մի քանի տասնյակ մարդու բուժօգնություն ցույց տալը, թե գիշերը չքնելը՝ հիվանդանոցի մի ծայրից մյուսը շտապելով, բայց  հոգեկան ապրումներն առ այսօր հաղթահարել չի կարողանում, մեր զրույցի ընթացքում էլ հուզմունքը զսպել երբեմն չի ստացվում․ «Դեպք ենք ունեցել, որ մեզ մոտ 27 շաբաթական հղի  կին են բերել՝ վթարից տուժած, մեզ մոտ ծննդաբերել է, տեղափոխել են Երևան, երեխան երկու օրից մահացել է։ Դեպք է եղել, որ  Մարտակերտից մեկ օրական նորածին են բերել՝  ջերմության մեջ․ պատկերացրեք ծնվել է՝ 2 կգ 850 գրամ քաշով, մեկ օրում հյուծվածությունից քաշը 600 գրամ իջել է, բայց փրկվեց։ Հայրն էլ 44-օրյայի ժամանակ երկու ոտքն էր կորցրել․․․։

Իմ հերթապահության ժամանակ մի տղամարդու հանդիպեցի 2-3 օր ոչ մի բան չէր կերել, պարբերաբար հիշողության կորուստ  էր ունենում, այլայլված վիճակում էր․ Արցախում բենզինի պայթյունից հետո երկու որդիներից տեղեկություն չուներ, ճանապարհին էլ հարսին ու թոռներին էր կորցրել։ Լեոնիդ էր անունը․․․»։

Արցախցիների շրջանում արդեն հայտնի «դոկտոր» Աիդան՝ մեկ հրապարակում ճնշում էր չափում, մեկ՝ կանչով հասնում Կոռնիձոր, մեկ՝ նոր ծնված փոքրիկի մոտ գնում, մեկ էլ հոգեբանի դեր ստանձնում իր քաղցր ու հուսադրող խոսքի  կարիքն ունեցողների համար․ «Այդ օրերին շուրջ 350 հիվանդ ենք ընդունել։ Մշտական մի անհանգստություն ունեի, միայն թե մեզ մոտ եղած արհեստական շնչառության սարքերը նորածիններին բավարարեն։ Եվ որպես բժիշկ, և որպես մարդ ծանր ապրումների մեջ եմ եղել։ Բայց գնում էի, սիրտ էի տալիս, մեկի ձեռքը բռնում, մյուսի կողքին նստում։  Մեկն ասում էր՝ 6 երեխուս համար 6 տուն եմ սարքել կորցրել եմ, ասում էի՝ կուզե՞իր 6 տունդ մնար, ընտանիքդ չլիներ․ դեռ ոտքի կկանգնես»։

Բժշկուհի Հարությունյանը հետ է նայում ու զարմանում՝ ինչպես հաղթահարեցին անվերջանալի թվացող օրերը․ «Երբ ֆիզիկապես հոգնում էի, միայն մի միտք կար՝  ես մարդկանց պետք եմ ու ոնց որ այդ մտքից բնությունն էլ ուժ տար։ Դրա համար էլ աշխատում էի անմնացորդ, բայց կողքից նայելով մեր շտապօգության 4 բրիգադների հսկայական կամավոր աշխատանքին, որը ես էի կոորդինացնում, մտածում էի՝ այս ամենն ինչպե՞ս ենք  հասցնում»։

Աիդա Հարությունյանն ասում է, որ կամավոր աշխատանքում մի սկզբունքով է առաջնորդվել․«Ով՝ եթե ոչ ես, ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ գնա։ Ես պետք է ստանձնեմ պատասխանատվությունը, եթե այս բնագավառի աշխատակից ես այլ տարբերակ չկա։ Մենք մեր պարտքն ենք կատարել, բայց մենք էլ շնորհակալ էինք, որ գնահատել են արվածը։  Երբ արածդ գնահատվում է, դու էլ ավելի ձիգ ես աշխատում՝ չնայած դժվարություններին ու ապրումներին»։

Բժշկուհի Աիդա Հարությունյանը աշխատանքային բազմազբաղ առօրյայում չի մոռանում իր օգնությամբ ծննդաբերած կանանց ու փոքրիկ արցախցիներին ։ Գուցե էլ երբեք չտեսնի այն կանանց, որոնց մայրական քնքշանքով ու մասնագետի զգոնությամբ օգնել է երեխային լույս աշխարհ բերել, բայց․ «Կարևորն իմանամ լավ են, այնպիսի օրեր ենք ապրել, որ ոչ իրենք կմոռանան, ոչ էլ մենք»։

Մեկի համար թոռնիկ, մյուսի համար եղբայր, մեկ ուրիշի համար էլ նոր գտած բարեկամ

«Ձեռքդ մեկնում ես, երեխային քաղցրավենիք ես տալիս, երեխան նայում է աչքերիդ մեջ ու ամաչելով հարցնում՝ խի սենց բաներ հլը կա՞ն, կարելի ա՞ օտել։ Ասում ենք՝ հա բա ոնց, ձեզ համար է ամեն ինչ։ Զարմացած մեզ վրա են նայում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում կամավոր, Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտ Վահագն Պողոսյանը Արցախից բռնի տեղահանության օրերին Կոռնիձորում, Գորիսում տեսածի ու ապրածի մեջ հենց այս դրվագն է առանձնացնում։

Վահագն Պողոսյան

Վահագնն  ասում է ՝ շատ ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ ինքն անպայման պետք է կամավորություն անի․ «Տեղահանության օրերին կամավորական աշխատանքն իմ առաջին փորձը չէր․1,5 տարի  է արդեն համալրել եմ Հայկական Կարմիր խաչի կամավորների շարքը։ Բայց  այդ օրերին կամավորությունը շատ ուրիշ էր։ Երբ տեսնում էիր մարդկանց ծանր վիճակում, հասկանում էիր, որ պիտի իրենց օգնես այդ դժվար պահին, դու կարող ես օգնել»։

Հիմա այդ օրերը հիշելիս մեր զրուցակիցը դրվագ առ դրվագ պահեր է մտաբերում՝ Կոռնիձորից Գորիս,Գորիսից Կոռնիձոր ճանապարհը «ջրի ճամփա» էին սարքել բռնի տեղահանվածներին դիմավորելու առաջին օրը․ «Կոռնիձորի անցակետի բացումից մինչև վերջին օրն այնտեղ ենք եղել, անցակետում Հայկական Կարմիր խաչի  կամավորներս առաջին օրը 5-6 հոգի էինք՝ հենց Գորիսից։ Մենք գիտեինք, որ մեզ մոտենալու են մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ․ սկզբում  անհանգստություն կար, թե ինչ է հիմա կատարվելու, այդ պահին շփոթմունք էլ կար։ Բայց հենց այդ պահերին հիշում էի, որ մենք հոգեբանական պատրաստության դասեր ենք անցել ու պատրաստ էինք օգնել անգամ շատ վատ հոգեբանական վիճակում գտնվող մարդկանց, մենք պատրաստ էինք, որ նրանք կարող են ընկճված լինել, մեզ հետ մի քիչ կոպիտ լինել․․․»։

Վահագնն ասում է, որ  այդ օրերին մոտ 500 հոգու հետ անձամբ է շփվել ու մի բան հասկացել՝ բոլորին  ջերմություն ու աջակցություն է պետք՝ մեծից փոքր․«Տարիքով մարդկանց՝ անգամ տղամարդկանց, երբ քաղցրավենիք էինք  հյուրասիրում, ասում էին, էս ամեն ինչը կարող ես գնալ խանութից առնե՞լ։ Ծանր էր այդ պահը։ Երեխաներն  էլ պարզ բաների էին կարոտել, ասենք՝ խաղալուն»։ 

«Ավտոբուսը գալիս էր՝  դիմավորում էինք տարեցներին, ով տեղաշարժման, քայլելու խնդիր ուներ, օգնում էինք, գրկում էինք, անվասայլակ էինք բերում, տեղափոխում էինք Գորիսի թատրոն։ Ընթացքում մոտենում էինք, հարցնում ինչի՞ կարիք ունեն, ես միշտ այս բառերն էի ասում՝ ես պատրաստ եմ լսել, եթե ինչ-որ բան կա, որ կարող եք պատմել ձեր հոգին հանգստանա, պատմեք։ Պատմում  էին, շատ դեպքեր է եղել, որ իրենց հոգին բացել են․․․»,-պատմում է 17-ամյա տղան։

Վահագնն ասում է,որ շատ պատմություններ կան, որոնք մինչև այսօր մոռանալ չի լինում․ «Գորիսի թատրոնում մի  տարիքով մարդ լաց էր լինում։ Մոտիկացա, ասաց,  ընտանիքից առանձին է, ընտանիքը դրսում իրեն է սպասում․ գիշերվա 2-3-ն էր,մեքենա չկար այդ ժամին, ասացի արի քայլելով գնանք փնտրենք։ Իրեն, փաստորեն, տղաներն էին սպասում․ 90-ականներից Արցախում էին ապրում, պատերազմի ընթացքում տանը երկու տղաները մենակ են եղել, ծնողները տանը չեն եղել, մենակ եղած ժամանակ թշնամու 2 զինվոր է մտել տուն, ու վախից նրանք մտավոր խնդիրներ են ձեռք բերել։ Տեսա, որ գիշերվա մթին  նրանք վախեցած վիճակում իրենց հորն էին փնտրում․․․»։

Վահագնն օգնության ձեռք մեկնելիս շնորհակալության չէր սպասում, բայց․ «Մեզ միշտ լավ բառեր էին ասում, օրինակ՝ քաղցրիկ ջան, այդ պահերին քեզ լավ էիր զգում, որ ինչ-որ բանով կարողացել ես օգնել, մենք լավ բառերի չէինք սպասում, բայց անգամ այդ վիճակում, իրենք մեր կամավորության համար շնորհակալություն էին հայտնում»։

Վահագնին կամավորական աշխատանքում հուզմունքի պահեր էլ են ուղեկցել․ « Բայց սառնասրտությունը նման իրավիճակներում շատ լավ բան է, որ հասկանաս, որ այդ վիճակում  թուլությունը ոչինչ չի տալու, պետք է միշտ ամուր լինել։  Տեսածս  ձգտում էի սրտիս շատ մոտիկ չընդունել, որովհետև հասկանում էի՝ հետո դա ինձ վրա շատ է ազդելու։  Հիմա արդեն հասկանում եմ, որ դեպքեր կան, որ մտքիցս դուրս չեն գալիս։ Մի տատիկ-պապիկ կային, որ 2-3 օր Գորիսի թատրոնում էին, իրենց ամեն օր գնում էի, օգնում էի, պապիկը չէր կարողանում քայլել, անվասայլակով էինք տանում-բերում, վերջին օրը, որ ճանապարհեցինք, մինչև  իրեն ավտոբուսի մեջ նստեցնելը, գրկեց ինձ, լացելով ասաց՝ ապրես»։

Վահագնի համար կամավորական աշխատանքի ողջ իմաստը դիմացինին օգնելն է, անգամ երբ էլ ուժ չունես, հոգնած ես, սոված ու անքուն․ «Եղել է ֆիզիկապես այնքան եմ հոգնել, որ թատրոնում պատից կախված արևի նկար եմ տեսել, ինձ թվացել է առավոտ է, բայց դուրս եմ եկել, պարզվել է գիշերվա երեքն է։ Եղել են օրեր, որ ընդհանրապես տուն էլ չեմ գնացել, մեր կամավորական թիմով էլ չենք քնել, հաց չենք կերել, որովհետև այնքան գործ կար, որ ժամանակ չկար։ Եղել է, որ 48-56 ժամ  չեմ քնել, այսինքն՝ 2-2,5 օր։ Ճիշտ է, տուն քիչ էի գնում, բայց տանեցիների համար դա նորմալ էր, գիտեին, որ դրսում ավելի պետք եմ։ Հետո, երբ տուն էի գնում, ուզում էի ուղղակի երկու ժամ քնել, արագ մի բան ուտել ու հետ վազել․ մեզ սպասում էին արցախցիները»։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

05 Դեկտեմբեր, 2023 13:43
Վեր